«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2009-11-26 | #217, 2009-11-27 | #218, 2009-11-28


ԱՐՄԵՆ ԹԱԽՏԱՋՅԱՆ. ՄԵԾ ԳԻՏՆԱԿԱՆԸ

Վորոնեժի անտառտեխնիկական ինստիտուտի առաջին կուրսում ուսանելուս տարիներին բուսաբանության դասախոս պրոֆեսոր Պավել Ռասկատովը հարցական-հաստատական տոնով դիմեց ինձ. «Հա՞յ ես»: «Հայ եմ», պատասխանեցի ես: «Իսկ դու գիտե՞ս ով է Արմեն Թախտաջյանը», նորից հարցրեց նա եւ, չսպասելով իմ պատասխանին, բացականչեց. «Նա 20-րդ դարի Կարլ Լինեյն է»:

Խոստովանեմ, որ առաջին անգամ էի լսում այդ անունը: Հետագայում, խորամուխ լինելով անտառային գիտությունների մեջ, սկսեցի էլ ավելի հետաքրքրվել Ա. Թախտաջյան-գիտնականի կյանքով, գործունեությամբ. հին ու նոր հրատարակություններ, մենագրություններ ու գրքեր... Եվ որքան շատ էի ծանոթանում նրա գործերին, այնքան ավելի էին վեր հառնում գիտնականի հսկայական կերպարը, աշխատությունների մեծ ու վիթխարի իմաստն ու փիլիսոփայությունը:

Արմեն Թախտաջյանը ծնվել է Շուշիում 1910 թվականին: Դպրոցն ավարտել է Թիֆլիսում 1928թ, որից հետո տեղափոխվել է Լենինգրադ, եղել տեղի համալսարանի կենսաբանության ֆակուլտետի ազատ ունկնդիր, լսել հայտնի գիտնական Վլադիմիր Կոմարովի դասախոսությունները բույսերի մորֆոլոգիայի մասին: 1931-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը: Ապա ընդունվել է Թիֆլիսի մերձարեւադարձային կուլտուրաների համամիութենական ինստիտուտ: «Բուսաբանություն» առարկան կարդում էր հայտնի գիտնական Դմիտրի Սոսնովսկին, որը հետագայում իր ուսանող Թախտաջյանի գիտական գործունեության տարիների մասին կասի. «Հայկական գիտության Պերիկլեսյան դարաշրջան»: Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Սուխումի բուսաբանության ինստիտուտում: Այնուհետեւ վերադարձել է Երեւան եւ որպես գիտաշխատող աշխատանքի է անցել բնապատմական թանգարանում: Այստեղ նա զբաղվում էր բույսեր հավաքելով` հերբարիում պատրաստելու համար. «Ես ու իմ իշուկը եղանք Հայաստանի բոլոր անկյուններում: Ես հերբարիումի համար բույսեր էի հավաքում, իսկ իմ իշուկը իր վրա տանում էր հերբարիումի ցանցերը», հետագայում կասի նա: 1935-ից որպես ավագ գիտաշխատող աշխատում էր ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի կենսաբանության ինստիտուտի հայկական մասնաճյուղում: Նույն թվականին ծանոթացավ հռչակավոր գենետիկ Նիկոլայ Վավիլովի հետ` մասնակցելով գիտական արշավի:

1938-ին պաշտպանել է թեկնածուական թեզ, իսկ 1943-ին` դոկտորական ատենախոսություն:

Մեծարժեք են այդ տարիներին նրա գրած «Հայաստանի բուսաբանա-աշխարհագրական ակնարկ» (1941), «Հայաստանի բուսականության զարգացման պատմության շուրջ» (1946) մենագրություններն ու այլ աշխատությունները:

Ինձ համար տարօրինակ ու անընդունելի էր Հայաստանում նրա նկատմամբ տիրող լռությունը կամ, այսպես ասած, մեծարանքի բացակայությունը: Սակայն զարմանքս փոխվեց ցավի եւ խոր հիասթափության, երբ պարզվեց հայկական մթնոլորտին հատուկ «բարյացակամությունը» գործընկերոջ նկատմամբ. Թախտաջյան-գիտնականի համեստ վաստակը քառասունականների վայ-գիտնականների համար վերածվել էր խոչընդոտի: Նրան վերագրել եւ ներկայացրել են ամենատարբեր մեղադրականներ, ինչպես` «վեյսմանիզմ», «մենդելիզմ», ու հեռացրել իր ջանքերով ստեղծած Բուսաբանության ինստիտուտի տնօրենի ու Աշխարհագրական ընկերության նախագահի պաշտոններից: Թախտաջյանը հարկադրված էր հեռանալ Հայաստանից: 1949-ին նա տեղափոխվել է Լենինգրադ: Տեղի համալսարանում զբաղեցնելով տարբեր հեղինակավոր պաշտոններ` նա շարունակում էր իր բեղմնավոր գործունեությունը: Անվանի դարձած գիտնականն իր մեծության կշիռն ավելացնում էր հանճարեղ մշակումների, հետազոտությունների, մտահանգումների միջոցով:

Շատ կարեւոր էր 1971-ը, երբ նա «Դմիտրի Մենդելեեւ» նավով մասնակցեց ծովային արշավի: Արշավի ժամանակ Ֆիջի, Սամոա, Նոր Գվինեա, Նոր Կալեդոնիա, Նոր Զելանդիա կղզիներում ու Ավստրալիայում հասցրեց հավաքել բուսաբանական հարուստ նյութեր: Նրան հաջողվեց լինել Լորդ-Հաու կղզում, որի ամբողջ բուսականությունը ռելիկտային է, իսկ էնդեմիկների տոկոսը` չափազանց բարձր: Հրատարակվեց «Երկրագնդի ֆլորիստիկ շրջանները» մեծարժեք գիրքը, որի համար արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի:

Ուղիղ 140 տարի առաջ մեկ ուրիշ հանճարՙ Չարլզ Դարվինը «Բիգլ» նավով կատարեց իր պատմական ու ամբողջ կենսաբանական գիտության համար շրջադարձային ճամփորդությունը. ծնվեց էվոլյուցիոն տեսությունը:

Արմեն Թախտաջյանը ակտիվ մասնակցություն ունեցավ «Բույսերի կյանքը» բազմահատորյակի հրատարակությանը, որի ծածկասերմ բույսերին վերաբերող հինգերորդ հատորը երկու գրքով իր խմբագրությամբ է: Իր խմբագրությամբ ու մասնակցությամբ հրատարակվել է տասը հատորանոց գիրքը` «Հայաստանի ֆլորան»:

1975-ից բույսերի տաքսոնոմիայի Միջազգային ասոցիացիայի նախագահն էր, 1976-ից մինչեւ 1986-ը` ԽՍՀՄ ԳԱԱ բուսաբանական ինստիտուտի տնօրենը:

1990-ին նա արժանացել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման:

2000 թվականին Արմեն Թախտաջյանը Հայաստանում արժանացել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի:

ԽՍՀՄ ԳԱ եւ Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս է:

Ա. Թախտաջյանի մշակած բարձրակարգ ու ծածկասերմ բույսերի սիստեմատիկան ամենաառաջադեմն ու ժամանակակիցն է համարվում: Նրա հիմնական աշխատությունները վերաբերում են բարձրակարգ բույսերի էվոլյուցիոն մորֆոլոգիային, ֆիլոգենիային, պալեոբուսաբանությանը, ֆիտոաշխարհագրությանը, ծածկասերմ բույսերի ծագմանն ու բույսերի սիստեմատիկային: Բույսերի սիստեմատիկան, բուսական աշխարհի էվոլյուցիոն զարգացման ուղիներն ի հայտ բերելու խնդիր ունենալով, Արմեն Թախտաջյանի բնորոշմամբ, «կենսաբանության հիմքն ու պսակն է»: Նա առաջարկել է օրգանական աշխարհի սիստեմի տարբերակը: Ստեղծել է բույսերի սիստեմատիկների ու մորֆոլոգների գիտական դպրոցը:

Ա. Թախտաջյանը` ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Նորվեգիայի գիտությունների ակադեմիաների, Ամերիկյան, Բուլղարիայի, Լեհաստանի, Էդինբուրգյան բուսաբանական ընկերությունների, Հնդկաստանի Պալեոբուսաբանական ընկերության, Լոնդոնի Լիննեյյան ընկերության անդամ էր:

Արժանացել է The Henry Allan Gleason Award մրցանակի` բույսերի սիստեմատիկայի, էկոլոգիայի ու ֆիտոաշխարհագրության ոլորտում Diversity and classification of flowering plants գրքի համար, որպես դարի հրատարակություն (Նյու Յորք, 1997): Արժանացել է Ալլերտոնի (1990) եւ Հենրի Շոույի (1997) անվան մրցանակների:

Ակադեմիկոս Արմեն Թախտաջյանը 20-րդ դարի երեւելի կենսաբան էր: Եվ մենքՙ հայերս պարտավոր ենք հպարտանալ մեծանուն գիտնականով:

Արմեն Թախտաջյանը վախճանվեց 2009 թվականի նոյեմբերի 13-ին:

Ցավոք, բավական ժլատ էր Հայաստանի արձագանքը` մեծագույն գիտնականի վաստակի նկատմամբ:

ԳԱԳԻԿ ԱՄԻՐՅԱՆ, Անտառագետ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4