Նոր շրջանի հայ արվեստի պատմության մեջ մի յուրօրինակ տեղ են զբաղեցնում հայ ծովանկարիչները: Նրանք ազատատենչ հոգու եւ քնարական խառնվածքի տեր այն նկարիչներն են, ովքեր իրենց զգացմունքների ու արվեստի աշխարհը փնտրել են անծայրածիր ջրային տարերքի առինքնող գեղեցկության ու ներշնչանքի մեջ:
Հայ ծովանկարիչների փոքր, բայց կորովի ընտանիքի ակնառու ներկայացուցիչներից է Արսեն Շաբանյանը (1864-1949): Նրա կենսագրության մանրամասները զանց առնելով նշենք միայն, որ այս տաղանդավոր մարդը, որ ծնվել էր Կարինի Սունինց գյուղում, հետո, իր ստեղծագործություների շնորհիվ, դարձավ արվեստից մայրաքաղաք Փարիզի գեղարվեստական միջավայրի աչքի ընկնող դերակատարներից մեկը, այն աստիճան, որ արժանացավ ֆրանսիական ակադեմիայի սպայի տիտղոսին, ապա նաեւ` «Պատվո լեգեոն» շքանշանի: Իտալացի վարպետների մոտ ուսանած Արսեն Շաբանյանի կյանքում բախտորոշ է եղել հանդիպումը Հովհաննես Այվազովսկու հետ, որի խորհրդով է մեկնել Փարիզ, ուսումը կատարելագործել, իսկ կարճ ժամանակ անց դարձել գեղանկարի եւ օֆորտի փայլուն վարպետ:
Մեծանուն նկարչի կյանքին ու ստեղծագործությանն է նվիրված արվեստաբան Արա Հակոբյանի (արվեստագիտության թեկնածու, ՀՊՄՀ արվեստի պատմության, տեսության եւ մշակութաբանության ամբիոնի վարիչ) օրերս հրատարակված «Արսեն Շաբանյան» եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) պատկերագիրքը (հրատարակիչներ` Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ, «Պոլիգրաֆ բիզնես» ՍՊԸ): Բարձրորակ տպագրությունն իրականացվել է «Տիգրան Մեծ» հրատարակչատանը: Նկատենք, որ ընդամենը երեք տարի առաջ Արա Հակոբյանը արվեստասեր հասարակության դատին է հանձնել հայ մեծանուն մյուս ծովանկարիչ` Վարդան Մախոխյանին նվիրված շքեղ պատկերագիրքը: Կարեւոր է այն, որ եվրոպական չափանիշներով գնահատվող այս երկու տաղանդավոր ծովանկարիչները, շնորհիվ արվեստաբան Արա Հակոբյանի մեղվաջան աշխատանքի, առաջին անգամ են ներկայացվում հնարավորինս ընդգրկուն կերպով: Դա միաժամանակ լուրջ հայտ է XIX դ. երկրորդ կեսի եւ XX դ. հայ կերպարվեստի համընդհանուր պատկերն ամբողջացնելու համար: Հայ արվեստագետներն ու արվեստը մեր ժողովրդի ճակատագրի նման ցրված են եղել աշխարհով մեկ եւ երբեմն մնացել են անհայտության մեջ. շատ արժեքներ դեռեւս կարոտ են «հայրենիք բերվելու», լուսաբանվելու եւ ներկայացվելու սեփական ժողովրդին: Ահա այդ առումով էլ օտար ափերում ապրած եւ ստեղծագործած մեր արվեստի մեծերին նվիրված ամեն մի գործ արժանի է երախտագիտության:
Շաբանյանի առիթով հեղինակն ընտրել է արվեստագետին ներկայացնելու միանգամայն արդյունավետ եղանակ, անդրադառնալով ոչ միայն նրա կենսագրությանը, գործունեության բնագավառներին, ցուցահանդեսներին, այլեւ ազատորեն վկայաբերելով հայ եւ այլազգի հեղինակների գնահատականներն ու բնութագրումները, ժամանակի մամուլի անդրադարձները, որոնք մեծապես նպաստում են Արսեն Շաբանյանի ստեղծագործության մասին ամբողջական պատկերացում կազմելուն: Ահավասիկ դրանցից մեկը. «Շաբանյանը... ծովի մասնագետ է եւ ընբռնում է նրա այլազան եւ անսովոր երեւույթների խորքը: Շաբանյանն արժանի է արտակարգ ուշադրության թե՛ որպես գեղանկարիչ, եւ թե՛ իբրեւ գունավոր օֆորտի վարպետ: Նրա օֆորտային փորագրությունները կարող են համարվել քսաներորդ դարի գեղեցկագույն աշխատանքներ» (Ռոժե Միլե):
Գրքի կարեւոր արժանիքներից է հարյուրից ավելի գունավոր վերատպությունների ընդգրկումը, որոնց մի զգալի մասը մասնավոր հավաքածուներում գտնվող եզակի գործեր են: Խնամքով է կազմված նաեւ գրքի արժեքավոր կատալոգային մասը:
Ամփոփելով, կարող ենք ասել, որ հրապարակի վրա է իսկապես հաջողված մի պատկերագիրք, որը հասցեագրված է հայ եւ օտարազգի արվեստասերներին: Պետք է նաեւ ուրախությամբ նշել, որ հանրահայտ հայ նկարիչներին նվիրված պատկերագրքերի տպագրությամբ ավանդաբար հայտնի հաստատությունների շարքում այսօր տեսնում ենք նաեւ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, սույն ներկայանալի հրատարակությամբ: Պատահական չէ, որ հեղինակ-կազմողը գրքի սկզբում հատուկ շնորհակալություն է հայտնել ռեկտոր, պրոֆեսոր Ա. Ա. Ղուկասյանին` հրատարակման գործը ստանձնելու համար:
ԿԱՐԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, Պատմական գիտ. դոկտոր, Մատենադարանի արվեստի պատմության բաժնի վարիչ