«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2009-11-27 | #218, 2009-11-28 | #219, 2009-12-01


ՍԵԼԸ ՃՌՌԱԼՈՒ ՏԵՂ ՍԵԼՎՈՐՆ Է ՃՌՌՈՒՄ

Ինչպես է փորձում «Ֆիլիպ Մորիսը» Հայաստանում գերշահույթներ ստանալ

ՄԵր թերթի նոյեմբերի 26-ի համարում «Ֆիլիպ Մորիս Ինթերնեշնլը կաջակցի կառավարության քայլերինՙ առանձնացնելու ներկայիս հաստատագրված հարկը» խորագրի ներքո ներկայացված տեղեկությունների կապակցությամբ դիմեցինք ծխախոտի խոշորագույն արտադրող «Գրանդ Հոլդինգին», վերջինիս տեսակետը իմանալու: Չուշացավ պատասխանը, որը եւ տպագրում ենք ստորեւ:


«Ֆիլիպ Մորիս» ընկերության աջակցությամբ միջազգային ճանաչում ունեցող «Մարկուս Էվանս» ընկերությունը օրերս կազմակերպել էր կլոր սեղան Հայաստանի ծխախոտային շուկայում տիրող իրավիճակի եւ ծխախոտային արտադրանքի հարկման թեմայով: Միջոցառմանը մասնակցել են շահագրգիռ բոլոր կողմերի` ֆինանսների նախարարության, պետական եկամուտների կոմիտեի, էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները, տնտեսագետներ Եվրոմիությունից, Ուկրաինայից եւ Ռուսաստանից, միջազգային ծխախոտային ընկերությունների ներկայացուցիչները, մի խոսքով` բացի տեղական արտադրողներից («Գրանդ Տոբակո», «Մասիս Տաբակ», «ՍՊՍ Սիգարոն»)` բոլորը: Սա այն դեպքում, երբ մեր շուկայի մոտ 60%-ը գրավում են տեղական արտադրողները: Կլոր սեղանի մասին մամուլի հրապարակումներից պարզ է դառնում, թե ինչու տեղական արտադրողները հրավիրված չեն եղել: Քննարկումների իրական նպատակը եղել են ոչ թե պետական բյուջեի եկամուտների խնդիրները, այլ ծխախոտ ներմուծող ընկերություններին գերշահույթներ ապահովելու ուղիները: Հրապարակված լրատվության համաձայն, քննարկումների ընթացքում «Ֆիլիպ Մորիս» ընկերության կողմից եղել են ՀՀ կառավարությանն ուղղված առաջարկներ: Այդ առաջարկներով նրանք մեր կառավարությանը դրդում են այնպես անել, որ Հայաստանի սիգարետ սպառողները գնեն միայն թանկ սիգարետներ, այսինքն միայն իրենց գերշահույթ ապահովող արտադրանքը, եւ այդ դեպքում իրենք պատրաստ կլինեն կառավարությանը ինչ-որ անհասկանալի աջակցություն ցուցաբերել: Հարց է ծագում, թե ինչո՞ւ մեր սպառողը պետք է գնի անպայման արտասահմանյան թանկ եւ կասկածելի որակով սիգարետները, երբ մեր հայրենական արտադրանքը համապատասխանում է որակի միջազգային բոլոր ստանդարտներին, մեր արտադրող երեք ձեռնարկությունների արտադրանքը արտահանվում է աշխարհի մոտ 20 երկրներ եւ այդ երկրներում արժանանում է սպառողի բարձր գնահատականին եւ, ինչը պակաս կարեւոր չէ, ունի մատչելի գին: Թանկՙ դեռ չի նշանակում որակով: Ինչո՞ւ է ինչ-որ մեկը դրդում մեր կառավարությանը, որ նա հարկային մեխանիզմներով ստիպի մեր սպառողին գնել միայն արտասահմանյան արտադրության թանկ սիգարետ: Մի՞թե նրանք կարծում են, որ մեր կառավարությունը կարող է, օտարի առջեւ խոնարհվելով, վտանգի տակ դնել արտադրության եւ գյուղատնտեսության այն ճյուղը, որն ապահովում է տասնյակ հազարավոր աշխատատեղեր: Որոշ մարդիկ Հայաստանում մեծ ցավ են ապրում, երբ մեր շուկայում պակասում է ներմուծումը եւ տեղական արտադրողը հաղթում է մրցակցային պայքարում: Իսկ ինչ վերաբերում է ծխախոտային արտադրանքի հարկման մեխանիզմներին, ապա մենք համաձայն ենք, որ կա սոցիալական անարդարություն: «Գրանդ Տոբակո» ընկերությունը ժամանակին դիմել է կառավարությանը եւ առաջարկել է ծխախոտային արտադրանքի հարկման մեխանիզմների բարեփոխման ծրագիր, որը լիովին համապատասխանում էր Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոնադրությանը: Առաջարկել է նաեւ սիգարետների տուփերի վրա նշել խանութում վաճառվելիք` մանրածախ գինը: Այս մեխանիզմի կիրառման դեպքում ծխախոտի շուկան կդառնա ավելի վերահսկելի, կոռուպցիան եւ տարբեր չարաշահումները կհասցվեն նվազագույնի, իսկ պետական բյուջեի մուտքերը կավելանան մոտ 6 միլիարդ դրամով: Մանրածախ գինը տուփի վրա նշելու, մեր առաջարկած, այս մեխանիզմը կիրառվում է Ռուսաստանում, Ուկրաինայում, Շվեդիայում եւ եվրոպական այլ երկրներում: Այն ժամանակ` ֆինանսերի նախարարությունում քննարկման ընթացքում, ներմուծողները միահամուռ դեմ դուրս եկան մեր առաջարկած ծրագրին, որը կնվազեցներ չարաշահումներն ու կոռուպցիան:

Ըստ հաշվարկներիՙ 15% մաքսատուրքի կիրառման դեպքում, մեկ տուփ սիգարետի հաշվարկով, ներմուծողը պետք է վճարի միջինը 155 դրամ, բայց այսօր նրանք վճարում են 130 դրամ: Ահա թե մեր բյուջեն որքան վնաս է կրում հարկման մեխանիզմի անարդար լինելու պատճառով: Կլոր սեղանի ընթացքում հնչել է այն միտքը, որ Հայաստանում խտրականություն է դրսեւորվում հօգուտ տեղական արտադրողի, եւ, որի պատճառով, վճարվող հարկի տարբերությունը կազմում է 35 դրամ: Նրանք պնդում են, որ սա հակասում է Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոնադրությանը: Իրականում, ԱՀԿ-ի պահանջները կատարելու դեպքում, տարբերությունը կկազմի 45 դրամ` հօգուտ տեղական արտադրողի: Այսօր գործող հարկման մեխանիզմի պատճառով տուժում է հատկապես տեղական արտադրողը, եւ պետք չէ մոլորեցնել հասարակությանը: Այսքանով հանդերձ, ներմուծողը որոշել է ինքը բողոքել հարկման մեխանիզմի անարդարությունից: Ինչպես ասում են, լավագույն պաշտպանությունը հարձակումն է:

«Գրանդ Հոլդինգի» մամուլի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4