«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2009-11-21 | #214, 2009-11-24 | #215, 2009-11-25


«ՀԵՏԵՎԵԼՈՒ ԵՆՔ, ՈՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՉՓՈԽՎԵՆ ԿԱՄ ՓՈԽՎԵՆ ԱՅՆՊԵՍ, ՈՐ ՉՀԱՐՎԱԾԵՆ «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻԻՆ»

Խոստացավ վարչապետ Տիգրան Սարգսյանը

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ այցելեց «Գրանդ Քենդի» ընկերություն, բավականին երկար շրջեց արտադրամասերում, ծանոթացավ արտադրական գործընթացին, եղավ ընկերության նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած տպարանում: Շրջայցի ավարտից հետո վարչապետը պատասխանեց լրագրողների հարցերին:

Կարեւորելով «Գրանդ Քենդիի» գործունեությունը, Տիգրան Սարգսյանը նշեց, որ ընկերությունը հաջողությամբ զարգացնում է իր բիզնեսը, ունի հազարավոր աշխատատեղեր, մյուս կողմից էլ փորձ է արվում գնելու հիմնականում հայկական հումքը, որովհետեւ դա խթանում է տարբեր, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտի զարգացումը: «Կարծում եմ` այդ տեսակետից բավականին լավ հեռանկարներ են բացվում «Գրանդ Քենդիի» համար, որովհետեւ ներքին համագործակցությունը ուժեղացնելովՙ «Գրանդ Քենդիին» հաջողվում է նվազեցնել արտադրանքի ինքնարժեքը, որը նրա համար ստեղծում է մրցակցային առավելություններ», ասաց վարչապետը:

«Գրանդ Քենդիի» արտադրած «Բելոչկա», «Կրասնայա շապոչկա» եւ ռուսական ու ուկրաինականՙ խորհրդային ժամանակներից «ժառանգություն մնացած» նույնանուն ապրանքանիշներով ներմուծվող կոնֆետների առնչությամբ ստեղծված իրավիճակին անդրադառնալովՙ Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշեց.

«Դա շուկայական կանոններին համապատասխան բնական մրցակցություն է: Մենք պետք է հետեւենք, որ մրցակցությունը լինի արդար, օրենքի շրջանակներում, որովհետեւ մրցակցությունից շահում են մեր սպառողները, մեր քաղաքացիները: Պետությունների խնդիրն այն է, որ խաղի կանոնները լինեն հստակ, քանի որ դրանց փոփոխությունը խաթարում է մրցակցությունը եւ կարող է այս կամ այն արտադրողին շուկայից դուրս մղել: Բնականաբար, հետեւելու ենք, որ կանոնները չփոխվեն կամ փոխվեն այնպես, որ չհարվածեն «Գրանդ Քենդիին»: Մենք շահագրգռված ենք, որ «Գրանդ Քենդիի» զարգացման հեռանկարները լինեն կայուն եւ երկարաժամկետ, քանի որ դա բխում է մեր տնտեսության շահերից»:

Ինչ վերաբերում է ապրանքանիշների ռեեստրի բացակայությանը Հայաստանում, ապա, վարչապետի հավաստիացմամբ, այդ բացը լրացնելու նպատակով կառավարությունն Ազգային ժողովին օրենսդրական փաթեթ է ներկայացրել, որը մշակվել է` հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը: Օրենքի ընդունումը կնպաստի այդ ռեեստրի լիակատար ձեւավորմանը եւ հստակությանը մեր մրցակցային դաշտում:

«Ի՞նչ է քննարկվելու ընկերության ղեկավարության հետ նախատեսված խորհրդակցության ժամանակ» հարցին էլ Տիգրան Սարգսյանը պատասխանեց, որ հիմնական թեման վերջին շրջանում լայն արձագանք գտած այն հարցերն են, թե ինչպե՞ս է իրականացվում այս կամ այն ապրանքատեսակի պատենտավորումը, ինչպե՞ս է դա պաշտպանվում մեր օրենսդրությամբ, ինչպիսի՞ն է մրցակցային դաշտն այսօր այս բնագավառում, ովքե՞ր են հիմնական մրցակիցները եւ կա՞ն մրցակցային կանոնների խախտումներ: «Կառավարության ամենակարեւոր խնդիրն է, որ նման ձեռնարկությունները Հայաստանում կարողանան վստահ լինել, որ խաղի կանոնները չեն փոխվելու, որ նրանք հանգիստ ներդրումներ կատարեն, ընդլայնեն իրենց գործունեությունը եւ աշխատեն ոչ միայն հայկական շուկայում, այլեւ մրցակցեն հանրաճանաչ ընկերությունների հետ», ասաց վարչապետը եւ շարունակեց. «Այսօր խոշոր կորպորատիվ ձեռնարկությունները մրցակցային առավելություններ են ձեռք բերում այն պարզ պատճառով, որ նրանց հզորությունները շատ մեծ են եւ կարողանում են աշխատել համաշխարհային շուկաներում: «Գրանդ Քենդիի» համար թիվ մեկ խնդիրը պետք է լինի արտադրողականության ավելացումը, որպեսզի այն առավել մրցունակ լինի: Մենք դրանում շահագրգռված ենք, քանի որ դա նախ մեծաթիվ քաղաքացիների աշխատանքի հարց է լուծում, բացի այդ, համակարգաստեղծ է, օգտագործում է տեղի հումքը, աշխատատեղեր է ստեղծում նաեւ գյուղատնտեսության ոլորտում»:

Իր խոսքում Տիգրան Սարգսյանը նաեւ հավաստիացրեց. «Մենք մեր ընտանիքում հիմնականում սպառում ենք «Գրանդ Քենդիի» արտադրանքը, քանի որ որակը բավականին բարձր է, իսկ գինն էլ այլ ապրանքատեսակների համեմատ ունի մրցակցային առավելություններ»:

«Գրանդ Քենդիի» ղեկավար Կարեն Վարդանյանը , խոսելով ընկերության զարգացման հեռանկարների մասին, հայտնեց, որ եկող տարի ընկերության հիմնադրման 10-ամյակն է նշվելու եւ բացվելու է կոնֆետի նոր արտադրամասը: Իսկ մինչ այդ բացվել է նոր տպարանը, որտեղ կատարվել են 3 մլն եվրո ներդրումներ:

Այն հարցին, թե ինչպե՞ս է անդրադարձել ճգնաժամը ընկերության վրա, Կարեն Վարդանյանը պատասխանեց, որ արտադրության ծավալները 10 տոկոս անկում են ունեցել, բայց հույս հայտնեց, որ եկող տարի արտադրության ծավալները կվերականգնվեն եւ կվերադառնան 2008-ի ցուցանիշին: Միաժամանակ, «Գրանդ Քենդիի» նախագահը շեշտեց, որ չնայած ճգնաժամի ազդեցությանը, ընկերությունում աշխատատեղեր չեն կրճատվել եւ աշխատավարձերը չեն իջեցվել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4