Գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ վարչության նոր պետ: Հրամանագիրն այդ մասին ստորագրել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, երեկ հայտնեցին սահմանապահ վարչությունում: 2007 թ. օգոստոսից Վլասովը վարել է ՌԴ Հեռավորարեւելյան դաշնային օկրուգում ՌԴ ԱԴԾ տարածաշրջանային սահմանապահ վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը:
Վիկտոր Պետրովիչ Վլասովը ծնվել է 1958 թվականի հոկտեմբերի 6-ին Ալթայի երկրամասի Պավլովսկի շրջանի Պավլովսկ բանավանում: 1976 թ. զորակոչվել է սահմանապահ զորքեր եւ ժամկետային ծառայությունն անցել է Խաղաղօվկիանոսյան Կարմրադրոշ սահմանապահ օկրուգում: Սպայական ծառայությունն անցել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի Արեւմտյան Կարմրադրոշ սահմանապահ օկրուգի «Կիեւ-օդանավակայան» հսկիչ անցագրակետումՙ իբրեւ ուղեւորների եւ տրանսպորտային միջոցների ձեւակերպման բաժանմունքի դասակի հրամանատար: 1992-2001 թթ. ծառայել է ՌԴ սահմանապահ դաշնային ծառայության (ՍԴԾ) Հեռավորարեւելյան Կարմրադրոշ սահմանապահ օկրուգի Ռայչիխինսկի սահմանապահ ջոկատում, այնուհետեւ եղել «Խաբարովսկ» առանձին հսկիչ անցագրակետի պետի տեղակալ, պետ:
2001-03 թթ. եղել է ՌԴ ՍԴԾ Հեռավորարեւելյան սահմանապահ տարածաշրջանային վարչության պետի տեղակալ, 2003-05 թթ.ՙ «Պետրոզավոդսկ» (Կարելիա) տարածքային բաժնի պետ, ՌԴ ԱԴԾ Հյուսիսարեւմտյան սահմանապահ տարածաշրջանային վարչության պետի տեղակալ: 2005-07 թթ. գլխավորել է Խաբարովսկի երկրամասում ու Հրեական ինքնավար մարզում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունը:
Վլասովը փոխարինում է գեներալ-լեյտենանտ Սերգեյ Բոնդարեւին, որը ՌԴ նախագահի հրամանագրով նոր նշանակում է ստացել երկրի Հեռավորարեւելյան տարածաշրջանում: 51 տարեկան Բոնդարեւը մեր հանրապետությունում է ծառայել 2002 թ. օգոստոսից ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան գերազանցությամբ ավարտելուց հետո: Սկզբից նա եղել է Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության շտաբի պետ, իսկ 2003 թ. հուլիսիցՙ վարչության պետ:
Հետագա ծառայության վայր մեկնելու կապակցությամբ գեներալ Բոնդարեւն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության ղեկավարությանն ու կառավարությանը, ՀՀ պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, սահմանապահ զորքերի, ոստիկանության ղեկավարությանըՙ բազմամյա բեղմնավոր համագործակցության համար: Նա խաղաղություն ու բարգավաճում է ցանկացել դաշնակից հայկական պետությանն ու եղբայրական հայ ժողովրդին:
Թուրքիայի (330 կմ) եւ Իրանի (45 կմ) հետ Հայաստանի պետական սահմանի պահպանության համակարգը լիովին պահպանվել է ԽՍՀՄ ժամանակներից: Մեր հանրապետությունում ՌԴ սահմանապահ զորքերի ներկայիս տեղակայման իրավական հիմքն է հանդիսանում ՀՀ-ի տարածքում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին միջպետական պայմանագիրը, որը կնքվել է Երեւանում 1992 թ. սեպտեմբերի 30-ին: Հայաստանի իշխանությունները հանրապետությունում ՌԴ սահմանապահների ներկայությունը, ՌԴ ռազմակայանի հետ մեկտեղ, իրավամբ համարում են երկրի ազգային անվտանգության կարեւոր բաղկացուցիչը:
Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության կազմում են չորս սահմանապահ ջոկատՙ Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում ու Մեղրիում, ինչպես նաեւ Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում առանձին հսկիչ անցագրակետը: ՀՀ-ում ՌԴ սահմանապահների (նրանց թիվը մոտավորապես 4,5 հազար է) ծառայության ծախսերը հոգում են երկու պետությունների կառավարություններըՙ մոտավորապես հավասար:
ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ