«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2009-11-27 | #218, 2009-11-28 | #219, 2009-12-01


ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԳՈՐԾԱԴԻՐԻ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ

ԼՂՀ կառավարությունը երեկվա նիստում հավանության է արժանացրել 2010 թվականի պետբյուջեի նախագիծը: Համաձայն օրինագծի` եկամուտները կկազմեն 55 մլրդ 810,4 մլն դրամ, իսկ ծախսերը` 59 մլրդ 804,7 մլն դրամ: Պետբյուջեի պակասուրդը կկազմի 3 մլրդ 994,3 մլն դրամ: Մուտքերի աճը նախատեսվում է հարկերի ու պետական տուրքերի միջոցով, ինչպես նաեւ պարտադիր սոցիալական վճարների, պաշտոնական դրամաշնորհների եւ այլ եկամուտների հաշվին:

Կառավարության նիստը վարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը : Նախագահը գոհունակությամբ է նշել, որ այս տարի ապահովվում է շուրջ 13 տոկոս տնտեսական աճ, ինչը կառավարության վարած տնտեսական քաղաքականության արդյունք է, եւ կարեւորել է այն հանգամանքը, որ համաշխարհային ճգնաժամը խուճապային տրամադրություն չի առաջացրել բնակչության մեջ: Նախագահը տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունից ստացվող վարկի չափը գալիք տարում կավելանա: Երկրի ղեկավարը հատկանշել է երկու կարեւոր սկզբունք` միջոցները պետք է ծախսել առավելագույն արդյունավետությամբ եւ թույլ չտալ, որ ծախսերի որոշակի կրճատումը խոչընդոտի տնտեսական զարգացմանը:

Բակո Սահակյանը նաեւ դժգոհություն է հայտնել որոշ ոլորտներում առկա ստվերային երեւույթների կապակցությամբ, միաժամանակ անթույլատրելի համարելով պետական կառավարման համակարգում պաշտոնյաների թվի ուռճացումը: Նախագահը հաձնարարել է կառավարությանը վերանայել կառավարման համակարգը` անհրաժեշտ փոփոխություններ կատարելու շեշտադրումով:

Վերջում Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթով նախանշված` սոցիալական ուղղվածության ծրագրերի լիարժեք իրականացմամբ նկատելիորեն կբարելավվի մարդկանց կյանքի որակը:

Բյուջեի նախագծի շուրջն իր նկատառումներն արտահայտելովՙ վարչապետ Արա Հարությունյանը հավաստիացրել է, որ հանրապետության նախագահի հանձնարարականները լիովին կներառվեն կառավարության գործունեության ծրագրերում:

Հավանության արժանացած պետբյուջեի նախագիծը առաջիկայում կներկայացվի խորհրդարանի քննարկմանը:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4