Այս տարի Կամերային երաժշտության տանն անցկացված «Վերադարձ» ամենամյա երաժշտական փառատոնը սիմֆոնիկ համերգով ավարտվեց Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում: Ինչպես միշտ, Մարիամ Շահինյանի եւ Գարիկ Նազարյանի (երկուսն էլ «Ազգային պատկերասրահ» գարնանային փառատոնի մենեջերներն են) կազմակերպած փառատոնը ներառում էր տարբեր ժանրային ուղղվածության վեց համերգ: Ստացվեց ավելի շուտ համերգների շարք. չէ՞ որ Բուլղարիայի երաժշտության երեկոն թեմատիկ առումով չէր ներգծվում «Վերադարձի» գաղափարի մեջ, ինչպես նաեւ Զավեն Վարդանյանի ղեկավարությամբ երեւանյան Մենակատարների անսամբլի ելույթը:
Հասկանալի է, որ կոնցեպտուալ ծրագիր իրականացնելը դյուրին չէ, բայց, այդուհանդերձ, պետք է ձգտել դրան, ինչպես նաեւ (վերջապես) վճռել անցկացնելու արդի երաժշտության միջազգային փառատոնՙ պրոֆեսիոնալ կերպով ընտրված ծրագրով: Բացի դրանից, Հայաստանում այժմ կան նաեւ ուրիշ խնդիրներ: Գեղարվեստական, այդ թվում նաեւ երաժշտական շատ նախագծերի առեւտրայնացումը հաճախ նպաստում է ոչ այնքան բարձր գեղարվեստական ճաշակի տարածմանը, ինչը մեր մշակույթի ընդհանուր վիճակի պայմաններում անչափ վտանգավոր է: Եվ պետք չէ արդարանալ, թե դա ժողովրդին իբր դուր է գալիս...
«Վերադարձ» փառատոնն, այնուամենայնիվ, կարեւոր քայլ կատարեց դեպի նախանշված նպատակըՙ հրավիրելով մեր փայլուն երաժիշտներից մեկինՙ քսան տարի առաջ Իսրայել գաղթած դաշնակահար եւ դիրիժոր Վահագն Պապյանին: Ափսոս, որ հիմա նա մեր երկիրը չի ներկայացնում եւ առհասարակ ստեղծագործական առումով բնավ կապված չէ հայրենիքի հետ: Օրինակ, Պապյանը կարող էր որպես դիրիժոր հանդես գալ Yerevan Musicfest-ում: Հիշեցնենք, որ նա երկու համերգաշրջանՙ 1987-1989 թթ. գլխավորել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, իսկ Երեւանում Վալերի Գերգիեւի աշխատանքի վերջին տարում (1984-1985 թթ. համերգաշրջան) նվագախմբի երկրորդ դիրիժորն էրՙ մինչ այդ նրա հետ քանիցս հանդես գալով նաեւ որպես դաշնակահար: Պապյանը (ծնվ. 1956 թ.) իր դիրիժորական կրթությունն ստացել է Լենինգրադի կոնսերվատորիայի Իլյա Մուսինի դասարանում (1982-1984), Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետում Միխայիլ Վոսկրեսենսկու դասարանն ավարտելուց տարիներ անց:
1990-ին Վահագն Պապյանն ընտանյոք արտագաղթեց Իսրայել, որտեղ Երաժշտության ակադեմիայում դասավանդում էր կամերային անսամբլ եւ դիրիժորությունՙ մշտապես հանդես գալով Իսրայելի կամերային եւ սիմֆոնիկ նվագախմբերի (ամենից շատՙ Բիր-Շեւա նվագախմբի) վահանակների մոտ: Բացի այդ, որպես դիրիժոր շրջագայում է ողջ աշխարհումՙ հանդես գալով մասնավորապես New Japan Philharmonic-ի, Մոսկվայի, Բելգրադի եւ նորվեգական Թրոնհեյմի սիմֆոնիկ նվագախմբերի հետ, իսկ որպես դաշնակահար հիշատակման արժանի են նրա բազմամյա ելույթները ականավոր ջութակահար Մաքսիմ Վենգերովի հետ (EMI Classic-ում նրանք ձայնագրել են Բեթհովենի ջութակի սոնատները): Ի դեպ, Պապյանի արտասահմանյան արտիստական անունն է Վագ Պապյան:
Ներկա երեւանյան այցը առաջինը չէ նրա Իսրայել գաղթելուց հետո: 1993-ին նա Կամերային երաժշտության տանը ունեցավ համերգ, որտեղ միաժամանակ հանդես եկավ որպես դաշնակահար եւ դիրիժոր: Հայաստանի Կամերային նվագախմբի այն ժամանակվա գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Ռուբեն Ահարոնյանի հրավերով հայրենիք գալովՙ Պապյանը ներկայացրեց Վ. Ա. Մոցարտի ստեղծագործություններից կազմված ծրագիր: Որպես դաշնակահար նա մենակատարն էր դո մաժոր թիվ 21 Դաշնամուրի կոնցերտում եւ ունկնդիրներին հիացրեց դաշնամուրային մեղմ հպումներով, որոնք ծնում էին նրբագեղություն դանդաղ երաժշտության մեջ եւ մարգարտյա փայլՙ արագ պասաժներում: Որպես դիրիժոր նա ղեկավարեց նվագախումբը թիվ 3 Դիվերտիսմենտի եւ Ջութակի, ալտի ու նվագախմբի կոնցերտային սիմֆոնիայի կատարման ժամանակ (մենակատարներ Ռուբեն Ահարոնյան եւ Կոմիտասի անվան քառյակից հայտնի Յակով Պապյան. երկուսն էլ ավա՜ղ, ապրում են Հայաստանից դուրս):
Այնուհետեւ, Վահագն Պապյանը Երեւան եկավ 2003-ին Վ. Բ. Բելլինիի «Նորմա» ֆիլմ-օպերայի նախապատրաստման կապակցությամբ (բեմադրիչ Բորիս Հայրապետյան), սակայն մասնակցեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի միայն նախնական փորձերին: Ընդհատված աշխատանքի պատճառները ինձ հայտնի չեն: Եվ, այնուամենայնիվ, աններելի է, որ հեռվից Պապյանի արվեստի մասին լսելովՙ ոչ պետությունը, ոչ էլ մասնավորապես մենեջերները որեւէ ջանք չգործադրեցին Հայաստանի հետ նրա ստեղծագործական կապերը վերականգնելու համար:
Եվ ահա երկար սպասված բերկրալի հանդիպումն է փորձով եւ միջազգային փառքով իմաստնացած երաժշտի հետ: Պապյանը ելույթ ունեցավ Հայաստանի Երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հետ, որի վահանակի մոտ դրա ղեկավար Սերգեյ Սմբատյանն էր: Ծրագրում ընդգրկված էին Լ. վան Բեթհովենի «Կորիոլան» նախերգանքը, Դաշնամուրի ու նվագախմբի թիվ 1 դո մաժոր կոնցերտը եւ Ֆ. Շոպենի Դաշնամուրի ու նվագախմբի 2-րդ ֆա մինոր կոնցերտը:
Նոր հարյուրամյակում Պապյանը պահպանել է իր դաշնամուրային արվեստին ներհատուկ անկրկնելի անհատականության գծերը: Նախ եւ առաջ, դա արտիստական մտածողության անկաշկանդությունն է, որը դաշնակահարին թույլ է տալիս իր արվեստը զգալ որպես շարունակական ընթացք: Պապյանի ստեղծագործական նախաձեռնությունը գրավիչ է եւ թվում է անսահման, հավանաբարՙ անսպասելի գեղարվեստական լուծումների պատճառով, որոնք տվյալ մեկնաբանությունը դարձնում են իր տեսակի մեջ միակը:
Պապյան դաշնակահարի մյուս գիծը սահմանում է նրա խառնվածքի փիլիսոփայական բնույթը: Վերլուծության, դասակարգման եւ ընդհանրացման հակված Պապյանը բանական է նաեւ կատարողական արվեստում: Ձեւի ընդգրկումը, ստեղծագործական ոճը շահեկանորեն ընդգծող հղկված երաժշտական կառուցվածքները ներդաշնակորեն հարաբերակցվում են դրա ընդհանուր հնչյունային մթնոլորտի հետ: Այդպես էլ Երեւանում կատարված բեթհովենյան եւ շոպենյան կոնցերտները տարբերվում էին այդ հնչյունային մթնոլորտով, թեեւ երկու դեպքերում էլ ձայնի մանրատման եւ հղկման վապետությունը պերճախոս կերպով վկայում էր Պապյանի անհատական ոճի մասին:
Որպես Պապյանի կարեւոր ազգային արժանիքՙ ուզում եմ նշել ռիթմի սուր զգացողությունը: Հետաքրքրական է, որ նույնիսկ ֆանտաստիկորեն արագ տեմպերում, օրինակ, Բեթհովենի կոնցերտի վերջնամասում, որը հիացրեց սադափյա պասաժների ցրոնքով եւ պատկերային գունագեղությամբ, լսողությունն արձանագրում էր բնորոշ ռիթմիկ մանրամասները: Իսկ երկրորդ մասում դաշնակահարի ռիթմիկ նրբազգացությունը մեղեդուն հաղորդեց առանձնակի լարվածություն:
Շոպենի կոնցերտի կատարումը կարելի է անվանել իրադարձային: Հանճարեղ կոմպոզիտորի շատ վաղ շրջանի ստեղծագործությունը երիտասարդ դաշնակահարների կատարմամբ սովորաբար գերում է ռոմանտիկական ապրումների մաքրությամբ, սակայն Պապյանի կատարումն ուրիշ էր: Դրամատիկական արտահայտչականության արվեստին հմտորեն տիրապետող դաշնակահարը ի հայտ բերեց ողբերգական տրամադրությունների մի ամբողջ սպեկտր, որտեղ նույնիսկ անցյալը ողբերգականի էություն է, քանզի անդարձ կորած է, դարձել է հուշ (առաջին մաս):
Դաշնակահարը Շոպենի կոնցերտի դրամատիկական մեկնաբանության հայեցակարգը անչափ հետաքրքրական ձեւով զարգացրեց երկրորդ մասում, որը կատարվեց որպես մենախոսություն-ռեչիտատիվ: Իսկ վերջում, անմոռանալի ահազանգ ունեցող երրորդ մասում Վահագն Պապյանը բացահայտեց դաշնամուրային արվեստի նոր դարաշրջանն ազդարարած 19-ամյա Շոպենի երաժշտության քողարկված դրամատիզմի ամբողջ խորությունը:
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր