«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2009-12-01 | #220, 2009-12-02 | #221, 2009-12-03


ԻՆՏԵՆՍԻՎ «ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ» ՂԱՐԱԲԱՂԸ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների գործընթացը տարօրինակ ինտենսիվությամբ է շարունակվում: Այնպիսի հաճախակիությամբ են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, էլ չեմ ասումՙ արտգործնախարարները, հանդիպում ու «քննարկում» ղարաբաղյան հարցի կարգավորման իրենց մոտեցումներում «չհամաձայնեցված» կետերը, որ տպավորություն է ստեղծվում, թե մնացել է համաձայնեցնել միայն այդքան շատ ասված «շրջանակային համաձայնագրի» ստորագրման տեղն ու ժամանակահատվածը:

Դեկտեմբերի 1-2-ին Աթենքում տեղի ունեցած ԵԱՀԿ երկրների նախարարների խորհրդի հերթական նիստի շրջանակներում էլ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանդիպեցին, ինտենսիվ քննարկեցին միայն իրենց հայտնի դրույթները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն էլ, յուրաքանչյուրն իր հերթին, հայտարարությամբ հանդես եկան` շեշտելու, թե ամեն ինչ այնքան լավ է, որ արդեն գրեթե ստորագրում են այդպես էլ ոչ մի տեղ ու երբեք հստակությամբ չներկայացված հիմնարար սկզբունքներ կոչվածը ներառող փաստաթուղթը:

Աթենքյան հանդիպումներին հետեւեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական ու համատեղ հայտարարությունը, որ առանձնակի նոր ոչինչ չբերեց ու չասաց` հերթական անգամ չգիտես ինչի վրա խարսխված լավատեսություն հրամցնելով հայտարարությանը ծանոթացողներին: Կրկին ողջունվում է պատրաստակամությունը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների, որոնք արդեն այս տարի 6 անգամ հանդիպել են, ու հետագա ընթացքի ինտենսիվության ապահովումը, որի անհրաժեշտությունը երեկ ընդգծել է նաեւ ԵԱՀԿ գերագույն քարտուղար Մարկ Պերրին դե Բրիշամբոն :

Հերթական անգամ էլ երկու կողմերից, համանախագահողներին ու ընդհանրապես այս հանդիպումներում մասնակիցներից ով եւ ինչ ասաց, ասաց լավագույն մաղթանքների գագաթնակետից ու լավագույն կենացների ավանդույթով, որոնք հրաշալի են հնչում սեղանի շուրջը, ուղղվում են թեկուզ ամենատհաճ մարդու գովասանքին, սակայն սեղանից հեռու ամենայն հանգստությամբ կարող են դառնալ տրամագծորեն հակառակ հայտարարություններ;

Հաստատապես, մի որոշ ժամանակ անց, երբ Ադրբեջանի ներսում իրավիճակը այդպիսի անհրաժեշտություն ծնի, երեկ աթենքյան հանդիպումներում դինամիկա նկատող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը որոշ ժամանակ անց ամենայն հանգստությամբ կարող է հայտարարել, թե անտեղի են բանակցությունները, ոչ մի դինամիկա ու դրական որեւէ պահ էլ չկա բանակցային գործընթացում:

Ամեն դեպքում, ինչպես կարելի է ենթադրել հնչած հայտարարություններից, մաքոքող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարծես դեռ այս տարի հոգնածություն չեն ցուցաբերում ու պատրաստվում են էլի այցելել տարածաշրջան: Ու թեեւ մինչեւ տարեվերջ առանձնակի շատ օրեր չեն մնացել, բայց կարծես հենց մինչեւ տարեվերջ էլ համանախագահները կգան ու թե արդեն որտեղ ու ում հանդիպումը կհամաձայնեցնենՙ կիմանանք քիչ ավելի ուշ, ու որքան էլ վատ ու տարօրինակ, անպայման ադրբեջանական աղբյուրներից:

  «Ազգն» արդեն տեղեկացրել է Աթենքում հանդիպումներին հետեւած տարբեր եվրոպաշտոնյաների, համանախագահող երկրների արտաքին գերատեսչությունները ներկայացնող անձանց հայտարարությունները: Ավելացնենք միայն, արդեն հերթական են դառնում նաեւ համանախագահող երկրների բարձր մակարդակով ներկայացուցչությամբ արվող հայտարարությունները, որոնց, սակայն, միակ գործնական արդյունքը դեռեւս մնում է այս տարի արդեն 6 անգամ կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպումների շարքը, որի արդյունավետության մասին դատողությունները բնավ էլ փաստարկված չեն կարող ներկայացվել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4