«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2009-11-24 | #215, 2009-11-25 | #216, 2009-11-26


ԲԱՐԵՎ ՁԵԶ, ՀԱՐԳԵԼԻ «ԱԶԳ»

Տագնապով կարդացի եւ իմացա այն սեւ ու մութ ամպերի մասին, որ կախվել են «Ալան Հովհաննես» կամերային նվագախմբի գլխին: Հարգարժան Մելանյա Բադալյանի հոդվածում ամեն ինչ ասված էՙ չեմ ուզում կրկնել: Միանալով հանդերձ հոդվածագրի հետ, հեռավոր Իսրայելից կուզեմ իմ ձայնն ու ստորագրությունը եւս ավելացնել հոդվածում անվանված հանրապետության անվանի արվեստագետների ցանկին (եթե կարելի է), երախտապարտ պարտքատիրոջ իրավունքով, քանզի ես եւս բախտ եւ երջանկություն եմ ունեցելՙ շփվելու հանրաճանաչ կամերային նվագախմբի հետ, որը մեծ վարպետությամբ, ներկայացնելով հայ կատարողական արվեստը, կատարեց իմ, Մենանվագ փողի եւ լարայինների համար գրված կոնցերտինը 2004 թվին, Ա. Խաչատուրյանի տուն-թանգարանում: Արարողություն, որին ներկա էին ՀՀ կառավարության մի շարք պաշտոնական անձիք, նաեւ աշխարհի մի շարք երկրների դեսպաններ, ներառյալ ԱՄՆ, Ռուսաստան, Իսրայել: Իսկ համերգը նվիրված էր Իսրայելի անկախության 56 ամյակին...: Վերադառնալով Իսրայելՙ ներկա եմ եղել համերգի կատարողական բարձր վարպետությանը վերաբերյալ քննարկման գեղեցիկ, եւ ինձ համար, անշուշտ, հաճելի, գովասանքի խոսքերին: Կրկնեմՙ հայ կատարողական արվեստն էր ներկայացված...

Իսկ այսօր, այդ արվեստի լավագույն խմբերից մեկի «լինել-չլինելը» վտանգված է: Ինչու՞: Փող չկա՞: Չեմ հավատում: «Թե մտքումդ տեղ ըլնիՙ ճրագում էլ յեղ կլնի». այ սրան ավելի եմ հավատում:

Պետք է եւ պետք է պահպանել այդ նվագախումբը: «Մութ ու ցուրտ» անիծյալ տարիներին Շենգավիթի շրջանի գործկոմը իր հովանավորության տակ առավ «Գանձեր» համույթը. Ի՞նչ է, այսօր ավելի վա՞տ եք ապրում: Ամոթ է... ու՞ր եք, աղա տղերք...

Իսկ «Ալան Հովհաննես» կամերային նվագախմբի «ոտքից գլուխ» իմ համակուրսեցի եւ համաաշխատակից, տաղանդաշատ եւ առաքինի Մերուժան Սիմոնյանը, համոզված եմ, վաղուց պիտի արժանացած լիներ ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը, կոչում, որ հատկապես վերջերս մի առանձնակի շռայլությամբ բաժանվում է «աջ ու ձախ»...

Հարգանքներովՙ Հայաստանի եւ Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ

ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ, Հայֆա, Իսրայել, 18.11.09.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4