Վերջին ժամանակներում, ըստ հոգեբան Դավիթ Ջամալյանի , ստեղծվել է կարծիք, թե թուրքն այլեւս նախկինը չէ, որ նա փոխվել է: «Սակայն, եթե եվրոպական հանդուրժողականության միջավայրում թուրք աշակերտը հեռացվում է դպրոցից Հայոց ցեղասպանության փաստը չընդունելու համար, ապա դա պատահական չէ, այլ նշանակում է, որ թուրքը նույնիսկ Թուրքիայից դուրս ծնված ու մեծացած լինելով չի փոխվել», ասաց պարոն Ջամալյանը:
Ըստ հոգեբանի, օրինակՙ Արգենտինայում ծնված եւ ապրող հայը էականորեն տարբերվում է հայաստանցի հայից, սակայն նույնը չի կարելի ասել թուրքերի պարագայում. «Նրանք չեն մերվում տեղի հասարակությանը, նրանց «վնասակար ազգայնականությունը» անչափ մեծ է,- շարունակելով` բանախոսը նկատեց,- եթե հանդուրժողականության միջավայրում թուրքը չի փոխվում, ապա ինչպե՞ս կարող է փոխվել հենց Թուրքիայում»:
Հայ-թուրքական սահմանի բացումը, սակայն, հոգեբանի կարծիքով անհրաժեշտ է, քանի որ կոմունիկացիոն շփումներն այլ բան են, հասարակական շփումները` մեկ այլ. «Առաջիկա 10-ամյակներում, սակայն, ես չեմ տեսնում շարժառիթներ, որոնց հիման վրա մեր միջեւ փոխադարձ թշնամանքը վերանա, այնուամենայնիվ մենք պետք է շփվենք` տնտեսական շահը առաջ տանելով», շեշտեց բանախոսը:
Հոգեբանը չի ընդունում ընդունված այն տեսակետը, որ թուրք երիտասարդությունը տեղյակ չէ ցեղասպանության փաստին. ըստ Ջամալյանի` դա խիստ չափազանցված մոտեցում է. «Այստեղ շատ կարեւոր է ընտանիքի դերը. տեսեք, հենց Ֆրանսիայում թուրք աշակերտի արտահայտության փաստն այդ մասին է վկայում: Թուրքական այն մոտեցումը, թե արել ենքՙ լավ ենք արել. դուք արժանի էիք, թուրքական կենցաղի գերիշխող կարծիքն է ցեղասպանության մասին: Եթե այդ երեխան ապրեր Թուրքիայում, ապա նա հետո ներողություն չէր խնդրի: Ընդ որումՙ այդ ներողությունն անչափ կարեւոր է, քանի որ թուրքը կհասկանա, որ կոնկրետ Եվրոպայում չի կարելի դրսեւորել բացահայտ մարդատյացություն: Ստացվում է, որ եթե ուզում ենք, որ թուրքը փոխվի, պետք է ստիպել նրան, պարտադրել հանդուրժողականություն», նկատեց բանախոսը:
Իսկ Թուրքիայում ապրող թուրքերի մեջ, Ջամալյանի խոսքերով, կա որոշակի վախ հայերի նկատմամբ, քանի որ «թուրքերը գիտեն, որ ցեղասպանություն են արել, որ իրենք ապրում են հայի տարածքում, եւ որ հայերը կարող են վերադառնալ»: «Ինչ վերաբերում է հայերին, ապա մենք թուրքերի հետ շփման մեջ ունենք զոհի բարդույթ, սակայն շատ ավելի հանդուրժողական ենք, քան նրանք: Իսկ զոհի բարդույթի վերացման միակ դեղամիջոցը մեր պետականության ամրապնդումն է, պետական գիտակցության առաջացումը մեր հասարակության մեջ», ասաց պարոն Ջամալյանը:
Բանախոսը, ռազմական հոգեբանի դիրքերից, մեկնաբանեց նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարությունները: Ըստ Ջամալյանիՙ դրանք ոչ այլ ինչ են, քան հայ հասարակության մեջ պատերազմի վախ առաջացնելու միջոց.«Այդ արտահայտությունների նպատակը դա է, որպեսզի պատերազմը կանխելու համար մեր իշխանությունները ստիպված լինեն գնալ զիջումների բանակցություններում»:
Պատերազմի վերսկսումը Ջամալյանը հնարավոր համարեց միայն երկու գործոնների առկայության դեպքում. նախ, եթե մեր պետականությունն ինչ-ինչ պատճառներով թուլանա, երկրորդՙ եթե աշխարհի ուժի կենտրոններից որեւէ մեկին ձեռնտու լինի այս տարածաշրջանում պատերազմ. «Սակայն ակնհայտ է, որ քաղաքական զարգացումները մեր տարածաշրջանում անհնար են դարձնում պատերազմի վերսկսումը, բացի այդՙ մեր բանակը շատ ամուր է պաշտպանական դիրքերում, եւ հետոՙ Ադրբեջանն ինքը, հաշվի առնելով այս եւ ներքին սոցիալական բազմաթիվ խնդիրները, պատրաստ չէ պատերազմի», վստահեցրեց Ջամալյանը: Իսկ, որպեսզի մենք չտրվենք Ալիեւի «քաղաքական խաբկանքներին», բանախոսի կարծիքով, պետք է տեղեկացված լինենք եւ ունենանք վստահություն, որ ուժեղ բանակ ունենք: «Ընդ որումՙ ադրբեջանական հասարակությունն էլ տագնապներ ունի իր նախագահի հայտարարություններից. նրանց չի բացատրվում, որ պատերազմում հարձակվող կողմը կրկնակի ավելի զոհեր է տալիս, մանավանդ հաշվի առնելով, որ հայկական պաշտպանական դիրքերը շատ ամուր են: Ելնելով այս ամենից` ակնհայտ է դառնում նաեւ, որ Ադրբեջանի դիրքերը բանակցություններում բոլորովին ամուր չեն», եզրափակեց պարոն Ջամալյանը:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ