«Չնայած ողջունում ենք թուրքական լրատվամիջոցներով քրդերեն լեզվի մնացած սահմանափակումների վերացումը, սակայն դա զուտ խորհրդանշական քայլ ենք համարում այնքան ժամանակ, որ այդ լրատվամիջոցները չեն կարող քրդական հարցեր քննարկել առանց հետապնդման վախի», նշում է խոսքի ազատության համար պայքարող «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունից ստացված հաղորդագրությունըՙ անդրադառնալով նոյեմբերի 13-ին հրապարակված նոր որոշմանը: Քրդերենը տպագրվելն ու եթեր արձակվելը (հանրային հեռուստատեսությամբ եւ TRT-6-ով) ընդհանուր առմամբ թույլատրվել էին 2004-ի հունվարից: Մասնավոր ռադիոկայանները 5-ժամյա քրդերեն հաղորդումների իրավունք ունեին, իսկ մասնավոր հեռուստակայաններըՙ 4-ժամյա: Բոլոր քրդերեն հեռուստածրագրերը, սակայն, պետք է ունենային թուրքերեն ենթադրություններ, իսկ դա նշանակում էր չկարողանալ ուղիղ եթերով հաղորդումներ կազմակերպել:
«Անիմաստ է դառնում քրդերեն հաղորդումների թույլատրումը, եթե ակտիվիստների եւ անկախների տեսակետները չեն հնչելու եթերում», նշված է հաղորդագրության մեջ, որը նաեւ տեղեկացնում է, որ ավելի քան 15 լրագրողներ ներկայումս հետապնդման են ենթարկվում թիվ 3713 հակաահաբեկչական օրենքի եւ քրեական օրենքի թիվ 216 հոդվածի դրույթներով, որովհետեւ ակնարկել են PKK-ի պահանջների խոսքերը:
«PKK-ին ի նպաստ քարոզչություն ծավալելու» մոտ 20 մեղադրանքներով այս տարվա հունվարից ազատազրկված է Վեդաթ Կուրսունըՙ քրդական միակ «Ազադիյա ուելաթ» թերթի խմբագիրը, որի դատավարության առաջին լսումները կայացել են սեպտեմբերի 10-ին: Հաջորդ լսումները նախատեսված են դեկտեմբերի 2-ին:
«Նրան բանտարկել են այնպիսի ակնարկների համար, որոնց մասին այժմ բոլոր թերթերն են գրում: Պարզապես նա առաջինն էր, որ դրանց մասին գրեց», բացատրում է նրա փաստաբան Սերվեթ Օզենը: Քրդամետ հրապարակումներն արգելված են նաեւ օնլայնով: «Գյունլուք» թերթի համացանցային «տարբերակին ծանոթանալն արգելվեց նոյեմբերի 18-ին: «Գյունլուք» օրաթերթն էլ, ինչպես «Օզգյուր Օրթամ» շաբաթաթերթը, քանիցս ժամանակավորապես փակվել է «հակաահաբեկչական օրենքի» դրույթներով: «Գյունլուքին» փոխարինելու եկած «Դեմոկրատիկ սչիլիմ» թերթը նույնպես փակվեց սեպտեմբերինՙ հրապարակումից ընդամենը մի քանի շաբաթ անց:
Հոկտեմբերի 20-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիայի կառավարությունից պահանջեց մի քանի հարյուր հազար եվրո վճարել որպես վնասների փոխհատուցումՙ 26 լրագրողների, որոնք աշխատում են քրդամետ թերթերում, ինչպիսիք են «Ուլկեդե օզգուր գյունդեմը», «Գյունդեմը», «Գյունչելը» եւ «Գերչեք դեմոկրասին»:
Նույնիսկ քեմալական «Միլլիեթ» թերթի խմբագիր Հասան Չակկալքուրտն ու լրագրողներից Նամիկ Դուրուքանն են 7,5 տարվա բանտարկության եւ 9000 եվրոյի տուգանքի ենթարկվելու սպառնալիքի տակՙ PKK-ի առաջնորդներից մեկի հետ հարցազրույցը արտատպելու համար: Նրանց դատական լսումները նախատեսված են հունվարի 25-ին:
Երգչուհի Հուլիա Ավսարը եւ «Միլլիեթի» մեկ ուրիշ լրագրողՙ Դեւրիմ Ահիմայը նույնպես հետապնդվում են «թշնամություն առաջացնելու» մեղադրանքով:
Քրդական հարցից բացի, լրագրողները պետք է զգուշանան նաեւ դատական համակարգը, բանակը կամ ոստիկանությանը քննադատելուց: Այս առնչությամբ «Գերգետ Ֆիրաթ» երկշաբաթաթերթի խմբագիր Հաջի Բողաթեկինը ի բացակայություն 26 ամսվա (եւ 7 օրվա) բանտարկության է դատապարտված համաձայն ՔՕ-ի 125 հոդվածի:
Հ. Ծ.