Շաբաթներ շարունակ «Արմենիայի» փոքրիկ անձնակազմը տեսնում է միայն դելֆիններ. չկա ոչ օվկիանոսային նավ, ոչ էլ ռոմանտիկ առագաստանավ: Մերթ ընդ մերթ նայում ենք հեռվում նշմարվող Բրազիլիայի հյուսիսարեւելյան ափերին: Փոքրիկ նավահանգիստների մեջ առանձնանում է բավական մեծ Ֆորտալեզա նավահանգիստը: Բայց դա մեր երթուղու մեջ չի մտնում:
Դիմավորման ժամկետների շուրջը նախապես պայմանավորվել ենք Ռիո դե Ժանեյրոյի, Սան Պաուլուի, Մոնտեվիդեոյի, Բուենոս Այրեսի մեր հայրենակիցների հետ: Ուրեմն պարտավոր ենք ղեկն ամուր բռնել եւ հետեւել ալիքների շարժմանը:
Մեր գրադարանում կան ոչ միայն հանրագիտարանային բառարաններ, այլեւ նավի երթուղու բոլոր նավահանգիստների վերաբերյալ վերջին երեք տարիներին իմ հավաքած տվյալները: Բելեն նավահանգիստ ժամանած ՀՀ գլխավոր հյուպատոս Վալերի Մկրտումյանը եւ նրա օգնական Երվանդ Թամջյանը մեզ հայտնել էին, որ Ֆորտալեզայում կա հայկական փոքր համայնք: Եվ ահա իմ գրառումներում կարդում եմ. «Ֆորտալեզա: Մեկուկես միլիոն մարդ: Հինգ հայկական ընտանիք, որոնք եկել են դեռ 20-ական թվականների վերջերին: Նրանք պանծացրել են այդ քաղաքը: Նշանավոր կոմպոզիտոր, նշանավոր բժիշկ, նշանավոր կատարողներ, հասարակական գործիչներ, ձեռնարկատերեր, արհեստավորներ: Փողոցներից մեկն անվանակոչել են Հայաստանի Հանրապետություն: Համայնքի ջանքերով ապրիլի 24-ը քաղաքում պաշտոնապես ճանաչված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Բրազիլիայի քաղաքներից միակն է...»: Եվ ահա «Արմենիա» կոչվող հայկական նավը ՀՀ պետական դրոշով, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Երեւանի դրոշներով եւ մեծ առագաստ-դրոշով անտարբեր անցնում է Ֆորտալեզայի կողքով: Ոչ, դա անհնար է, թեկուզ երթուղու գրաֆիկը խախտվի:
Սկզբում քաղաքում ապաստանել էր ցեղասպանությունից փրկված մի քանի ընտանիք. Ֆերմանյաններ, Տեր-Հովհաննեսյաններ, Ադամյաններ, Բոյաջյաններ: Ներկայումս այստեղ ապրում է 150 հայ: Կայացած համայնք է: Առաջնորդը կոմպոզիտոր Վազգեն Ֆերմանյանն է: Նրան մեծարում են Մաեստրո Վազգենն անունով: Երաժշտության պրոֆեսորը դասավանդում է համալսարանում: Ունի մոտ երեք հարյուր աշակերտ: Ամեն տարի ապրիլի 24-ին մաեստրոն համերգ է տալիս: Հնչում է միայն հայկական երաժշտություն: 1989-ին ամբողջ համայնքը օլիմպիական չեմպիոնի պես էր դիմավորել Հայաստանից վերադարձած Մաեստրո Վազգենին, որը Խոր Վիրապում ջութակով «Կռունկ» էր նվագել: Պակաս հետաքրքրական չէ Բոյաջյան ընտանիքը. Թովմասի եւ Վիրջինիայի զավակներն են Արմենը, Հովհաննեսը, Սամվելը, Շուշանիկը, Պողոսը: Վերջինիս ամենքը դոկտոր Պողոս են անվանում: Նշանավոր բժիշկ է: Աշխատում է պետական հիվանդանոցում: Ունի մասնավոր կլինիկա:
Ամբողջ համայնքը գիտեր «Արմենիայի» նավարկության ու նաեւ այն մասին, որ անցնելու ենք իրենց կողքով: Չգիտեր միայն, որ նոյեմբերի 15-ը անձնակազմի համար կրկնակի տոն է. այդ օրը լրանում էր նավապետ Սամվել Կարապետյանի 53 եւ հերթափոխի պետ Հայկ Բադալյանի 41 տարին: Եվ «Արմենիան», զանց առնելով ժամանակացույցի խստությունը, խարիսխ գցեց Ֆորտալեզայի նավահանգստում, որտեղ անձնակազմին դիմավորեցին հայախոս մարդիկ: Երեկոն անցավ Մաեստրո Վազգենի ղեկավարությամբ:
Այնուամենայնիվ, մենք կայցելենք Չիլի, թեեւ մեր երթուղուց դուրս է: Հորն հրվանդանից հետո հարկ կլինի հավելյալ մոտ երկու հազար մղոն անցնել, բայց հարկավոր է դա անել թեկուզ այն պատճառով, որ Չիլին սփյուռքի ամենահեռավոր եւ դժվարամատչելի կետն է: Մեր հայրենակիցներն այնտեղ միշտ հավաքվում են Հայոց տանը: Հեռախոսով ինձ հայտնեցին, որ նրանք սպասում են «Արմենիային», ինչպես առավոտյան սպասում են արեւածագին:
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ, «Արմենիա» նավ
Նկար 1. Ատլանտյան օվկիանոս Մաեստրո Վազգեն Ֆերմանյանը եւ բժիշկ Պողոս Բոյաջյանը նվագում են «Արմենիայի» անձնակազմի համար: