Իր լիագումար նիստում Եվրոխորհրդարանը երեքշաբթի օրը ձայների ճնշող մեծամասնությամբՙ 550 կողմ, 56 դեմ եւ 60 ձեռնպահ, քվեարկել է Հայաստանին 100 միլիոն եվրոյի մակրոֆինանսական օգնություն հատկացնելու ծրագրի օգտինՙ դրանով այդ ծրագիրը հաստատման ներկայացնելով Եվրոմիության նախարարների Խորհրդին: Նախարարների խորհուրդը Եվրոմիության որոշումները կայացնող գլխավոր մարմինն է:
Հայաստանին հատկացման ներկայացված 100 միլիոն եվրոյից 65 միլիոնը նախատեսվում է որպես վարկ, 35 միլիոնըՙ որպես դրամաշնորհ: Հարցի հիմնական զեկուցող Վիթալ Մորրեյրան բացատրել է, որ հաստատվելու դեպքում օգնությունը նախատեսվում է երկու մասով ուղղել Հայաստան, հնարավորության դեպքումՙ 2010 թվականի ընթացքում: Իսկ նպատակը Հայաստանի տնտեսության կարգավորումն է, բյուջետային այն կարիքների սպասարկումը, որոնք նշել է Արժույթի միջազգային հիմնադրամը: