Երեւանի թիվ 10 կամ «Գոլդ» ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված դերասան Վլադիմիր Կոստանյանն ինքնաբացարկ է հայտարարել: Հայտարարության մեջ դերասանն ասել է, որ ժողովրդի պահանջած քաղաքական որոշ գործիչների առաջադրվելու պարագայում պատրաստ է մրցակցությունից դուրս գալ եւ չհակադրվել ժողովրդի տվյալ հատվածի դիրքորոշումներին` ընդունելի լինեն, թե ոչ: Սակայն սրանով դերասանն իր քաղաքական գործունեությունն ավարտված չի համարում: Վերջինս կսպասի հերթական խորհրդարանական ընտրություններին, կվերականգնվի Հայաստանի առաջադիմական կուսակցության շարքերում եւ խորհրդարան կմտնի թիմով: «Ինքնաբացարկ եմ հայտարարում եւ չեմ պատրաստվում խառնվել ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության թեկնածու Հմայակ Հովհաննիսյանի մրցակցությանը: Թող ժողովուրդն ինքը կողմնորոշվի արդեն ամբողջովին բացահայտված իրավիճակում»:
Հունվարի 10-ին կայանալիք ընտրություններում առաջադրվել են «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, մարքսիստ Դավիթ Հակոբյանն ու Ազգային միաբանությունից Արա Սիմոնյանը: Էդուարդ Մադաթյանին ոստիկանությունը հրաժարվել է տեղեկանք տրամադրել:
Հ. Հ.