«Չարենցի բանաստեղծությունները հետաքրքրում են գերմանացիներին: Դրանցում տխրություն կա, կարոտախտ, կորսված հայրենիքի կանչ եւ ընդհանրապես արեւելյան կոլորիտ, որոնց մասին նրանք ցանկանում են իմանալ այսօր, որովհետեւ նրանց մեծ մասը ոչինչ չգիտի Հայաստանի ո՛չ խորհրդային շրջանի, ո՛չ էլ, առավել եւս, դրանից առաջ օսմանյան շրջանի Թուրքիայում կատարված իրադարձությունների մասին», նշում է մեր զրույցի ժամանակ գերմանացի լեզվաբան, պրոֆ. Մաթիաս Ֆրիցը , ով գերմաներեն լեզվով հրատարակել է «Հարդագողի ճամփորդները» վերնագրով գրքույկը:
Մաթիաս Ֆրիցը ծնվել է Ֆրանկունիայի (Հյուսիսային Բավարիա) փոքրիկ մի քաղաքումՙ Բամբերգում, 1968 թվի դեկտեմբերի 8-ին: Նախնական եւ երկրորդական կրթությունը տեղի դպրոցներում ստանալուց հետո հաճախում է Վուրցբերգի համալսարանը (Ֆրանկունիա), որտեղ ուսումնասիրել է համեմատական լեզվաբանություն, հունարեն, լատիներեն, սանսկրիտերեն եւ հայերեն (գրաբար): Այնուհետեւ, այդ նույն համալսարանում սանսկրիտերեն է դասավանդել, որի ընթացքում հանդիպել է իր ապագա կնոջըՙ Զիգլինդեին: Ամուսնացել են եւ բախտավորվել 2 երեխաներովՙ Լաուրենցիուս (7 տարեկան) եւ Ֆիորենտինա (3 տարեկան) անուններով: Մաթիասը համեմատական լեզվաբանության գծով դոկտորական է պաշտպանել Բեռլինի համալսարանում:
2006 թվից սկսել է հետաքրքրվել Գերմանիայի ակադեմիական փոխանակումների ծառայության (DAAD) ծրագրերով եւ համապատասխան հավանություն ստանալուց հետո 2007 թվին եկել է Երեւան դասավանդելու Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում: Ներկայումս զբաղեցնում է այդ համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի գերմաներենի ամբիոնի վարիչի պաշտոնը:
Մեր հարցին, թե ինչպե՞ս են ընտրվել հեղինակը եւ գործերը, Մաթիասը պատասխանեց, որ իրեն օգնել են մտավորականներ Հակոբ Մովսեսն ու Հրաչ Ստեփանոսյանը: Իրեն ներկայացված որոշակի բանաստեղծությունների խմբաքանակից նա ընտրել է եւ իր գրքույկում ներառել Չարենցի հետեւյալՙ «Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար», «Հայրենիքում», «Պոետ», «Հարդագողի ճամփորդները», «Քո՜ւյր, երազներն այրվեցին ու անցան», «Տաղ անձնական», «Աղմկում է իմ սրտում ամեն գիշեր մի կարոտ», «Մահվան տեսիլ», «Յոթ խորհուրդ գալիքի սերմնացաններին» եւ «Յոթ խորհուրդ գալիքի երգասաններին» ոտանավորները:
Գրքույկը լույս է ընծայել գերմանական «Սուկուլտուր» հրատարակչատունը, որը հայտնի է մատչելի գներով փոքրածավալ գրքույկներ հրատարակելով: Չարենցը օտարալեզու գրականությունը գերմանացիներին ծանոթացնելու այդ մատենաշարի 82-րդ պրակն է: Դրանից առաջ լույս են տեսել Մարկ Դեգենսի, Դեյվիդ Վագների, Թիմո Բերգերի, Թոմ Շուլցի, Մոնիկա Ռինքի, Ալեք Պոպովի, Աստրիդ Նետտեի, Իրիս Հանիքային եւ այլոց գործերը: Մեկ եվրո արժողությամբ գրքույկը վաճառվում է մետրոյի կայարաններում, որը, ըստ Մաթիաս Ֆրիցի, սովորություն է Գերմանիայում:
«Չարենցը շատ կարեւոր է մեզ համար եւ այդ պատճառով էլ այժմ զբաղված եմ նաեւ նրա «Երկիր Նաիրի» գործի թարգմանությամբ, որը դանդաղ է առաջ գնում, բայց վստահ եմՙ կհաղթահարեմ դժվարությունները», մեր հարցին, թե ինչո՞վ է այժմ զբաղվում, պատասխանում է Մաթիասը, հավելելով, որ միաժամանակ ավարտին է հասցրել արդեն Ակսել Բակունցի «Սեւ ցելերի սերմնացանը» կարճ պատմվածքը, որը հավանաբար կտպագրվի գերմանական մի նոր պարբերականում:
Մաթիաս Ֆրիցը հոկտեմբերին մասնակցելու է միջմշակութային ուսումնասիրություններին նվիրված Ստամբուլի կոնֆերանսին, կորեացի, ճապոնացի, իսպանացի, լիտվացի, մեքսիկացի եւ այլ ազգությունների ներկայացուցիչների հետ: Առիթից օգտվելով նա այցելել է Բուրսա, քանի որ ուսումնասիրում է նաեւ Հակոբ Օշականի ստեղծագործությունները:
Իր փոքրիկ գրքույկով պրոֆ. Մաթիաս Ֆրիցը անգնահատելի ավանդ է ներդնում հայ գրականությունն օտարներին ծանոթացնելու գործում: Իր իսկ խոսքերովՙ արժեքավոր շատ գործեր կան, որոնք ներկայացված չեն օտարներին:
Զրույցը վարեց ՀԱԿՈԲ ԾՈԻԼԻԿՅԱՆԸ