«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2009-11-27 | #218, 2009-11-28 | #219, 2009-12-01


ՎՐԱՑԱԿԱՆ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցու փլուզումը մարտահրավեր է յուրաքանչյուր հայորդու

Այսօր անհրաժեշտ է հոգալ քրիստոնեական մեր հուշարձանների պահպանությունը. դա ոչ միայն Հայ եկեղեցու, Հայաստանի իշխանությունների սրբազան պարտքն է, այլեւ ողջ հայ ժողովրդի, որովհետեւ քրիստոնեական մեր հուշարձանները համազգային արժեքներ են:

Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցու փլուզման մասին լսելով` յուրաքանչյուրս ցավ ապրեցինք, եւ ինչպես հատուկ է մեր հասարակությանը, հաջորդիվ սկսեցինք մեղավորներ փնտրելու երկարատեւ գործընթացը:

Հույս ունենք, որ մեղավորներ փնտրելուց բացի, ի վերջո, բոլորի ուշադրությունը կսեւեռվի նաեւ մյուս վիճարկելի եկեղեցիների փլուզումը կանխելու եւ եկեղեցիները վերադարձնելու համար քայլեր ձեռնարկելու ուղղությամբ:

Նախ, ամեն ինչից առաջ, հարկ է նշել, որ փլուզվել է քրիստոնեական հուշարձան, որը գտնվում էր Վրաստանի տարածքում, եւ անկախ եկեղեցու պատկանելությունից, դա ցավ է յուրաքանչյուր քրիստոնյայի համար:

Քրիստոնեական հուշարձանը, անկախ նրանից, թե ո՛ր երկրի տարածքում է գտնվում եւ ո՛ր ազգին է պատկանում, համաքրիստոնեական արժեք է:

Մեր ժողովուրդը մարտահրավերներ ունի տարբեր երկրներում, դրանք համազգային մարտահրավերներ են, այլ ոչ միայն տվյալ երկրում բնակվող հայորդիներինը կամ միայն եկեղեցունը եւ իշխանություններինը: Այդ մարտահրավերներն առկա են ե՛ւ հարեւան Վրաստանում, ե՛ւ Թուրքիայում, ե՛ւ Երուսաղեմում, ե՛ւ այլ երկրներում: Եվ եթե հայաստանյան հասարակությունը դրանց անդրադառնում է միայն լայն հասարակական հնչեղություն ստանալուց հետո, ապա հարեւան երկրներում բնակվող հայորդիները դրանց ծանր հետեւանքները զգում են ամեն օր: Եվ այս պարագային առանձնացնել մեր պարտականությունները եւ մեղավորներ փնտրել` ի դեմս մեր մայր եկեղեցու, իշխանությունների, վիրահայոց համայնքի, կարծում ենք, պատշաճ չէ, իսկ եթե մեղավոր ենք, ապա մեղավոր ենք բոլորս` առավել կամ նվազ չափով:

Այսօր մարտահրավերն առավել հրատապ է հարեւան Վրաստանում: Քրիստոնեական մի երկիր, որի հետ դարավոր եղբայրական հարաբերություններ ենք ունեցել, նաեւ միասնաբար մաքառել նույն հավատի պահպանման համար, ճաշակել խորհրդային իշխանությունների աստվածամերժության դառնությունն ու հալածանքները, այսօր ոտնձգություններ է կատարում քրիստոնեական մեր հուշարձանների հանդեպ: Երբ այլեւս փլուզված է խորհրդային իշխանությունը, զարմանալիորեն քրիստոնեական ջերմ հարաբերությունների եւ համագործակցության փոխարեն, փլուզվում են նաեւ մեր հարաբերությունները` ի դեմս քրիստոնեկան մեր սրբազան հուշարձանների: Նման իրավիճակը չի տեղավորվում քրիստոնեական երկխոսության համատեքստում եւ չի բխում քրիստոնեական եկեղեցիների երկխոսության ոգուց: Հակված չլինելով մտածելու, որ սա ծրագրված քաղաքականություն է, այլ հիմնավորմամբ, սակայն, անկարելի է բացատրել Վրաստանում տիրող մտահոգիչ իրավիճակը:

Խորհրդային իշխանության փլուզումից հետո, տակավին մինչ օրս Վրաստանում իրավաբանական կարգավիճակ տրված չէ ազգային փոքրամասնություններին ու կրոնական կազմակերպություններին, որոնց թվում նաեւ Հայ առաքելական եկեղեցուն: Խղճի ազատության եւ կրոնի օրենքն անընդհատ ինչ-ինչ պատճառներով հապաղում է, որի պատճառով էլ տուժում են Վրաստանում ապրող ազգային փոքրամասնությունները: Հակառակ միջազգային հանրության շարունակվող լռությանը, այնուամենայնիվ, այս իրավիճակը վնասում է Վրաստանի հեղինակությանը եւ չի բխում արտաքին քաղաքականության շահերից:

Գործածության չդնելով կրոնի եւ խղճի ազատության օրենքը` վրաց իշխանությունները վիրահայոց թեմին, ինչպես նաեւ մյուս կրոնական կազմակերպություններին զրկում են իրավաբանական կարգավիճակ ստանալու հնարավորությունից, իսկ գրանցում չունեցող եւ, ըստ էության, ապօրինի գործող կառույցի հետ անկարելի է պայմանագիր կնքել եւ վերադարձնել եկեղեցիները:

Հստակ է, որ Սուրբ Գեւորգ եկեղեցին վիրահայոց թեմին փոխանցելու պարագային Հայ եկեղեցին կձեռնարկեր անհրաժեշտ միջոցները փլուզումը կանխելու նպատակով, ինչպես որ եղավ վերջերս վերանորոգված Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու դեպքում: Անկարողության պարագային թեմը նվազագույնը կամրակայեր վթարային եկեղեցու պատերը` հետագայում վերանորոգելու ծրագրով:

Սակայն, երբ եկեղեցին վերադարձված չէր Հայ եկեղեցուն, գոյություն չուներ ոչ մի փաստաթուղթ եկեղեցու պատկանելության վերաբերյալ, այս պայմաններում անկարելի էր նախաձեռնել եկեղեցու վերանորոգությունը: Եկեղեցու վերադարձի հարցը, ի թիվս այլ եկեղեցիների, ցայսօր արհեստականորեն ձգձգվում է, եւ այս պայմաններում մենք ապագայում կունենանք ոչ թե մեկ կամ երկու փլուզված եկեղեցիներ, այլ բոլոր վիճարկյալ եկեղեցիները կարժանանան Սուրբ Գեւորգի ճակատագրին:

Չպետք է մեղանչել արդարության դեմ եւ անհրաժեշտ է արձանագրել, որ եկեղեցիների վերադարձման ուղղությամբ ձեռնարկվում են զանազան քաղաքակիրթ միջոցներ, այլ բան է, որ այդ քայլերը շարունակ արժանանում են որոշ լրատվամիջոցների քննադատությանը:

Երկար ժամանակ ձգձգվող այս խնդիրը կարգավորելու համար Հայ եկեղեցին եւ հայրենի կառավարությունը, ինչպես նաեւ այլ շահագրգիռ կազմակերպություններ եւ անհատներ դիմումներ են կատարում վրացական իշխանություններին, հանդիպումներ կազմակերպում վրաց պատրիարքի ու պատրիարաքարանի ներկայացուցիչների հետ, բարձրաձայնում այս հարցը միջազային ատյաններում եւ դիվանագիտական ներկայացուցչություններում:

Վերջին բողոքի երթը` Վրաստանի դեսպանատան առջեւ, վերստին արժանացավ հոռետես լրագրողների քննադատությանը, ինչպես նախկինում ձեռնարկվող միջոցները:

Սա Հայ եկեղեցու կողմից ձեռնարկվող ոչ առաջին եւ ոչ էլ վերջին քայլն է: Որդեգրած այս քաղաքակիրթ ճանապարհով եկեղեցին խնդրի հանգուցալուծմանը հասնելու համար շարունակելու է պահանջատերը լինել հայ ժողովրդի իրավունքների եւ պաշտպանը` հայրենի մեր սրբազան ժառանգության:

Ինչպես նախկինում, այդպես էլ այսօր եւ վաղը, Հայ եկեղեցին շարունակելու է մեր բողոքի արդար ձայնը բարձրացնել տարբեր միջազգային կառույցներում եւ դիվանագիտական ներկայացուցչություններում` հույսով եւ հավատով, որ քրիստոնեական ողջախոհությունը եւ արդարությունը կհաղթանակեն:

Տ. ՊԱՐԹԵՎ ԱԲԵՂԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ, Միաբան Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4