Չնայած կարկառուն հանրապետականները պնդում են, որ ՀՀԿ այսօրվա համագումարը սովորական, հերթական, շարքային, աշխատանքային, ներկուսակցական խնդիրներ լուծող համագումար է, եւ պետք չէ այնտեղ անակնկալներ սպասել, սակայն, ըստ ամենայնի, պարզապես չի կարող հերթական կամ շարքային համագումար լինել` մի քանի պատճառներով:
Նախ` նախագահ Սարգսյանը բավական տեւական ժամանակ երկրի տարբեր խնդիրների վերաբերյալ հանգամանալից գնահատականներ չի հնչեցրել: Վերջին մանրամասն գնահատականները նա հնչեցրել է գարնանը, իսկ դրանից հետո միայն հանգրվանային ելույթներ է ունեցել տարբեր ձեւաչափերում: Մինչդեռ բազմաթիվ իրադարձություններ կատարվեցին. կարելի է ասելՙ Հայաստանի համար ճակատագրական հետգործողություններ ենթադրող, դարակազմիկ նշանակության. հայ-թուրքական արձանագրություններ, ղարաբաղյան հարց` այս ոլորտներում սրընթաց շարժում կա, կոալիցիայի պատկեր փոխվեց, մտանք ճգնաժամի գետն ու հայտնի չէՙ 2010-ի բյուջեով կարողանալո՞ւ ենք անվնաս դուրս գալ: Զբաղված լինելով հայ-թուրքական պարտիայով, երկրի առաջին դեմքը, փաստորեն, դեռ լրջորեն չի կարողացել զբաղվել երկրի տնտեսական հրամայականներով, բյուջեի փաստաթղթի մատնանշած հնարավորությունները հասարակությանը ներկայացնելուց բացի` ուրիշ լուրջ հայեցակարգ դեռ չի մատուցվել հասարակությանը` իրական վերափոխումների եւ տնտեսական ճգնաժամից դուրս գալու ելքերի առումով, ներքին ռեսուրսների արդար տեղաբաշխման (վերաբաշխում չհասկանալ) ու մենաշնորհային օլիգարխիայի հանդեպ իր պահանջների ձեւակերպում եւ գործարկում դեռ չի սկսվել: Որպես կուսակցության ղեկավար էլ ՀՀԿ նախագահը գնահատական չի հնչեցրել, թե արդյոք ՀՀԿ-նախագահ դառնալուց հետո կուսակցությունում ի՞նչն է բարեփոխել եւ դեռ էլի ի՞նչը կուզենար բարեփոխված տեսնել: Այո, վերակառուցվածքավորման կարիք ունի ոչ միայն Հայաստանի տնտեսությունը, որն ի վերջո մեկը պետք է համարձակվի թեկուզ մի քանիսի ախորժակը զսպելով` վերափոխել, այլեւ Հայաստանի քաղաքական համակարգը, ինչը ճշգրիտ արտապատճենն է մենաշնորհային տնտեսության: Իսկ ամենից ծանրաշարժն, ուրիշ պատճառ եթե չլինի` միայն հսկայական չափերը հերիք են ծանրաշարժության համար, հենց ՀՀԿ-ն է: Եթե նկատի ունենանք, որ ռուսների օրինակով մերոնք հաճախ են ոգեշնչվում, ապա վարակիչ կարող են լինել ՌԴ նախագահ Մեդվեդեւի վերջին հայտարարությունները, թե պետք է մոդեռնացնել ոչ միայն Ռուսաստանի տնտեսությունը, այլեւ քաղաքական դաշտը: Իհարկե, թերեւս Մեդվեդեւին դիմել ընդհանրապես պետք չէ` հասկանալու համար, որ Հայաստանի իշխող կուսակցությունը, իր 10-ամյա եւ ավելի տիրապետության ընթացքում չի նորոգվել ոչ կառուցվածքների, ոչ դեմքերի (մեծավ մասամբ), ոչ աշխատաոճի առումով. մարտահրավերները շատացել եւ ահագնացել են, փոխվել եւ անընդհատ փոխվում են Հայաստանին ներկայացվող միջազգային տարբեր բնույթի պահանջները, իսկ այդ մարտահրավերների դիմաց կանգնած են մեծ մասամբ ծանրաշարժ, հաճախ թվի եւ ոչ որակի վրա կառուցված ծանրաշարժ, գործելակերպով չափազանց (կարելի է անգամ ասել` պահանջվածից շատ ավելի չափազանց) պահպանողական, փոփոխությունների համար փակ, բարձր ինտելեկտուալների խիստ պակաս ունեցող կուսակցություններ, որոնք շարունակում են գործել, համալրվել կոմսոմոլական սկզբունքներով, առանց ներքին ընդդիմության, առանց մեծ նախաձեռնությունների եւ աշխարհում ընդունելի դասական կուսակցական ավանդույթների: Ահա թե որքան խնդիրների վերաբերյալ ծրագրային, թարմ, մինչեւ այժմ չկրկնված դրույթներով գնահատական եւ խոսք է սպասվում երկրի նախագահ ՀՀԿ ղեկավարից: Կկարողանա՞ վերջապես նա որոշում կայացնել` օլիգարխական համակարգը ցնցելու եւ այդ մասին ուղիղ իր կուսակիցներին ասելու համար, կկարողանա՞ հստակ պատասխանել Հայաստանի արտաքին մարտահրավերների վերաբերյալ հնչած եւ հնչող հարցադրումներին, կկարողանա՞ սկիզբ դնել ՀՀԿ-ն պատեհապաշտներից մաքրելու գոնե առաջին ալիքին, թե՞ Հայաստանի խորհրդարանում պատգամավորները (այդ թվում եւ ամենից առաջ` ՀՀԿ-ական պատգամավորները) կշարունակեն ամեն մեկը սեփական բիզնեսին ձեռնտու օրենք անցկացնել, կշարունակեն ՀՀԿ գալ ոչ թե նժդեհասիրությունից, այլ մի պստլիկ, բայց յուղոտ պաշտոն ստանալու նկրտումով, Հայաստանը կշարունակի քրքրվել մենաշնորհային տնտեսակարգից, իրավական համակարգը կշարունակի ծառայել այդ տնտեսակարգին: Կկարողանա՞ նախագահը սկսել համալիր` կուսակցական-պետական-վարչական մի գործընթաց, որ հաճախ իր շրջապատին եւ իր մտերիմներին էլ է առնչվելու: Չկարողանալը նշանակում է եղած ամեն ինչի` մարդկային ռեսուրսի, կուսակցական գործընթացի, խորացող օլիգոպոլիայի, միջկուսակցական գզվռտոցի ոսկրացում եւ նոր աստիճանի բարձրացում, ինչը խփել ու նոր թափով է խփելու երկրին, նրա միջազգային դիրքին, տնտեսական ցուցանիշներին, ժողովրդի բարեկեցությանը: Չենք կարծում, որ ՀՀԿ նախագահն այս բոլորն իր համար չի վերլուծել, բայց արդյոք կատարե՞լ է դժվարին եւ հեռագնա ճակատագրական ընտրությունը, արդյոք վերափոխումների մասին խոսակցությունը, որ տարիուկես-երկու տարի պտտվում է իր առանցքի շուրջը, վերջապես Ճանապարհ կընկնի՞: Այսօր հնչող ՀՀԿ նախագահի ելույթից շատ բան պարզ կլինի, իսկ հենց դրանից էլ կախված կլինի` հերթական եւ շարքայի՞ն է լինելու ՀՀԿ համագումարը, թե՞ դարակազմիկ:
ԱՐՏԱԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ