«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2009-11-25 | #216, 2009-11-26 | #217, 2009-11-27


«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՇՆՈՐՀԻՎ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԱՇԽԱՏՈՒԺԸ»

2010 թ. նախատեսվում է ապրանք արտադրողների միջազգային խորհրդաժողով կազմակերպել, որի ժամանակ կքննարկվեն Հայաստանի եւ Ռուսաստանի համատեղ գիտատեխնիկական զարգացման առաջնահերթությունները: Միջազգային խորհրդաժողովին կմասնակցեն Ռուսաստանի ապրանք արտադրողների միությունը, որի նախագահն է Նիկոլայ Ռիժկովը, 15 այլ երկրների ներկայացուցիչներ: Այս մասին երեկ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը : Արդյունաբերական ծավալների կրճատումն իր հետ միաժամանակ բերում է նաեւ գործազրկության, աղքատության մակարդակի աճ ու սոցիալական այլ խնդիրներ, որոնք էլ իրենց հերթին մեծացնում են արտագաղթի տեմպերը:

Վազգեն Սաֆարյանն արդի տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի տնտեսական քաղաքականությունը գնահատում է ոչ բավարար, մասնավորապես պատճառաբանելով երկիր ներմուծվող դրամական միջոցների ոչ նպատակային իրացումով: Տնտեսական քաղաքականության արդի միտումներն, ըստ մասնագետի, Հայաստանը դեռ երկար կպահեն ճգնաժամի մեջ:

Որպես հարցի արդյունավետ լուծման տարբերակ Սաֆարյանն առաջարկում է տնտեսական քաղաքականության մեջ լուրջ փոփոխություններ կատարել` հիմնվելով տեղական արդյունաբերության զարգացման վրա. «Երկիր ներմուծվող գումարները, հատկապես վարկերի տեսքով, պետք է ուղղել ոչ թե էլիտար շենքերի շինարարության աշխատանքներին, այլ ներքին արդյունաբերությանը` հնարավորություններ ստեղծելով տեղում զարգանալու համար»:

ՀՀ-ում, ըստ Սաֆարյանի, այժմ կան 1000-ից ավելի հայ-ռուսական համատեղ ձեռնարկություններ, որոնցից մեծ մասն այդպես էլ թղթի վրա է մնացել, այնինչ ռուսական կողմի ներդրումները կարելի էր օգտագործել ցածր տոկոսադրույքով տեղական արտադրողին վարկեր տրամադրելու ուղղությամբ: Տնտեսության մեջ առկա խնդիրներն ու կիրառվող քաղաքականության սխալները շտկելու առումով բանախոսը կարեւորում է արդյունաբերության վերականգնման օրենքի ընդունումը: Նման օրենքի կիրառումն աշխարհի տարբեր ծայրերում ճգնաժամի դեմ պայքարի իր արդյունավետությունն արդեն ապացուցել է: Վ. Սաֆարյանի վերլուծություններով, գազի սակագնի սպասվող բարձրացումը կբերի էլեկտրաէներգիայի եւ մյուս մենաշնորհների գների բարձրացման: Այդ պարագայում, ըստ բանախոսի, արտահանվող ապրանքների ծավալները կրկին կկրճատվեն, մինչդեռ արդեն այս տարի արտահանումը նախորդ տարիների 60-80 %-ն է կազմել: Որպես ելք Վ. Սաֆարյանը տեսնում է դոտացիաների սահմանումը, այլապես «մրցունակ ապրանքներ չենք ունենա»:

Վ. Սաֆարյանը հիշեցրեց, որ խորհրդային տարիներին արդյունաբերությունը ՀՆԱ-ում ունեցել է 66.7 %, որն էլ ապահովել է մասսայական աշխատատեղեր, ունեցել ենք մոտ 1 մլն 450 հզ. աշխատողներ, իսկ այսօր աշխատատեղերը կրճատվել են, կա արտագաղթ, եւ մենք պետք է կարողանանք արդյունաբերության զարգացման շնորհիվ վերադարձնել աշխատուժը:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4