«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2009-11-24 | #215, 2009-11-25 | #216, 2009-11-26


ՉԵԽԻԱՅՈՒՄ ՆՇՎԵՑ «ՕՐԵՐ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳՐԻ 10-ԱՄՅԱԿԸ

Նոյեմբերի 20-ի երեկոյան Պրահայի կենտրոնական գրադարանի մեծ դահլիճում հանդիսավորությամբ նշվեց «Օրեր» եվրոպական ամսագրի 10-ամյակը: 1999 թվականի վերջերին Չեխիայի մայրաքաղաքում հիմնադրված ամսագիրը 10 տարվա ընթացքում ոչ միայն չեխահայության, այլեւ եվրոպական մի շարք երկրների հայության սիրված պարբերականն է դարձել: Ինչպես իր ողջույնի խոսքում նշեց Ավստրիայում ՀՀ դեսպանության Պրահայի գրասենյակի ղեկավար Աշոտ Ոսկանյանըՙ «Օրերն» անցած տարիներին մեծապես նպաստել է Արեւելյան Եվրոպայում եւ մասնավորապես Չեխիայում հանգրվանած մեր հայրենակիցների եւ Հայաստանի միջեւ կապերի ամրապնդմանը, տպագրվել է արեւելահայերենով, լայնորեն լուսաբանել եվրոպահայության անցուդարձը, կատարելով մեծ ու կարեւոր աշխատանք»: «Օրեր»-ի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանն ընթերցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղերձը ամսագրի 10-ամյակի առթիվ: Շնորհավորելով խմբագրակազմին, նախարարը մասնավորապես նշել էՙ «Վստահ եմ, որ Ձեր ամսագիրը ոչ միայն Չեխիայի հայ համայնքի ամենասիրելի եւ սպասված պարբերականներից մեկն է, այլեւ արդեն հաստատուն եւ անքակտելի կամուրջ է Հայրենիքի եւ Սփյուռքի միջեւ: Դժվար չէ պատկերացնել, որ այդ ամենին հասնելու համար ինչպիսի դժվարություններ եք հաղթահարել եւ միայն համառ ու անկոտրում կամքի եւ նվիրումի շնորհիվ կարողացել եք ստեղծել եւ իրականացնել Ձեր Երազանքը, ունենալ հայատառ եւ հայակնիք եւս մեկ պարբերական Եվրոպայում:

Համոզված եմ, որ այսօր ՀՀ սփյուռքի նախարարության եւ «Օրերի» միջեւ ստեղծված համագործակցությունն էլ ավելի է խորացնում եւ ջերմացնում Հայրենիքի եւ համայնքի միջեւ հոգեւոր հաղորդակցությունը, եւ լավ խթան է նաեւ ապագա ծրագրերի համար»:

Նախարարը հույս է հայտնել, որ «Օրերը» կշարունակի մնալ հիրավի ազատ ամբիոն մեր բոլոր հայրենակիցների համարՙ մաղթելով նոր խորագրեր, նոր հովանավորներ եւ բազում ընթերցողներ:

«Օրեր»-ի 10-րդ տարեդարձը շնորհավորեց նաեւ նկարիչ, «Արմենիա» ակումբի նախագահ Տիգրան Աբրահամյանը , որն «Օրեր»-ի 1-ին համարի լույս ընծայումը համարեց երեւույթ Չեխիայի հայ համայնքի կյանքում եւ կարեւորեց ամսագրի ունեցած կշիռը, նկատելով, որ նույնիսկ մի շարք միջազգային պարբերականներ «Օրեր»-ից հոդվածներ են արտատպել:

Պրահայի Կարոլինյան համալսարանի երգչախմբի եւ նվագախմբի գլխավոր դիրիժոր Հայկ Ութիջյանը ընդգծեց «Օրերի» դրական դերը հայ-չեխական հարաբերություններում, եւ չեխերեն էջերով ու թարգմանական նյութերով հայկական մշակույթը չեխ ընթերցողին եւ չեխական արվեստըՙ հայ ընթերցողին ներկայացնելու կարեւոր գործը: «Շատերը փորձեցին թերթեր հրատարակել, սակայն Հակոբ Ասատրյանի գլխավորած «Օրերը» միակն էր, որ դիմացավ ժամանակի փորձությանը եւ 10 տարի շարունակ հասավ ընթերցողին», ասաց Հայկ Ութիջյանը :

Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցի ուսուցչուհի Լարիսա Գրիգորյանն իր շնորհավորանքի խոսքն ասաց իբրեւ ընթերցող. «Չնայած հայկական հեռուստատեսության եւ ինտերնետի առկայությանը, «Օրերի» ամեն մի նոր համարի հետ մեր տուն է մտել ջերմություն, եւ մենք զգացել ենք Հայաստանի շունչը»: Նրա ասելով, «Օրերը» բերել է ոչ միայն հայաշունչ խոսք, այլեւ թեմաների ու հոդվածների բազմազանություն, ինչը վկայում են նաեւ դահլիճի էկրանին ցուցադրվող ամսագրի բոլոր համարների շապիկները:

Իսկ շաբաթօրյա դպրոցի տնօրեն Արմեն Քոլոյանը , շնորհավորելով ամսագրի խմբագրին, շեշտեց, որ պարբերականն անցած տարիներին միշտ եղել է դպրոցի կողքին եւ հաղթահարելով բազում դժվարություններ, կարողացել է դառնալ համայնքային կյանքի լուսաբանման միակ օրգանը:

«Օրերի» գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը շնորհակալություն հայտնեց ամսագրին աշխատակցած լրագրողներին, աջակցած բոլոր հովանավորներին ու հոգաբարձուների խորհրդի անդամներին, Պրահայի քաղաքապետարանին, խմբագրակազմին ու բաժանորդներին, հույս հայտնելով, որ 2010-ին եվրոպահայ ընթերցողը կտեսնի որակապես նոր «Օրեր»:

Երեկոյի մթնոլորտը ջերմացրին հայ երաժիշտները: Պրահայաբնակ ջութակահարներ Արմեն Սարգսյանը, Աննա Համբարձումյանը եւ երիտասարդ երգչուհի Վարինե Մկրտչյանը կատարեցին հայկական ժողովրդական երգեր: Իսկ վերջում բեմահարաթակը տրամադրվեց նախկին երեւանցի, ծագումով հունահայ երգչուհի Քրիստի Գայանե Սոխակյանի եւ իր չեխ ամուսնուՙ երաժիշտ Զդենեկ Կանսկիի խմբին: Նրանք հայտնի չեխ թավջութակահարուհի Մարգիտ Կլեպաչովայի հետ ներկայացրին հայկական ժողովրդական եւ հեղինակային երգեր, հունական ազգային եւ ջազային երաժշտական կատարումներ:

Գայանե Սոխակյանը ե՛ւ դաշնամուր էր նվագում, ե՛ւ երգում, ե՛ւ մեկնաբանում էր իր իսկ գրած ստեղծագործությունները: Համերգային հարուստ ծրագրից հետո ներկաները ջերմ մթնոլորտում ճաշակեցին հայկական լավաշն ու տոլման, «Մառլենկա» հանրահայտ թխվածքն ու ըմպեցին հայկական կոնյակ:

Այսպիսով, սկսվեց «Օրեր» ամսագրի 10-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:

Կովկաս-Արեւելյան Եվրոպա լրատվական կենտրոն, Պրահա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4