Ավարտվեց մանկական «Եվրոտեսիլ-2009», որին մասնակցած Հայաստանի պատվիրակությունը Ռուսաստանի հետ հավաքելով 116 միավոր, կիսեց 2-րդ պատվավոր տեղը: Չնայած որ 1-ին տեղից ընդամենը մեկ միավոր էր հետ մնացել Հայաստանը, սակայն մեր 6 աղջնակների «Բարսելոնա» երգը համարվեց մրցույթի ամենահաջողվածը եւ ինչպես պատմում էր Լուարա Հայրապետյանը, «երգը շատ երկրներից ցանկացան ունենալ ու մի քանի օր անց, երբ մեզ տեսնում էին, հենց այդ երգով էին դիմավորում»: Մանկական երգի մրցույթից մեր 6 աղջնակները վերադարձել են Հայաստան, ու անմիջապես նախագահական նստավայրում նրանց ընդունել են ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Հրեշտակների նմանվող մեր աղջնակներին շնորհավորանքից ու հաջողություններ մաղթելուց զատ տկն Ռիտա Սարգսյանը նրանց նվիրել է համակարգիչներ, իսկ նախարարուհինՙ մանկական հանրագիտարաններ, թանկարժեք նվերներ:
Երեկ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուչ Հակոբյանը, երգչուհի եւ խմբի գեղղեկ Նադեժդա Սարգսյանի գլխավորությամբ ընդունեց մեր երկիրը ներկայացրած աղջնակներին: Նախարարը նախ համակարգչի վրա ցույց տվեց նախարարության կայքէջում մեկ ամիս առաջ տեղադրած կոչը սփյուռքահայերին, որ միասնական կերպով քվեարկեն ու աջակցեն Հայաստանը ներկայացնող խմբին: Այնուհետեւ, մանրամասն զրուցեց նրանց հետ, կարծիքներ փոխանակեց ու նվերներ ընծայելուց հետո լուսանկարվեց նրանց հետ: Իսկ Լուարային, որը Աստրախանի թիվ 3 գիմնազիայի 6-րդ դասարանում է սովորում, նվիրեց այբբենարան, հայոց լեզվի ուղեցույցներ, շքեղ ծաղկեփունջ, մաղթելով, որ հայոց լեզուն լավ սովորի ու հաջորդ տարի «Արի տուն» ծրագրով անպայման գա Հայաստան:
Լուարան «Ազգի» հետ զրույցում նշեց. «Ինձ համար մեծ պատիվ էր Հայաստանը ներկայացնել Եվրոպայում: Կարեւորը, որ մենք հաղթեցինք ու դրա համար ես պարտական եմ առաջին հերթին իմ ծնողներին, որ հայի գենը իմ մեջ կա, եւ ես հպարտորեն ամեն տեղ դա շեշտում եմ: Ինձ թվում է այս մրցույթից հետո իմ կյանքը կփոխվի: Ես արդեն հստակ որոշել եմ երգչուհի դառնալ ու աշխարհին ներկայանալ որպես հայ»:
Նախարարն ասաց, որ նման մրցույթ հնարավոր է նաեւ Հայաստանում անցկացնել, քանզի մեր երկրում կան բոլոր հնարավորությունները ու նաեւ մեծ ցանկություններ: Իսկ երբ աղջնակները հրաժեշտ տվեցին նախարարին, նրանց ճեմասրահում ծափերով դիմավորեցին նախարարության աշխատակիցները: Լուարայի նշանի վրա աղջիկները երկու երգ ու պար կատարեցին առանց վարանելու: Ահա կրկին ծափերի արժանացած աղջնակները մեկ օրից Լուարային կճանապարհեն Աստրախան, այն հույսով, որ մի օր նրան ընդմիշտ կտեսնեն Երեւանում:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ