Դոնի Ռոստովում առաջին պարբերականները հայտնվել են 19-րդ դարի վերջերին-20-րդ դարի սկզբներին: Քչերը գիտեն, որ այդ թերթը հրատարակում էին Նախիջեւանից եկած հայերը: Այսպես, «Պրազովսկի կրայը» թողարկում էր Ս. Հարությունովը: 1891-ին նա ձեռք բերեց «Դոնսկոյե պոլե» թերթի հրատարակման իրավունքը, անվանափոխեց եւ նորացված տեսքով թողարկեց: Ռուսաստանի հարավում թերթն ամենաժողովրդականն էր, այնտեղ տպագրվում էր ինքըՙ Ա. Պ. Չեխովը:
«Դոնսկայա պչելա» թերթի խմբագիրը հայտնի գրքասեր Օ. Տեր-Աբրահամյանն էր: 19-րդ դարի վերջերից նա հրատարակում էր նաեւ Донско-Азовский русско-армянский календарь տարեգիրքը, որը պարունակում էր տեղեկատվական նյութեր եւ պատմում էր Դոնի հայ գաղթօջախի կյանքի մասին:
Ռոստովում պակաս հայտնի չէր Մ. Բերբերյանի հրատարակած «Դոնսկայա ռեչը»:
Բայց նախիջեւանցիները երազում էին նաեւ սեփական թերթերի մասին: 1878-ին Ռ. Պատկանյանը Պետերբուրգում մամուլի գլխավոր վարչությանը խնդրեց թույլատրել տպագրելու «Նոր Նախիջեւանը», որի խմբագիրն ու հրատարակիչը ինքն էր լինելու: Նա մերժում ստացավ այն պատրվակով, որ Նախիջեւանում եւ Ռոստովում չկան հայերենին տիրապետող պաշտոնյաներ, որպեսզի թերթը գրաքննության ենթարկեին:
Այնուամենայնիվ 20-րդ դարի սկզբին Նախիջեւանում սկսեցին լույս տեսնել հայերեն թերթեր: Առաջիններից մեկը դաշնակցականների «Աղավնին» էր: Ապա հայտնվեցին «Նոր կյանքը», «Մեր ձայնը», «Լույսը», «Մեր խոսքը», «Փետուրը», «Գաղթօջախը»:
1920-1940 թթ. լույս տեսան «Չքավորություն», «Բանվորի պայքարը», «Լենինի ուղիով», «Մուրճ ու մանգաղ», «Գրոհ», «Բոլշեւիկ» հայկական թերթերը: Դրանց հավաքանիները պահպանվեցին ռուս-հայկական բարեկամության, իսկ մեր օրերումՙ երկրագիտության մարզային թանգարանի ֆոնդերում: Դրանց ուսումնասիրման եւ պահպանման մեջ մեծ դեր ունի ՌԴ վաստակավոր ուսուցիչ, հայտնի գավառագետ Ա. Գ. Մալխասյանը: Հիրավի եզակի հրատարակություն է նրա Ռուս-հայերեն զրուցարանը, որը ներառում է Դոնի հայերի բարբառը:
«Вечерний Ростов»