«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2009-11-28 | #219, 2009-12-01 | #220, 2009-12-02


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ 80 ՏՈԿՈՍԸ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՎԱԾ ՉԷ

«Մենք պետական փակ բաժնետիրական ընկերություն ենքՙ հետապնդելով շահույթ, եւ իրականացնում ենք Հայաստանում սերտիֆիկացման 2/3-ը, մնացածը իրականացվում է մասնավոր կազմակերպությունների կողմից», երեկ «Դուպլեքս» մամուլի ակումբում հայտարարեց ՀՀ ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը ՙ հիշեցնելով, որ իրենց սերտիֆիկացման միավորըՙ ՀՍՏ-01-ն է, իսկ մնացած բոլոր միավորները մասնավոր կազմակերպությունների գործն են: Ըստ պարոն Ազարյանի, այն ընկերությունները, որոնց արտադրանքը կամ ներմուծած ապրանքը կասկածելի որակների է, չեն գալիս իրենց մոտ, այլ դիմում են մասնավոր սերտիֆիկացիոն կազմակերպություններին. «Սակայն մյուս կողմից էլ Հայաստանն այսօր համաշխարհային ISO կազմակերպության անդամ է, իսկ սա նշանակում է, որ դրսում սերտիֆիկացված ապրանքները մենք ճանաչում ենք, նույնը եւ մեր կողմից սերտիֆիկացված ապրանքը ճանաչվում է կազմակերպության անդամ 160 երկրներում», նշեց Ազարյանը:

Ըստ բանախոսի, Թուրքիայի հետ սահմանի բացումից հետո Հայաստանն այս ոլորտում խնդիրներ չի ունենա, քանի որ Թուրքիան նույնպես ISO-ի անդամ է, եւ փաստորեն «խաղի կանոնները նույնն են»: Սակայն, եթե, ըստ Ազարյանի, կա անհրաժեշտություն լրացուցիչ ստուգելու տվյալ ներմուծված եւ սերտիֆիկացված ապրանքը, ապա անպայաման կկատարվի հատուկ լաբորատոր ուսումնասիրություն:

Ազարյանը տեղեկացրեց նաեւ, որ իրենք չունեն ստուգելու լծակներ եւ իրավունք. «Մեր գործառույթները կայանում են միայն սերտիֆիկատ հանձնելով կամ չհանձնելով, իսկ հետագայում ստուգել, թե այս կամ այն ապրանքը ունի սերտիֆիկատ, թե ոչ, մեր պարտականությունների մեջ չի մտնում, սակայն այս հարցը անչափ կարեւոր է, քանի որ Հայաստանում այսօր կան քաղաքներ, օրինակՙ Վանաձորը, որտեղ ընդհանրապես ստուգումներ չեն անցկացվում»:

Սպառողների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանի խոսքերով էլՙ իր ներկայացրած կազմակերպությունը վերջին ժամանակներում կատարել է բազմաթիվ մոնիտորինգային այցեր, որոնց արդյունքում բազմաթիվ վաճառողների մոտ հայտաբերվել են չսերտիֆիկացված ապրանքներ. «Ցավալի է, որ չկարողացանք ներմուծել այդ կուլտուրան մեր իրականություն», իր մտահոգությունը հայտնեց պարոն Եղոյանը:

Նա նկատում է նաեւ, որ հատկապես ցավալի վիճակում են ոչ պարենային ապրանքները. «Այս ապրանքների 80 տոկոսը Հայաստանում հայերեն մակնշված չէ, սա նշանակում է նաեւ, որ դրանք սերտիֆիկացված էլ չեն,- շարունակելով Եղոյանը նշեց,- քանի որ այսօր տեսչական ստուգումները սահմանափակվել են, բարդացել է նաեւ այդ ապրանքների բացահայտումը, սա շատ վտանգավոր է: Օրինակ, տեսեք, քիմիական, պարֆյումերական ապրանքների վրա հայերերեն մակնշում չլինելու դեպքում սպառողը կարող է չհասկանալ տվյալ ապրանքի գործածության ճիշտ ձեւը, եւ վնաս հասցնել սեփական առողջությանը»: Այս առումով, ըստ պարոն Եղոյանի, սպառողների իրավունքների պաշտպանության կազմակերպությունը պայմանավորվածություններ ունի ՀՀ կառավարության հետՙ ապրանքների վրա հայերեն պարտադիր մակնշում կատարելու ուղղությամբ: Դրանք ընթանալու են երկու փուլով. «Առաջին փուլը կսկսվի 2010-ի հուլիսի մեկից, երկրորդըՙ 2011-ի հունվարի մեկից, սակայն 2011-ի հուլիսի մեկից հայերեն մակնշում կունենան բոլոր ոչ պարենային ապրանքները», վստահեցրեց պարոն Եղոյանը:

Գնաճի հետ կապված (հատկապես Ամանորի նախաշեմին) Եղոյանը նշեց, որ իրենք միշտ էլ արձագանքել են անհիմն գնաճին. «Մենք ահազանգել ենք համապատասխան մարմիններին, առաջարկել ենք մի քանի փոփոխություններ օրենսդրության մեջ, մենք պահանջում ենք այս հարցում լուրջ խստացումներՙ ընդհուպ տուգանք, ո՞նց ամրագոտի կապեցինք, այդպես էլ կարելի է պայքարել գնաճի դեմ», նկատեց Եղոյանըՙ ավելացնելով, որ իրենց կազմակերպությունը դեկտեմբերի կեսերին միայն հրապարակավ հանդես կգա հստակ առաջարկություններով:

Ինչ վերաբերում է այս տարվա ընթացքում եղած սպառողների բողոքներին, Եղոյանը նշեց, որ դրանք առայժմ 915-ն են. «Սա այն դեպքում, երբ անցյալ տարի մենք ունեցել ենք 880 դիմում-բողոքներ, իսկ այս տարի սպասում ենք, որ բողոքների թիվը կարող է հասնել 1000-ի», ասաց Ենոքյանըՙ նշելով, որ հիմնական դիմում-բողոքները վերաբերում են սննդի անվտանգության, ոչ պարենային ապրանքների, կենցաղային օգտագործման ապրանքների ոլորտներին: Ըստ բանախոսի, սրա համար անհրաժեշտ է ստեղծել հատուկ լաբորատորիա, որը կուսումնասիրի այս խնդիրները եւ եզրակացություններ կանի:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4