Երեկ ՀՀ Ազգային ժողով էր այցելել Թուրքիայից ժամանած մտավորականների եւ կանանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների պատվիրակությունը:
Պատվիրակությունը Հայաստանում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի «Եվրոինտեգրումը եւ գենդերային հարցերը» ծրագրի շրջանակներում: Թուրքական պատվիրակությունը ցանկություն էր հայտնել հանդիպելու Հայաստանի ԱԺ կին պատգամավորների հետ եւ քննարկելու կանանց հիմնախնդիրների լուծման ազգային ծրագրի եւ եվրոինտեգրման գործընթացների արդյունավետության բարձրացման ուղղությամբ ՀՀ որդեգրած քաղաքականության մի շարք կարեւոր հարցեր:
Թուրք հյուրերին ընդունեցին խորհրդարանի կին պատգամավորները: Նրանք հույս հայտնեցին, որ սկսված հայ-թուրքական երկխոսության արդյունավետությանը իրենց նրբանկատությամբ ու մեղմությամբ կնպաստեն նաեւ կանայք:
Բոսֆորի համալսարանի գիտաշխատող Դեմիր Ռահիմե Բուլութը տեղեկացրեց, որ ուսումնասիրում է 1900-ի սկզբին հայատառ թուրքերենով գրող հայ գործիչների աշխատությունները: Այդ ուսումնասիրության ճանապարհին ինքը բազմաթիվ հետաքրքրական փաստերի է հանդիպել Թուրքիայում հայերի ակտիվ գործունեության եւ մեծ դերակատարության վերաբերյալ: Ի պատասխան ասվածի, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ես ուրախ եմ, որ դուք զբաղվում եք պատմության ուսումնասիրմամբ, վստահ եմ որ կլինեք անաչառՙ դրանով օգնելով Թուրքիային ընդունելու պատմական ճշմարտությունը, որովհետեւ յուրաքանչյուր պետություն հզոր է դառնում նաեւ իր անցյալն ընդունելով»:
Պատվիրակության ղեկավար, Ֆաթի համալսարանի դոցենտ Քաֆեր Ուլուն զբաղվում է հայ-թուրքական հարաբերություների ուսումնասիրությամբ, հեղինակն է «Հայերը Թուրքիայում» ծավալուն աշխատության, որի մի օրինակը նա նվիրել է Հայաստանի ԱԺ գրադարանին: Իր ուսումնասիրությունների տարիներին Քաֆեր Ուլուն բացահայտել է, որ թուրքական թատրոնի, երաժշտության, գրականության վրա բավական մեծ է հայկական ազդեցությունը, միաժամանակ թուրքերն էլ որոշակի ազդեցություն են ունեցել հայկական մշակույթի վրա: Թուրքական պատվիրակները կարծիք հնչեցրին, որ անհրաժեշտ է ակտիվացնել հասարակական շփումները, ինչին ի պատասխան Նաիրա Զոհրաբյանը նկատեց, թե հասարակություններն իրենք կարող են ազդել պետական քաղաքականության վրա, եւ վստահություն հայտնեց, որ թուրք հասարակությունը կունենա համարձակություն ընդունելու պատմական ճշմարտությունըՙ ազդելով իր երկրի պետական դիրքորոշման վրա, դրանով նպաստելով երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը:
Հանրապետական պատգամավորներ Հերմինե Նաղդալյանի եւ Կարինե Աճեմյանի կարծիքովՙ ակտիվ հանդիպումները հնարավորություն կտան լավ ճանաչելու միմյանց, բացի այդ, կարեւոր է, որ սկզբնական փուլում հանդիպում են մտավորականության ներկայացուցիչները, ովքեր ի վիճակի են հասարակական կարծիք ու ուղենիշ ձեւավորել:
«Ժառանգություն» խմբակցությունը ներկայացնում էին Լարիսա Ալավերդյանը , Անահիտ Բախշյանը եւ Զարուհի Փոստանջյանը : Նրանց կարծիքովՙ որքան մեծ լինի երկու հասարակությունների շփումը, այնքան կամրապնդվի վստահությունը, եւ որքան պատմությունն ազնիվ ներկայացվի, այնքան կշահեն երկու ժողովուրդները: Ըստ «Ժառանգության» կին պատգամավորներիՙ երկկողմ շփումներում միջնորդներ պետք չեն:
Թուրք պատվիրակները շնորհակալություն հայտնեցին ընդունելության, անկաշկանդ զրույցի համար, հույս հայտնելով, որ նման հանդիպումներն, իսկապես, կնպաստեն սկսված հայ-թուրքական երկխոսության ակտիվացմանը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը: