Կայացավ սփյուռքի նախարարության հերթական ատյանի նիստը, որի ընթացքում նախարարության 2010-ի աշխատանքային ծրագրի մասին զեկուցեց համահայկական ծրագրերի վարչության պետ Ժենյա Ազիզյանը: Ներկայացված ծրագիրը քննարկվեց ու հավանության արժանացավ ատյանի անդամների կողմից:
Նիստի օրակարգում ընդգրկվածՙ օտարերկրյա պետությունների հայկական համայնքներում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդականի գործունեության կարգը ներկայացրեց փոխնախարար Ստեփան Պետրոսյանը: Նա նշեց, որ «այն կառուցակարգը, որ փորձ ենք անում ներդնել, կդյուրացնի մեր աշխատանքը, կապահովի փոխադարձ կապը եւ հնարավորություն կտա ավելի կազմակերպված աշխատել համայնքների հետ»:
Սփյուռքի նախարարի խորհրդականը կաշխատի հասարակական հիմունքներով ու տվյալ անձը պետք է ձեւավորի բարեկամների խորհուրդ, որտեղ կընդգրկվեն կամավորության սկզբունքով հայկական բոլոր կազմակերպություններն ու կառույցները, որոնք կցանկանան մասնակցել Հայաստան-սփյուռք համագործակցության աշխատանքներին: Այս հարցի շուրջը եղավ բուռն քննարկում, առաջարկություններ եւ դիտողություններ, որոնք հաշվի կառնվեն հատուկ օրակարգում:
Հաշվետվությամբ հանդես եկավ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, արվեստագիտության դոկտոր Աննա Ասատրյանը: ՀՀ սփյուռքի նախարարության ջանքերով, ՀՀ ԳԱ ակադեմիայում ստեղծված սփյուռքահայ արվեստի բաժինը անցած 8 ամիսների ընթացքում իրականացրել է «Ակնարկներ սփյուռքահայ կերպարվեստի պատմության» մատենաշարի անդրանիկ հատորըՙ «Քաջազի մշտավառ կանթեղը» երկլեզու շքեղ ալբոմը, որը նվիրված էր ամերիկահայ անվանի նկարիչ Քաջազունի Քեչեճյանի կյանքին ու ստեղծագործական ստեղծագործությանը:
Ատյանի օրակարգի վերջին հարցը վերաբերում է 2010 թվականին «Մեր մեծերը» խորագիրը կրող ծրագրին: Այսպիսով, «Մեր մեծերը» շարքում արդեն իսկ ընդգրկված Ալեք Մանուկյանին, Քըրք Քրքորյանին, Շառլ Ազնավուրին եւ Վազգեն Վեհափառին նվիրված մեծարման ծրագրին կավելանան սփյուռքահայ անվանի գործիչներ, ազգանվեր հայորդիներ, Պողոս Նուբարը, Միսակ Մանուշյանը, Լեւոն Շանթը, Վարդգես Սուրենյանցը եւ Մխիթար Սեբաստացին:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ