Սահմանադրական դատարանը նոյեմբերի 17-ին մուտքագրել է հայ-թուրքական արձանագրություններում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմումը: Ըստ Սահմանադրական դատարանի մասին օրենքի, միջազգային պայմանագրերում ամրագարված պարտավորությունների սահմանադրությանը համապատասախանության հարցը լուծելու վերաբերյալ դիմումը Սահմանադրական դատարան ներկայացնում է հանրապետության նախագահը:
«Ազգի» զրույցում Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական վարչության պետ Լիանա Հակոբյանը ներկայացրեց հետագա գործընթացի առանձնահատկությունները:
«Այժմ նշված դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրման փուլում: Մուտքագրումից հետո Սահմանադրական դատարանի նախագահը կհանձնարարի դատարանի անդամներից որեւէ մեկին կատարել դիմումի նախնական ուսումնասիրում: Միջազգային պայմանագրերի առնչությամբ նախնական ուսումնասիրումը պետք է ավարտվի ոչ ուշ, քան դիմումի մուտքագրումից հետո 15-օրյա ժամկետում: Հարկ եղած դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել եւս 10 օրով: Նախնական ուսումնասիրումն ավարտելուց հետո Սահմանադրական դատարանի համապատասխան անդամը զեկուցագիր է ներկայացնում Սահմանադրական դատարանի նախագահին, որտեղ համապատասխան հիմնավորումներով նշում է կա՛մ գործի քննության ընդունման ենթակա լինելը, կա՛մ առանձնացնում գործի քննության մերժելու մասին իր հիմնավորումները», ասաց Լիանա Հակոբյանը
Զեկուցագիրը ստանալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահը 10-օրյա ժամկետում հրավիրում է աշխատակարգային նիստ, որի ընթացքում քննության է դրվում տվյալ դիմումի հիման վրա գործը քննության ընդունելու հարցը: Միեւնույն նիստում, եթե գործը քննության է ընդունվում, նաեւ որոշվում է գործի դատաքննություն սկսելու ժամանակը, եւ գործով նշանակվում է զեկուցող:
«Սահմանադրական դատարանի մասին օրենքի 72-րդ հոդվածի համաձայն, որը սահմանում է նշված գործի քննության առանձնահատկությունները Սահմանադրական դատարանում, դիմումի քննությունը պետք է ավարտվի դիմումը մուտքագրելուց հետո 3 ամսվա ընթացքում: Սահմանադրական դատարանը դիմումը մուտքագրել է նոյեմբերի 17-ին, հետեւաբար գործի քննությունը կավարտվի փետրվար ամսին», ասաց Լիանա Հակոբյանը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ