Նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը «Ֆրութֆուլ Արմենիա» 5-րդ միջազգային համաժողովում
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Ապագա կերտող երիտասարդների գիտելիքներ» խորագրով երեկ բացվեց «Ֆրութֆուլ Արմենիա» 5-րդ միջազգային համաժողովը, որի կազմակերպիչներն են հայտնի գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանն ու Աննա-Քրիստինա Շիրինյանը: Համաժողովում նախատեսվող միջազգային նորարարությունների մրցույթի թեմաները 4-ն են` «Գյուղատնտեսություն եւ գյուղարդյունաբերական արտադրություն», «Առեւտուր եւ մարկետինգ», «Ֆինանսներ» եւ «Ենթակառուցվածքներ»: Այսօր արդեն կամփոփվեն մրցույթի արդյունքները եւ կպարգեւատրվեն հաղթողները: Մրցույթին մասնակցում են 60 երիտասարդներ աշխարհի տարբեր երկրներից: Նշված թեմաներով աշխատանքների համար նախատեսված է 5 մրցանակ, որից 2-ական` խրախուսական, ապա` առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի: Նախատեսված է նաեւ հատուկ մրցանակ:
Համաժողովի բացմանն ունեցած ելույթում վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ նման միջոցառումները նպաստում են տաղանդավոր երիտասարդների կողմից նորարարական եւ նորովի մտածողության ու թարմ գաղափարների բացահայտմանը: Նրա հավաստմամբ, նորարարությունների կիրառման անհրաժշետություն կա հատկապես գյուղատնտեսության ոլորտում: Ըստ Տիգրան Սարգսյանի, Հռոմում անցկացված` ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսական կազմակերպության տարեկան համաժողովում հնչել է շատ կարեւոր գնահատական Հայաստանի համար, որ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում իրականացված բարեփոխումները եղել են արդյունավետ:
Սակայն դա չի նշանակում, որ պետք է անտեսվեն ներկայում դեռեւս գոյություն ունեցող մտահոգիչ խնդիրները, թե ժամանակակից աշխարհում ի՞նչ է նշանակում պարենային անվտանգություն, ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից գյուղատնտեսությունը, ինչպե՞ս խթանել փոքր ֆերմերային տնտեսությունները: Վարչապետը հույս հայտնեց, որ այս համաժողովին կնհչեն դրանց լուծմանը միտված նոր գաղափարներ:
Անդրադառնալով կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային միջոցառումներին, վարչապետը նշեց, որ այս համատեքստում լուրջ շեշտադրում է կատարվում ենթակառուցվածքների զարգացման վրա: Նա ասաց, որ հսկայական գումարներ են ուղղում, մասնավորապես, բարեկարգելու համար համայնքային ճանապարհները, որպեսզի գյուղերն իրար հետ կապված լինեն բարեկարգ ճանապարհներով, ինչը գյուղմթերքը շուկա հասցնելու նախապայմաններից է եւ կնպաստի գյուղական բնակավայրերում բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Ըստ Տիգրան Սարգսյանի, դա նաեւ կնպաստի կառավարության մեկ այլՙ Հայաստանում տարածքային համաչափ զարգացում ապահովելու նպատակի իրականացմանը:
Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության աշխատակից Մարիա Դոցենկոյի գնահատմամբ, այնպիսի փոքր երկիրն, ինչպիսին Հայաստանն է իր սահմանափակ ռեսուրսներով, կարող է տեխնոլոգիական եւ գիտության առումով դառնալ տարածաշրջանում առաջատար երկրներից մեկը: «Հայաստանը հարուստ է տաղանդավոր երիտասարդներով: Գիտությունն այստեղ մեծ ուժ կստանա, եթե ճիշտ ներդրումներ արվեն, որպեսզի այդ գիտելիքները փոխանցվեն հաջորդ սերունդներին էլ: Շնորհավորում եմ տաղանդավոր երիտասարդներին մեկ տեղում միավորելու այս նախաձեռնությունը եւ հույս հայտնում, որ նրանց առաջ քաշած գաղափարները կյանքի կկոչվեն: Գուցե այստեղ այժմ ձեզ հետ նստած է ապագա Նոբելյան մրցանակակիր», ասաց Մարիա Դոցենկոն:
Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի դիտարկմամբ, գյուղատնտեսության ոլորտում մեծ հույսեր են կապվում ազատ տնտեսական գոտու եւ լոգիստիկ կենտրոնի ստեղծման հետ, ինչի արդյունքում հնարավորին չափ կլուծվեն գյուղմթերքի արտահանման հարցերը: Նախարարը համոզմունք հայտնեց, որ այս նախաձեռնությունը տրամաբանական շարունակություն է ունենալու, եւ ընդգծեց, որ առանձին արժեքավոր գաղափարներ նախարարությունը պատրաստ է օգտագործել: