Փետրվարի 7-ին տեղի կունենա 2012-ի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի մասնակիցների վիճակահանությունը: 51 հավաքականները կբաշխվեն ընտրական 9 խմբերում (6 խմբերում 6-ական, 3-ումՙ 5-ական հավաքականներ): Խմբերի հաղթողները եւ
2-րդ տեղ գրաված հավաքականների մեջ լավագույն արդյունքն ունեցողը եզրափակիչի ուղեգիր կնվաճեն:
2-րդ տեղ գրաված մյուս 8 հավաքականներն անցումային խաղերում կորոշեն եզրափակիչ փուլի մյուս չորս մասնակիցներին:
Նախքան վիճակահանությունը, ելնելով հավաքականների վարկանիշից, մասնակիցները կբաշխվեն 6 զամբյուղներում: Վարկանիշը հաշվարկելիս հաշվի են առնվում հավաքականների ցույց տված արդյունքները 2006-ի աշխարհի եւ 2008-ի Եվրոպայի առաջնությունների ընտրական եւ եզրափակիչ փուլերում, ինչպես նաեւ 2010-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում:
Հայաստանի ազգային հավաքականը 15,164 վարկանիշով ընդգրկվել է նախավերջինՙ 5-րդ զամբյուղում: Այս զամբյուղում ընդգրկված են նաեւ Չեռնոգորիայի, Ալբանիայի, Էստոնիայի, Վրաստանի, Մոլդովայի, Իսլանդիայի, Ղազախստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականները: Մեր հավաքականի վարկանիշը գերազանցում է միայն վերջին երկուսին:
Եթե վիճակահանությամբ ՀՀ հավաքականն ընդգրկվի 6 թիմանոց խմբում, ապա մրցակիցներից մեկը կլինի 6-րդ զամբյուղից, որտեղ ընդգրկված են Ադրբեջանի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Ֆարերյան կղզիների, Անդորրայի եւ Սան Մարինոյի ընտրանիները: Տեղին է հիշեցնել, որ ՖԻՖԱ-ն եւ ՈւԵՖԱ-ն խոստացել են Հայաստանի ու Ադրբեջանի հավաքականներին այլեւս նույն խմբում չընդգրկել: Եվ եթե վիճակահանությամբ հանկարծ Ադրբեջանը հայտնվի Հայաստանի խմբում, ապա նորից վիճակահանություն կանցկացվի: Իհարկե, լավ կլինի, որ Հայաստանն ընդգրկվի 6 թիմանոց խմբում: Այդ դեպքում գոնե մեկ թույլ մրցակից կունենանք, ինչը հնարավորություն կընձեռի մեզ խուսափել աղյուսակը եզրափակողի տխուր դերից: Իսկ ամենաուժեղ մրցակիցներից մեզ բաժին կարող է հասնել հետեւյալ 9 հավաքականներից մեկըՙ Իսպանիան, Գերմանիան, Հոլանդիան, Իտալիան, Անգլիան, Խորվաթիան, Պորտուգալիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը: Թվում է, թե ամենահարմարը ռուսներն են: Թուրքերն ընդգրկված են 2-րդ զամբյուղում եւ բացառված չէ, որ կրկին դառնան Հայաստանի հավաքականի մրցակիցներ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ