«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2009-11-20 | #213, 2009-11-21 | #214, 2009-11-24


ԹՌՉՈՂ ԵՌԱՆԿՅՈՒՆԻ ԿԱՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է ԱՅՆՏԵՂ, ՈՒՐ ՍԿՍՎՈՒՄ Է

Նոյեմբերի 18-21-ը «Մոսկվա» կ/թ-ում անցկացվեց «Կինո` բաց սահմաններ» փառատոնը` ԱՊՀ երկիր մասնակիցների հումանիտար համագործակցության միջպետական ֆոնդի աջակցությամբ: Ծրագրում ընդգրկված էին ԱՊՀ երկրների վերջին երկու տարվա հանրաճանաչ ֆիլմեր. Կարեն Շահնազարովի «Անհետացած կայսրությունը», «Պալատ N 6», Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ», Դմիտրի Դյաչենկոյի «Ռադիոյի օրը», Գուկա Օմարովայի «Հեքիմը» ֆիլմերը:

Փառատոնը բացվեց Ուկրաինայում ապրող եւ ստեղծագործող մեր հայրենակից կինոռեժիսոր Ռոման Բալայանի «Դրախտի թռչուններ» ֆիլմով, որը ծանոթ էր մեր կինոսեր հանդիսատեսին, քանի որ 2008-ին այս կինոնկարով բացվեց «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնը: Սակայն պետք է ասել, որ առաջին տպավորությունը ճշգրտելու միտքը երկրորդ անգամ այն դիտելու ցանկություն առաջացրեց: Ուզում էի ինքս ինձ ստուգած լինել` ֆիլմի մասին գրավոր խորհելուց առաջ: Նախ, ապշեցնում էր պատկերի ֆակտուրան, քանի որ բացարձակ հիշեցնում էր այն ժամանակաշրջանին հատուկ պատկերը: Սա պարզապես լավ արված ռետրո-ֆիլմ չէ, որտեղ ժամանակին բնորոշ մանրամասների` նշանների օգտագործումով հաջողվել է մթնոլորտ վերստանալ:

Բալայանի նկարահանած «Թռիչքներ երազում եւ արթմնի» (1982), «Պահպանիր ինձ, իմ թալիսման» (1986) ֆիլմերը եղել են խորհրդային կինոյի նշանային, ինչպես ասում են, կինոնկարներից: Նրա այս վերջին աշխատանքը յուրօրինակ «կինեմատոգրաֆիկ եզրափակումն» է խորհրդային շրջանի եւ արտահայտում է 80-ականների սկզբի տրամադրությունները, այսինքնՙ այն տրամադրությունները, որոնք նախորդելով, նախապատրաստեցին «վերակառուցումն» ու «բացախոսությունը»:

Անսպասելի ֆիլմ է նկարել ռեժիսորըՙ անազատ երկրում տառացիորեն թռչել կարողացող երեք հերոսների մասին: Ամենակարեւորն այն է, որ այդ թռիչքները միանգամայն բնական են ընկալվում, բնավ չես մտածում դրանց մասին` իբրեւ անիրական պատկերներիՙ կինոտեխնիկայի հնարքների բանեցումով իրականացած, ինչպես որ «Վարպետն ու Մարգարիտան» կարդալիս անհարմարության զգացում չեն առաջացնում հերոսուհու թռիչքները: Եվ պատահական չէ, որ ֆիլմի հերոսը (Օլեգ Յանկովսկի) նույնպես գրող է, որն իր հերթին հիշատակում է Բուլգակովի անունըՙ իբրեւ իր իմացած վերջին գրողի, որ թռչել գիտեր: Ի դեպ, նրա սենյակում պատից կախված է Մարկ Շագալիՙ մարդու թռիչքների մասին դարձյալ շատ բան իմացող մի արվեստագետի գործերից մեկի վերարտադրությունը:

Ժամանակին բարոն Մյունհաուզենի դերը խաղացած («Նույն այն Մյունհաուզենը», ռեժ.Մարկ Զախարով) Յանկովսկին «Դրախտի թռչունների» հերոսի շուրթերով հիշատակում է նաեւ իր վերոհիշյալ հերոսին, ասելով, որ Մյունհաուզենն ընդամենն ասում էր, թե թռչել է, իսկ ինքը` ոչ թե ասում, այլ իսկապես թռչում է: Եվ նույն պահին նրա ոտքերն անկաշկանդ պոկվում են գետնից:

Սակայն այս ֆիլմը ոչ այնքան մարդու թռչելու կարողության մասին է, ինչպես որ այդ մասին չէր ռեժիսորի «Թռիչքներ երազում եւ արթմնի» կինոնկարը (այն ավելի շուտ մարդու թռչելու անկարողության մասին էր), որի գլխավոր հերոսին մարմնավորել էր նույն Յանկովսկին: «Դրախտի թռչունները» ազատության մասին է, ոչ միայն թռչելու ազատության, այլ պարզապես ազատության, ավելի ճիշտՙ ազատություն կոչվող պատրանքի: Մի թեմա, որ երբեք եւ ոչ մի տեղ աշխարհում չի կարող արդեն անցած կամ հին լինել: Այդ թվում, հետխորհրդային տարածքում, ուր թվում է, «կայսրության» փլուզումից հետո եղել են որոշ նվաճումներ: Սակայն ազատության համը չճանաչող հասարակության համար ազատությունը վայելելը նույնպես խնդիր է: Ազատությունը կարող է ծնվել, մեռնել, վերածնվել, բայց կարող է նաեւ վերասերվել...

«Դրախտի թռչուններում», իհարկե, բանը դրան չի հասնում: Այս ֆիլմը նվիրված է այն անանուն հերոսների հիշատակին, որոնք հող էին նախապատրաստում գալիք ազատության համար: Դրա հետ մեկտեղ ֆիլմը վերհանում է խնդրի այլ կողմը, թե ինչպես, հայտնվելով «վանդակից» դուրս, մարդը կորցնում է թռչելու կարողությունը: Ակամա միտդ են գալիս Տարկովսկու խոսքերը. «Մարդը միայն բանտում կարող է ազատ լինել»:

Հիմա մի քանի խոսք ֆիլմի սյուժեի մասին: Իր լավագույն տարիները բանտում անցկացրած, բայց եւ այնպես, այնտեղ թռչել սովորած արդեն տարեց գրողը թռչել է սովորեցրել իր սիրած աղջկան (Օկսանա Ակինշինա): Այս «թռչողներին» իհարկե հետեւում են: «Ամեն տեղ աչքեր ու ականջներ կան», - ասում է ֆիլմի հերոսներից մեկը: Սիրող զույգը որոշել էր թռչել այնտեղ, ուր վստահորեն պիտի ազատության օդ շնչեր: Փարիզը, ահա ազատության միակ խորհրդանիշը նրանց համար: Բայց ահա գրողի մոտ հայտնվում է մի անտիպ բնագիր ( կոչվող այդ գաղտնի հրատարակություններում մարդիկ գրում էին արգելված ճշմարտության մասին, այնուհետեւ դրանք ծածուկ ձեռքից ձեռք էին փոխանցվում): «Կնոլ» կայարան» վեպի հեղինակը շնորհալի երիտասարդ է (Անդրեյ Կուզիչեւ), որին նրա հոգեւոր ուսուցիչը որոշում է թռչել սովորեցնել, այդ իսկ պատճառով հետաձգում է իր ու սիրած աղջկա թռիչքը: Իսկ այն հարցին, թե` «սովորելուց հետո որքա՞ն ժամանակ կկարողանա թռչել», տղան ստանում է փիլիսոփայական պատասխան. «Քանի դեռ ներքուստ ազատ կլինես»: Չկարողանալով իր հետ Փարիզ տանել բնագիրը, նա տեղ հասնելուն պես փորձում է նորից գրել, քանի որ դիսիդենտի վեպի լույս ընծայմամբ հետարքրված են հրատարակիչները: Բայց այ թե պարադոքս. ազատության մեջ միանգամայն ուրիշ կերպ է գրվում... Այդպես, երիտասարդը կորցնում է թե ազատ գրելու, թե թռչելու կարողությունը:

Մինչ թռիչքն իրագործելն, իհարկե, տեղի է ունենում այն, ինչ պետք էր սպասել. աղջիկը սիրահարվում է երիտասարդին, թեեւ միաժամանակ փորձում է յուրովի հավատարիմ մնալ նրան, ով իրեն թռչել է սովորեցրել: Եվ այս «թռչող եռանկյունու» գլխավոր հերոսները հերթով զոհվում են, բայց նրանք զոհվում են ոչ թե սիրային եռանկյունու «պահանջների» համաձայն, այլ հանուն ազատության, այն ազատության, որին հասնելուց հետո չպիտի իմանային, թե ինչպես վարվեն նրա հետ, ինչպես ասում էր ազատության մեջՙ Եվրոպայում հայտնված Տարկովսկու «Կարոտախտ» ֆիլմում իտալուհի թարգմանիչը ֆիլմի ռուս հերոսինՙ Գորչակովին (որի դերակատարը դարձյալ Օ. Յանկովսկին էր):

Այդպես, կարծես երկրորդում են միմյանց Ռոման Բալայանի կինեմատոգրաֆի առանցքային թեման եւ Օլեգ Յանկովսկու` տարբեր ռեժիսորների ֆիլմերում խաղացած դերերի բովանդակությունը:

Դառը, միեւնույն ժամանակ, բանաստեղծական շրջադարձերով ընթացող այս պատումի ավարտից հետո տանում ես քեզ հետ պիկնիկի ժամանակ կոտրված բաժակը, որի բեկորների վրայով այս ու այն կողմ էին երթեւեկում մտամոլոր մրջյունները, «ԿԳԲ» քննիչիՙ ծառի բնին հանգցված սիգարետը եւ ուրիշ շատ պատկերներ, որոնցով գիտի լցնել էկրանային տարածությունը կինոյի վարպետ Ռոման Բալայանը:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ԳԱԼՍՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4