Քարախաչի քամի, անխնամ ճանապարհ ու հեռացող երիտասարդություն Հարթաշենում
Ջավախքի եւ Բազումի լեռնաշղթաների միացման վայրում, 2273 մետր բարձրությունում գտնվող Քարախաչի լեռնանցքը, այստեղից եկող պաղ օդային զանգվածները շատ բանով պայմանավորում են Շիրակի որոշակի մասի կլիման: Լեռնանցքին ամենամոտը Աշոցքի արեւելյան մի քանի գյուղերն են, որտեղ Քարախաչի կտրող քամին տիրական ներկայություն է անգամ օգոստոս ամսին: Բարձրլեռնային ընդարձակ տափարակում տեղավորված Հարթաշենն այդ գյուղերից մեկն է:
Ավտոմեքենայով բավական դժվարությամբ անցած խորդուբորդ ու ամայի ճանապարհից հետո բնակավայրն էլ մեզ դիմավորեց մի զարմանալի անկենդան լռությամբ: Նոյեմբերյան ցրտաշունչ, ուժեղ քամոտ օ՞րն էր պատճառը, մինչկեսօրյա այդ ժամին դրսում անելիքի բացակայությո՞ւնը, թե մեկ այլ բան, բայց լուռ տներից բացի գյուղում մի քանի րոպե ոչ մարդ, ոչ կենդանի, ոչ մի շարժում չէր երեւում: Սակայն շուտով մարդիկ սկսեցին հայտնվել, գյուղը քիչ-քիչ կենդանացավ, շարժվեց:
Գյուղ մտնելիս ճանապարհից աջ դպրոցի փայտե կառույցն է` Իտալիայի Բելունո քաղաքի բնակիչների հետերկրաշարժյան նվերը Հարթաշենին: Օրը կիրակի էր, դասեր չկային, եւ դպրոցի ներսում նույնքան ցուրտ էր, որքան դրսում, միայն այստեղ դրսի քամին չկար: Աշոցքի խիստ կլիմայի պայմաններում էլ փայտե շենքում կարելի է դասեր անել, եթե հարկավոր ջեռուցում ապահովես: Դպրոցի փոքրիկ դասասենյակներում էլեկտրական ջեռուցման մարտկոցներ էին տեղադրված: Կրթօջախի տնօրեն Հովհաննես Ավետիսյանը , որի հետ տեղում զրուցեցինք, հավաստիացրեց, որ դասերի ժամանակ բավարար ջերմություն ապահովվում է: Բայց քիչ այլ բան էին ասում մի քանի աթոռ-նստարանների վրա աշակերտների թողած փոքրիկ բարձերը...
47 տնտեսությամբ, 212 բնակչով գյուղի այս իննամյա դպրոցն այսօր ունի 36 աշակերտ, ինչը շրջակա որոշ բնակավայրերի հետ համեմատած` ընդհանուր առմամբ վատ ցուցանիշ չէ: Կրթօջախում դասավանդում են 11 ուսուցիչներ` ներառյալ տնօրենը, բոլորն էլ` տեղից (միայն 1-ը գալիս է հարեւան գյուղից): Վատը վերջին տարիներին մեր փոքր գյուղական դպրոցներում կրթությունն ու գիտելիքը խանձարուրում թաղելու ծառայող, այսպես կոչված, երկկոմպլեկտ դասարանների առկայությունն է, տվյալ դեպքում` տիրապետող առկայությունը: Ինչ-որ տեղ գուցե նաեւ հարկադրված քայլ` առաջացող ժողովրդագրական ճգնաժամով պայմանավորված: 212 բնակչի առկայության պարագայում գյուղում այս տարի, կարծեմ, ընդամնեը 1 երեխա է ընդունվել առաջին դասարան եւ 1 հարսանիք է եղել: Սրանից էլ ցայտուն ժողովրդագրական պատկե՞ր:
Բնակչության չդադարող արտահոսքը լուրջ խնդիր է գյուղում: «Արտահոսք է շատ անտանելի, դեմը առնել հնարավոր չէ», հարցիս բառացիորեն այսպես արձագանքեց Հարթաշենի համայնքի ղեկավար Գրիշա Գալստյանը : Եվ հեռացողը երիտասարդությունն է` հիմնական աշխատող եւ վերարտադրող ուժը: Թե ինչու է հեռանում` երեւի դժվար չէ պատկերացնել: «Երիտասարդությունը բացարձակ ոչ մի զբաղմունք չունի, զուտ անասնապահությունն է ու վերջ»:
Համայնքը միայն 400 հեկտար վարելահող ունի: 1 ծխին ընկնող հողաբաժինը գյուղում կազմում է 6,3 հեկտար սեփականաշնորհված հող: Կոլխոզ-սովխոզի ժամանակ, երբ հողն ընդհանուր էր, լավ էլ մշակվում էր, արդյունք էր ստացվում, մարդիկ էլ աշխատանք ու վաստակ ունեին: Հիմա ամեն մեկը նշված չափով հող ունի, բայց այդ հողը չի մշակվում, մնում է սոսկ որպես բնական խոտհարք: Միայն այս տարի մի քիչ սկսել են մշակել, այն էլ` ընդամենը մի 20 հեկտարի չափ ցրտահերկ է արվել: Գյուղացու սուղ հնարավորությունները թույլ չեն տալիս հոգալ մշակության ծախսերը, առավել եւս, որ բերքն էլ պաշտպանված չէ բնության հաճախակի քմահաճություններից, ու ստացված արդյունքն այդ պատճառով էլ չնչին է լինում: Ութսունամյա նախկին երկարամյա մեխանիզատորը, որի հետ զրույցի բռնվեցինք, բացատրեց, որ տեխնիկա էլ չկա, եղած տեխնիկան վաղուց բարոյապես ու ֆիզիկապես մաշված է, աշխատելիս շուտ-շուտ շարքից դուրս է գալիս, եւ պահեստամասերի, վառելիքի գերածախսի պատճառով լրացուցիչ, վերջնարդյունքի տեսակետից չարդարացվող ծախսեր են ավելանում:
Զբաղվածության ու ապրուստի հիմնականում միակ միջոցը մնում է անասնապահությունը: Այն էլ, հասկանալի է, ոչ թե ինտենսիվ, այլ էքստենսիվ (գլխաքանակի հաշվին) անասնապահությունը, որ դարձյալ նշանակում է չարչարանքին ոչ համարժեք արդյունք: Եվ այստեղ էլ խնդիրներից խուսափել ոչ միշտ է հաջողվում: «Անցյալ տարի,- պատմեց Գրիշա Գալստյանը,- բրուցելոզ հիվանդություն ի հայտ եկավ, մոտ 140 գլուխ կթու կովեր մորթվեցին, հարկադիր սպանդի ենթարկվեցին: Գյուղը կրախի առաջ կանգնեց, եւ պետության կողմից ոչ մի աջակցություն չցուցաբերվեց: Բազմիցս դիմեցինք կառավարությունՙ նախագահի աշխատակազմ, Ազգային ժողով` արդյունքի չհասանք: Պատճառաբանեցին, որ այդ հիվանդությունը չի մտնում վնասների փոխհատուցման ցանկի մեջ»:
Նայում ես այս գյուղերի մանավանդ երիտասարդներին, նրանց անհեռանկար ապագային ու սիրտդ ցավում է: Ախր մարդու կյանքը, երիտասարդի կյանքը ինչպե՞ս կարող է պարփակվել միայն... անասուն պահելու նեղ շրջանակում: Մի քսան տարի առաջ նույնիսկ հետ ընկած գյուղերում գոնե մի ակումբ ու գրադարան, կենցաղի տուն, շատ տեղերում` արդյունաբերական ձեռնարկության մի արտադրամաս, աշխատանք կար, կինո կար, հավաքվել, շփվել, ուրախանալ կար: Հիմա Հարթաշենում թվարկվածներից ոչ մեկը չկա, մի կենտրոն, մի հավաքատեղի չկա: Անգամ գյուղապետարանը վարձակալված սեփական տուն է: Մարդը առավոտ-երեկո անասունին կեր տվեց, խնամեց` մնացած ամբողջ օրը չգիտե ինչով լցնել: Երիտասարդությունը հիմնականում ձմռանը գյուղում է, գարնանը մեկնում է արտագնա աշխատանքի: Իսկ գնացողներից շատերը 2-3 տարի հետո ընտանիքներն էլ տանում, այլեւս չեն վերադառնում...
Բնակավայրի հեռավորությունը Աշոցքից` 6-7, մարզկենտրոն եւ ամենամոտ քաղաք Գյումրուց 38 կիլոմետր է: Գյուղապետն իրենց գյուղի ամենահիմնական եւ առաջնային խնդիրներից մեկը վատթար վիճակում գտնվող ճանապարհը համարեց: Վերջինս, ըստ նրա, խորհրդային իշխանության փլուզումից հետո ոչ մի անգամ չի նորոգվել: Բազմիցս դիմել են մարզպետարան, նամակ են ուղարկել կառավարություն,տրանսպորտի նախարարություն: Վերջերս պատասխան է ստացվել մարզպետարանից, թե հնարավորության դեպքում եկող տարի բյուջեով կամ որեւէ ծրագրով ճանապարհը կնորոգվի: Հնարավոր է` հաջորդ տարի նաեւ բնական գազը մտնի գյուղ: Ուրիշ որեւէ ուրախացնող բան զրուցակիցս դժվարացավ նշել: Իսկ կարծիք հայտնելով որոշ թվով համայնքների նախատեսվող միավորումների մասին, գյուղապետը նշեց, թե պարզ է, որ այդ դեպքում ամեն ինչը պիտի գնա մեծ բնակավայրին, ոչ թե փոքրերին: Եվ ինչպես խորհրդային տարիներին մի անգամ մոտավորապես այդպես եղավ, ու փոքր գյուղերը հետզհետե դատարկվեցին, նույն պատկերն էլ, զրուցակցիս գնահատմամբ, լինելու է ներկա դեպքում:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի