Ադրբեջանական կողմը մեծ աղմուկ է բարձրացրել Euronews հեռուստաընկերության հեռարձակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին պատմող ռեպորտաժի կապակցությամբ: Ադրբեջանցիները հայտարարել են, որ ռեպորտաժի հեղինակները «սուտ եւ չստուգված» տեղեկատվություն են տարածում` հայտարարելով, որ Ղարաբաղը բնիկ հայկական հող է, իսկ Բակո Սահակյանը` ԼՂՀ նախագահ: Հիշեցնենք, որ հեռուստաընկերության լրագրող Միքայել Ռեյխմանը ծավալուն ռեպորտաժ է պատրաստել Ղարաբաղի մասին: Խոսելով Արցախի 100-ավոր եկեղեցիների մասինՙ լրագրողը շեշտել է, որ Ղարաբաղի հայերի կյանքում կրոնը շատ մեծ դերակատարում է ունեցել: Լրագրողը պատմել է նաեւ Ղարաբաղի անկախության հռչակման ու Ադրբեջանի պարտադրած պատերազմի մասին:
Ի դեպ, ռեպորտաժի վերաբերյալ Ադրբեջանի երիտասարդական կազմակերպությունների միությունը տարածել է հայտարարություն, որտեղ վրդովմունք են հայտնել «լրագրության չափանիշների մեջ չտեղավորվող» նյութի վերաբերյալ: Ադրբեջանական բազմաթիվ կայքեր կոչ են արել ադրբեջանցիներին, Ադրբեջանի բարեկամներին եւ համայնքինՙ բողոքի նամակ հղել Euronews-ի խմբագրությանը: Ի դեպ, ադրբեջանական կայքերը հաղորդում էին, թե հեռուստաալիքը արգելափակել է Ղարաբաղի մասին պատմող ռեպորտաժը: Իրականում այն շարունակում է մնալ հասանելի Euronews-ի կայքում: http://www.euronews.net/2009/11/28/winds-of-change-in-nagorno-karabakh հասցեով:
Հ. Հ.