ՀԱՊԿ նախաձեռնությամբ երեկ Երեւանում անցկացված կլոր սեղանի ընթացքում, պատասխանելով նաեւ լրագրողների հարցերին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժան նաեւ խոսել է ղարաբաղյան բանակցային գործընթացի մասին. «Միայն այս տարվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել են 6 անգամ, ինչը խոսում է այն մասին, որ երկու երկրների ղեկավարություններն էլ տրամադրված են շատ բարդ խնդրի փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել», ասել է նա: Իսկ Ադրբեջանի նախագահի ռազմաշունչ հայտարարություններին արձագանքելու առաջարկին այս պատասխանն է տվել. «Ի՞նչ վերաբերմունք կարող եմ ունենալ պատերազմ սկսելու հայտարարությունների հանդեպ: Իհարկե, բացասական: Նախկին զինվորական եմ, շատ եմ եղել թեժ կետերում, արյուն տեսել եւ գիտեմ` ի՞նչ է լինելու: Կտրականորեն բացասական վերաբերմունք ունեմ քաղաքական խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու վերաբերյալ ամեն մի հայտարարությանը»:
Նկար 1. Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ նախագահ Նիկոլայ Բորդյուժային, շնորհակալություն է հայտնել օպերատիվ եւ արդյունավետ աշխատանքի համար եւ նշել, որ նրան Պատվո նշան շքանշանով պարգեւատրելու հրամանագիր է ստորագրել: