«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2009-11-21 | #214, 2009-11-24 | #215, 2009-11-25


ՏԻԳՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ԷԼ ՆՎԱՃԵՑ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ

Հարավային Կորեայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում երեկ մրցահարթակ դուրս եկավ Հայաստանի երկրորդ ներկայացուցիչըՙ օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը : Պեկինի օլիմպիադայից հետո դա Տիգրանի միջազգային առաջին մրցումն էր: Վերջին անգամ նա մրցահարթակ էր դուրս եկել փետրվարին կայացած Հայաստանի առաջնությունումՙ ցույց տալով համեստ արդյունք: Աշխարհի առաջնությունում Տիգրանի գլխավոր մրցակիցները չինացի երկու ծանրորդներն էին: Հարկ է նշել, որ Տիգրանն առաջին անգամ էր մասնակցում ավելի ծանրՙ մինչեւ 77 կգ քաշային ծանրորդների մրցավեճին, ուստի աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը նրա համար մեծ նվաճում է:

Պոկում վարժությունը Տիգրանը սկսեց 165 կգ-ից, թեեւ սկզբում 160 կգ էր պատվիրել: Առաջին փորձը հաջող էր: 170 կգ ծանրությունը նա բարձրացրեց միայն 3-րդ փորձից, ինչը նրան այս վարժությունում փոքր արծաթե մեդալի արժանացրեց: Հիանալի հանդես եկավ չինացի ծանրորդ Քսիաոջին Լուն, որը 3-րդ մոտեցմամբ աշխարհի նոր ռեկորդ սահմանեցՙ բարձրացնելով 174 կգ: Բրոնզե մեդալին արժանացավ չինացի մյուս ծանրորդըՙ Դաջին Սուն, որը բարձրացրեց 165 կգ:

Դրամատիկ պայքարում անցավ հրում վարժությունը: Տիգրան Մարտիրոսյանը միայն 2-րդ փորձից բարձրացնելով 200 կգ, 3-րդ մոտեցման ժամանակ ձախողվեց 205 կգ ծանրաձողը բարձրացնելիս: Նրան մնում էր սպասել իր գլխավոր հակառակորդների ելույթներին: Չինացի Քսիաոջին Լուն 2-րդ մոտեցմամբ բարձրացնելով 204 կգ, երկամարտի 378 կգ արդյունքով առաջ անցավ Տիգրանից: 3-րդ մոտեցման ժամանակ նա փորձեց գերազանցել Օլեգ Պերեպեչոնովի աշխարհի ռեկորդը (210 կգ), սակայն չկարողացավ գլխավերեւում պահել 211 կգ-անոց ծանրաձողը: Բայց 204 կգ-ն էլ բավական էր, որ չինացի ծանրորդը երկամարտի 378 կգ արդյունքով նվաճեր աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Ընդ որում այդ արդյունքը, ինչպես նաեւ պոկում վարժության ցուցանիշը (174 կգ) համաշխարհային նոր ռեկորդներ էին: Տիգրանին կարող էր գերազանցել նաեւ կորեացի Կիմ Քվանգ Հոնը: Դրա համար նրան անհրաժեշտ էր սանձել 212 կգ-անոց ծանրաձողը: Սակայն նրա երկու մոտեցումներն էլ անհաջող էին: Այսպիսով, Տիգրանը երկամարտի 370 կգ (170+200) արդյունքով դարձավ աշխարհի փոխչեմպիոն: Բրոնզե մեդալը նվաճեց չինացի Դաջին Սունՙ 365 կգ (165+200):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4