ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թողարկվել է Շառլ Ազնավուրի 56-րդ ալբոմը, որում ներկայացված են նրա հայտնի կատարումները` Ջոն Քլեյտոնի ջազ նվագախմբի ուղեկցությամբ:
«Նա վերադառնում է հուշերի գրքով, ջազային երանգներ ունեցող նոր ալբոմով եւ DVD ժողովածուով»,-գրել է ֆրանսիական «Ֆիգարոն»` մեջբերելով Շ. Ազնավուրի խոսքերը. «Ես պետք է մի շարք գործեր անեմ. կինո, հեռուստատեսություն, համերգային շրջագայություն: Գլխումս թեմաներն ավելի շատ են, քան ինձ մնացած տարիները»:
«Ցածր ձայնով» ինքնակենսագրական գրքի առնչությամբ հեղինակը նշել է. «Ես նրանց թվում եմ, ովքեր իրենց ինքնակենսագրությունը գրում են միայնակ: Կարեւորն այստեղ ոճն է, որով այն պատմվում է. պետք է, որ այն հուզի»,-ասել է նա:
Շ. Ազնավուրի 56-րդ ալբոմը ձայնագրվել է Լոս Անջելեսի լեգենդար Capitol ստուդիայում: «Ես այնտեղ ներկա եմ գտնվել Ֆրենկ Սինատրայի երկու սեանսներին եւ տպավորված եմ եղել նրա հստակությամբ»,-նշել է Ազնավուրը: