«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2009-11-20 | #213, 2009-11-21 | #214, 2009-11-24


ՏԱՐԻՔԸ ՊԱՏԿԱՌԵԼԻ ՉԷ, ԲԱՅՑ ԳՈՐԾԵՐԸ...

Տարիներ առաջ, երբ առիթ եղավ ծանոթանալու Ս. Պետերբուրգի այն ժամանակվա հոգեւոր հովիվ Եզրաս աբեղա Ներսիսյանի հետ, նա ինձ հրավիրեց նոր-նոր պետությունից «խլված»ՙ նշանավոր Նեւսկի պողոտայի վրա գտնվող Սբ Կատարինե հայկական եկեղեցի եւ առաջնորդեց... դեպի ներքնահարկ... Մեղա քեզ, Տեր Աստված, «մարդաբոյ» կեղտաջուր էր կանգնած: Հետո ցույց տվեց հակաեկեղեցական նոու-հաունՙ գմբեթն ու հատակը տարանջատված էին միջանկյալ առաստաղով: Ի՜նչ նպատակի ասես չէր ծառայել այդ տարաբախտ շինությունը բոլշեւիզմի տարիներինՙ պահեստ, արհեստանոց, արվեստանոց: Երեւի սրբապղծություն կլիներ արդեն այդ հոգնած կառույցն անվանել եկեղեցի: Ապրեն պիտերցի հայերը, որ թեւ ու թիկունք կանգնեցին իրենց հոգեւոր հովվին ու սեղմ ժամկետում միացյալ ուժերով վերանորոգեցին, նորացրին, գեղեցկացրին եւ տեղի հայության առջեւ վերաբացեցին «Նեւսկու գոհարի» դռները: Մինչ այդ «ձեռք էր բերվել» նաեւ Վասիլեւսկի կղզու մյուս հայկական եկեղեցին:

Հեշտ է ասելՙ հետ վերադարձրեց: Բայց ի՜նչ համառ ջանքեր են թաքնված այդ հակաչինովնիկական մաքառումներում: Քավ լիցի, եթե խոսքը վերաբերում է եկեղեցուն: Իսկ եկեղեցապատկան շենքե՞րը, օրինակ: Պատմում են, որ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներից մեկի ժամանակ այն տարիների քաղաքապետ Անատոլի Սոբչակը հումորով ասել է, որ եթե Եզրաս Ներսիսյանի նման մի քանի օժտված դիվանագետ ունենար իր ապարատում, ապա սարեր շուռ կտար: Սակայն պետերբուրգյան իր առաքելության գլխավոր նվաճումը հոգեւոր հայրը համարում է այն, որ իրեն հաջողվեց եկեղեցու շուրջը միավորել տեղի հայությանը եւ տասնամյակներ հետո քաղաքում ստեղծել կրոնական-ազգային համայնք:

Բայց փոխվեցին մասշտաբները, երբ նա տեղափոխվեց Մոսկվա որպես Հայ եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ: Եզրաս սրբազանը ձեռնամուխ եղավ, ինչպես ինքն է ասում, հոգեւոր «խոպանի» վերացմանը: Հսկա մեգապոլիսն ուներ ընդամենը մեկՙ խեղճուկրակ Սբ Հարություն եկեղեցին, որը տասնամյակներ շարունակ նորոգման հոտն էլ չէր առել: Բարվոք չէր վիճակը նաեւ թեմի մնացած վայրերում: Սրբազանը ծավալուն խնդիր դրեց իր առջեւՙ ոչ թե սոսկ նորացնել մայրաքաղաքի միակ եկեղեցին, ոչ թե սոսկ կառուցել նոր եկեղեցի, այլ ստեղծել այնպիսի մի համալիրը, որը բավարարեր մոսկվացի հայերի ոչ միայն կրոնական, այլեւ ազգային-կրթական-մշակութային պահանջմունքները: Երեւանցի ճարտարապետ Արտակ Ղուլյանը հղացավ նախագիծը, այն արժանացավ Ս. Էջմիածնի օրհնությանը եւ միաձայն հաստատվեց Մոսկվայի քաղաքաշինական ատյաններում: Արդեն կառուցվող համալիրի մեջ մտնում են մայր տաճարը, մատուռը, ընդարձակ կրթական ու վարչական մասնաշենքերը: «Ազգը» հաճախ է հանգամանալի լուսանկարային ռեպորտաժներ նվիրել շինարարության ընթացքին: Եզրաս սրբազանը այսօր էլ պայծառանում է, երբ հիշում է, թե ինչպես կարողացավ իր շուրջը համախմբել Մոսկվայի հայ մեծահարուստ, ազդեցիկ, նվիրյալ հայերին ու ներկայացնել իր նպատակները: Հենց առաջին օրը հանգանակվեց կլորիկ մի գումար, որը լիուլի բավարար էր շինարարությունն սկսելու համար:

Թեմի առաջնորդին բնորոշ չէ «միակողմանի» գործունեությունը, ինչքան էլ դա առաջնային լինի: Քաղաքային իշխանություններից նա վարձակալեց քառահարկ մի շենք, հիմնանորոգեց ու դարձրեց կրթական օջախՙ «Հայորդեաց տուն», որտեղ տեղի հայ մանուկները, երիտասարդները եւ տարեցները հաղորդակցվում են լայն իմաստով հայ կյանքին: Սկսեց հրատարակել ամսագիր: Ի դեպ, ինչն է նաեւ հատկանշական սրբազանի խառնվածքին. լինելով կրոնական գործիչ, նա ակտիվորեն առնչվում է նաեւ տեղի համայնքային, հասարակական եւ, ինչու չէ, քաղաքական կյանքին: Երբ նա ինձ առաջարկեց եկեղեցուն կից ամսաթերթ հրատարակել, ապա ինձանից մեծ ջանքեր չպահանջվեցին համոզելու նրան, որ այդ հրատարակությունը չպիտի լինի զուտ կրոնական, այլ ընդգրկի թեմի հայության կյանքի բոլոր սկզբունքային կողմերը:

Երբ Եզրաս սրբազանը առաջին անգամ եղավ մոսկովյան նշանավոր Պոկլոննայա Գորայի Հաղթանակի զբոսայգում, իրեն վիրավորված զգաց: Ո՜նց թե, այնտեղ կա, բնական է, ռուսաց եկեղեցի, բայց կա նաեւ մզկիթ, սինագոգ, իսկ ահա չկա... հայկական եկեղեցի: Շատ չանցած նա քաղաքի մեծերին ներկայացրեց գողտրիկ, զվարթնոցատես, սքանչելի մի մակետ, որին չընդառաջել անկարելի էր: Այնպես որ մոսկվացի հայերը շուտով գլուխ գովելու եւս մի լավ առիթ կունենան: Իսկ ինչքա՜ն եկեղեցիներ են կառուցվել թե նորացվել թեմի ամենատարբեր վայրերում: Եվ առհասարակ շատ ակտիվ է մեր եկեղեցին Ռուսաստանում:

Լինելով ՌԴ նախագահին առընթեր կրոնական միավորումների հետ փոխգործակցության խորհրդի անդամ (ի դեպ, միակը Անդրկովկասից), Եզրաս սրբազանը իրավունք ունի թեմական կարեւորագույն հարցերով դիմելու նույնիսկ ռուսաց պետության աշխարհիկ առաջնորդին: Սակայն իրականությունն այնպիսին է, որ մեծ մասամբ զանազան ու ներկա փուլում գլխավորապես համալիրի շինարարության հետ կապված տարախրթին հարցերով նա գործ է ունենում քաղաքային իշխանությունների ու առաջին հերթին քաղաքապետի հետ: Եվ հասնում է իր ուզածին: (Մի անգամ հարցրի սրբազանին, թե Յուրի Լուժկովը «չի՞ վախենում» իրենից, երբ հանդիպում են: Ծիծաղելով, նա որպես «գաղտնիք» ասաց, որ ինքը չի սիրում իր խնդիրներով ներկայանալ քաղաքապետարան, այլ գերադասում է առավելության հասնել զանազան ընդունելությունների, ոչ պաշտոնական միջոցառումների ժամանակ: Բանը հասել է նրան, գոհունակությամբ ասաց առաջնորդը, որ նման անբռնազբոսիկ միջավայրում «բարեհոգի» քաղաքապետը, տեսնելով ինձ ու ձեռքը մեկնելով, արդեն ինքն է ժպտալով հարցնումՙ սրբազա՛ն, էլ ի՜նչ հարցեր ունենք լուծելու):

Ինչո՞ւ ենք այսքան հանգամանորեն պեղում մեր եկեղեցու խոշորագույն թեմերից մեկի հոգեւոր առաջնորդի գործունեությունը: Շատ պարզ պատճառովՙ լրացավ նրա ծննդյան 50-ամյակը: Տակավին պատկառելի տարիք չէ, բայց ինչքա՜ն պատկառելի գործեր են արվել: Ու կարվեն, կարող եք չկասկածել: Ճիշտ կլինի, եթե ասենք, որ Եզրաս սրբազան Ներսիսյանը ժառանգել է Հայ եկեղեցու դարավոր «կրոնապետական» գեները:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Հ. Գ. Եզրաս սրբազանի մասին հաճախ են գրում ռուսաստանյան լրատվամիջոցները: Բացառապեսՙ դրական ոգով. նույնիսկ օտարներն են տեսնում ու արժանին մատուցում նրա արածին: Եվ ցավալի է, երբ էժանանում է հայաստանյան մամուլըՙ ժամանակ առ ժամանակ զրպարտչագրեր թողարկելով նրա հասցեին: Կոնյունկտուրային ու փոքրոգի են դրանց հեղինակները կամ պատվիրատուները: Ամո՛թ նրանց:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4