«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2009-11-25 | #216, 2009-11-26 | #217, 2009-11-27


ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ

Արարատ Աղասյան. Հայ կերպարվեստի զարգացման ուղիները XIX-XX դարերում

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը «Կերպարվեստի ոլորտում» ՀՀ 2009 թվականի Պետական մրցանակի է ներկայացրել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Սանկտ-Պետերբուրգի Պետրոս Առաջինի անվան գրականության եւ արվեստների ակադեմիայի թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանիՙ ՀՀ ԳԱԱ գիտահրատարակչական խորհրդի եւ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ Պետական պատվերի շրջանակներում 2009-ին լույս տեսած «Հայ կերպարվեստի զարգացման ուղիները XIX-XX դարերում» ստվարածավալ հիմնարար աշխատությունը, որը պետական մրցանակի են երաշխավորել ՀՀ ԳԱԱ Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Վլադիմիր Բարխուդարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ կրթության ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ եւ ՌԴ նկարիչների միությունների անդամ Լեմս Ներսիսյանն ու նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, երջանկահիշատակ Գրիգոր Աղասյանը:

Մենագրության մեջ լուսաբանվել է XIX-XX դարերում հայ կերպարվեստի պատմական ուղինՙ սկսած Ռուսաստանի կազմում 1801-1828 թթ. Արեւելյան Հայաստանի ընդգրկվելուց մինչեւ մեր օրերը: Հեղինակն ընդլայնել ու խորացրել է ազգային նոր կերպարվեստի մասին պատկերացումները, ընդարձակել ու հնարավորինս ամբողջացրել հայ նկարչության եւ քանդակագործության պատմական համապատկերը, նյութը դիտարկել տարբեր կողմերից, լայն տեսանկյունով, գիտական շրջանառության մեջ դրել մինչ օրս անհայտ, մոռացության տրված կամ ժամանակին անտեսված անուններ եւ ստեղծագործություններ, ցույց տվել ազգային նոր կերպարվեստի գեղարվեստական ուրույն գծերը: Գրքում հատուկ ուշադրություն է դարձվել XIX դարի եւ XX դարի առաջին երկու տասնամյակների արեւելահայ եւ արեւմտահայ կերպարվեստի միջեւ եղած ընդհանրություններին ու տարբերություններին, նկարչության եւ քանդակագործության առանձին տեսակների ու ժանրերի անհամաչափ զարգացման պատճառներին, հայ արվեստագետների աշխատանքներում եվրոպական եւ ռուսական կերպարվեստի արձագանքներին, խորհրդային շրջանում «սոցիալիստական ռեալիզմի», ինչպես նաեւ ոչ ավանդական, այլընտրական միտումների դրսեւորումներին, հետխորհրդային տարիների ազգային կերպարվեստի ձեռքբերումներին ու կորուստներին:

Շնորհանդեսը տեղի է ունեցել 2009 թ. մայիսի 14-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների դահլիճում: Գրքի մասին տպագրվել են ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանի (տե՛ս Պատմաբանասիրական հանդես, 2009, 2-3, էջ 271-275), արվեստագիտության թեկնածու Արթուր Ավագյանի (Տե՛ս «Լրաբեր հասարակական գիտությունների, 2009, 2, էջ 259-262), ինչպես նաեւ Վրեժ Առաքելյանի («Կերպարվեստ»), Անուշ Տեր-Մինասյանի («Ճարտարապետություն եւ շինարարություն»), Մարինա Ստեփանյանի (Голос Армении) գրախոսականները:

Վստահ ենք, որ իր լույս աշխարհ գալուց անցած այս կարճ ժամանակահատվածում արդեն մեզանից շատ-շատերի սեղանի գիրքը դարձած այս մենագրության համար պրոֆեսոր Արարատ Աղասյանին ՀՀ Պետական մրցանակի շնորհումը կդառնար մեր ժողովրդի պատմական անցյալի մշակութային մեծ ու անանց արժեքների, դասական հարուստ ժառանգության ուսումնասիրման ու պրոպագանդման նվիրյալների հանդեպ պետական ուշադրության ու հոգածության արժանի դրսեւորում:

ԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի տեղակալ, արվեստագիտության դոկտոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4