«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2009-11-27 | #218, 2009-11-28 | #219, 2009-12-01


ԼԻԲԱՆԱՆԸ ԿՁԳՏԻ ՎԵՐՋ ԴՆԵԼ ԵՐԿՐԻ ԴԱՎԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ

Լիբանանում օրերս նշված Անկախության 66-րդ տարեդարձի առթիվ նախագահ Միշել Սուլեյմանը ընդգծել է, որ ինքը կձգտի երկրում պահպանել քաղաքացիական հաշտությունը եւ զարգացնել ժողովրդավարական արժեքները: Նախագահի խոսքերով, «արդի հասարակության կառուցումը կպահանջի իշխանության կառույցներում բարեփոխումներ անցկացնել 1989-ին Թաիֆում ստորագրված հաշտության պակտին համապատասխան»:

2010-ին Լիբանանը կդառնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ եւ կփորձի պաշտպանել բոլոր արաբական երկրների շահերը, հասնել Մերձավոր Արեւելքի խնդրի, մասնավորապես պաղեստինցի գաղթականների հարցի արդարացի կարգավորմանը, Իսրայելի օկուպացրած տարածքների (այդ թվումՙ լիբանանյան) վերադարձմանը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը մեջբերում է Միշել Սուլեյմանի այն խոսքերը, որ Լիբանանում հարկավոր է հիմնել ազգային կոմիտե, որը վերջ կդնի պետության դավանական կառուցվածքին: Իր ելույթում նախագահն անդրադարձել է Լիբանանի արդի պատմության նաեւ մեկ ուրիշ կարեւոր հարցիՙ ընտրական համակարգի բարեփոխմանը, որպեսզի «բարելավվի ժողովրդի ներկայացուցչությունը եւ վերականգնվեն տարագիրների իրավունքները»:

Նախագահից առաջ ելույթ էր ունեցել խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրին: Նա իր հերթին ասել է, որ մտադիր է վերստեղծել դավանական տարանջատվածության վերացման խորհրդարանական կոմիտե: Նա հիշեցրել է, որ նման քայլ նախատեսված է Թաիֆի համաձայնագրերով:

Դավանական տարանջատվածությունը վերացնելու կոչին առաջին հերթին հավանություն են տվել շիա մահմեդականները, որոնք Լիբանանի 17 կրոնական համայնքների մեջ խոշորագույնն են: Երկրի դավանական կառուցվածքի համաձայնՙ պետության ղեկավարը մարոնիտ քրիստոնյա է, վարչապետըՙ սուննի մահմեդական, խորհրդարանի նախագահըՙ շիա մահմեդական:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4