«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2009-12-01 | #220, 2009-12-02 | #221, 2009-12-03


ՀԱՅԵՐԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ ԽՈԺՈՌՆԻՈՒՄ

Վրաստանի արդրբեջանցիները գրեթե նույն խնդիրներն ունեն, ինչ ջավախահայությունը

Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Հարեւաններ» ծրագրի շրջանակներում Վրաստանի ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիի նահանգ այցելության նպատակն էր ծանոթացնել վրաց պետությունում ազգային փոքրամասնություն ներկայացնող ադրբեջանցիների իրականության որոշ կողմերին: Միեւնույն ժամանակ, հնարավորություն եղավ այցելելու հայ-ադրբեջանաբնակ Խոժոռնի գյուղ, որ գտնվում է Վրաստանի Քվեմո-Քարթլիի ադրբեջանաբնակ նահանգնում, շրջապատված է մի քանի հայկական ու շատ ավելի մեծ թիվ կազմող ադրբեջանաբնակ գյուղերով:


Վրաստանի Քվեմո-Քարթլի նահանգի կենտրոն Մառնեուլի մեծամասնություն կազմող ադրբեջանալեզու բնակչության ավելի քան 80 տոկոսը վրացերենին չի տիրապետում: «Մնացյալ 20 տոկոսն էլ ինչպես է տիրապետում, դեռ հարց է», լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի վիճակագրություն է ներկայացնում Վրաստանում ադրբեջանցիների մշակութային կենտրոնը ներկայացնող Լեյլա Ալիեւան: Այս նահանգում, Ալիեւայի վկայությամբ, մինչեւ 2005թ. կրթական բարեփոխումները, եղել է 160 ադրբեջանական դպրոց, հիմա մնացել է 120-ը:

Ինչ վերաբերում է վրացերենի ուսուցմանն ընդհանրապես, ապա, «Աղավնի» ՀԿ ներկայացուցիչ Սաբինա Թալիբովայի եւ Լեյլա Ալիեւայի ներկայացմամբ, դա ավելի շուտ վերածվում է ուսուցիչների խնդրի: Թալիբովայի խոսքերով, վրաց իշխանությունների որոշմամբ, վրացերենի ուսուցիչներն այսուհետեւ կվարձատրվեն 1200 լարի (ավելի քան 720 դոլար) աշխատավարձով, տեղական իշխանություններին հանձնարարելով բարենպաստ պայմաններ ապահովել գյուղեր մեկնող ուսուցիչների համար:

Դասագրքերի առումով էլ ադրբեջանցիները Վրաստանում գրեթե նույն խնդիրներն ունեն, ինչ հայերը: Մասնավորապես, ըստ ՀԿ ներկայացուցիչների տվյալների, Վրաստանը տպագրում է ադրբեջանալեզու դասագրքեր, բայց դրանք շատ ցածրորակ են, ունեն ոչ միայն տպագրական, այլեւ անգամ առարկայի հիմունքների առումով սխալներ: Ադրբեջանից բերվող դասագրքերն էլ, չնայած թղթից մինչեւ բովանդակություն բարձրորակ են, բայց չեն համապատասխանում վրացական կրթական ծրագրին, եւ հաճախ դպրոցներն իրենց պատասխանատվությամբ են որոշում օգտագործել այս կամ այն դասագիրքը:

Ինչ վերաբերում է բարձրագույն կրթությանը, ապա այդ առումով էլ գոհ լինելու հիմքեր չկան: Լեյլա Ալիեւայի մատուցմամբ, Քվեմո-Քարթլիում կրթության մակարդակն ընդհանուր առմամբ ցածր է, երիտասարդությունը մեծագույն դժվարությամբ է կրթությունը շարունակում Բաքվում, ընդ որում, Ադրբեջանում չկան կրթական արտոնություններ Վրաստանի ադրբեջանցիների համար: Բացի այդ, Ալիեւան վստահեցնում է, որ Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախեթի նահանգում կրթության որակը, Քվեմո Քարթլիի համեմատությամբ, ավելի բարձր է:

Ալիեւան ու ադրբեջանական հասարակական կազմակերպությունների էլի մի քանի ղեկավարներ իրենց դժգոհությունն են հայտնում, որ նահանգում փոխվում են ադրբեջանական տեղանունները: Ըստ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներիՙ միայն Բոլնիսի շրջանում մինչեւ 30 տեղանուն է փոխվել դեռեւս 90-ականներից, սակայն բնակչությունն իր խոսքում դեռ շարունակում է օգտագործել հին անվանումները:

Ադրբեջանական ՀԿ-ների ներկայացուցիչները մտահոգություն են հայտնում, թե Քվեմո-Քարթլիից շատերն են հեռանում ու չեն վերադառնում: Միգրացիոն հոսքը հիմնականում Ադրբեջան է գնում, քանի որ Վրաստանի քաղաքացիների համար մեծապես դժվար է գնալ Ռուսաստան: ՀԿ ներկայացուցիչների խոսքերովՙ ադրբեջանաբնակ նահանգում հայկական գյուղեր էլ կան, որ նույն խնդիրներն ունեն, ինչ ադրբեջանականները: Հայկական գյուղերն այս նահանգում գրեթե բոլորը սահմանամերձ են, հեռու կենտրոններից, ունեն անգամ ամբուլատորիաների խնդիր, չկան շտապ օգնության մեքենաներ:

Ախալցխացի հայի` Ռուբեն Սապոնջյանի հետ ընտանիք կազմած վրացուհի Նոնա Սամխարաձեն, որ Մառնեուլի բնակիչ է, համաձայն չէ ադրբեջանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների տված գնահատականներին: Մառնեուլի հեռուստաընկերությունում աշխատող վրացուհին գտնում է, որ ցանկության դեպքում անգամ ներկա պայմաններում կարելի է սովորել վրացերեն, ուղղակի չկա այդպիսի կամք:

Նոնան համաձայն է, որ կան բազմաթիվ խնդիրներ, բայց, նրա խոսքերով, այդպիսիք կան նաեւ Վրաստանի մյուս տարածաշրջաններում: Ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններում, ըստ Նոնայի, ավելանում են նաեւ ինտեգրման, լեզվական խնդիրները, սակայն ցանկության դեպքում մարդիկ ինչպես սովորում են անգլերեն ու գերմաներեն, կարող են յուրացնել նաեւ վրացերենը:

Սադախլոն` աղքատության եզրին

2006-ի հուլիսի 30-ին վերջնականապես դադարեց գործել Բագրատաշեն-Սադախլո շուկան, թեեւ հայ-վրացական համատեղ այդ շուկան փակվել էր դեռեւս ապրիլից վրացական կողմի առաջարկությամբ: Ապրիլի սկզբին Վրաստանի մաքսային դեպարտամենտի ղեկավարը եւ Հայաստանի մաքսային կոմիտեի նախագահը հայ-վրացական մաքսակետում հանդիպել էին, շրջել շուկայում, որի ընթացքում վրացական կողմը հայտնել էր, թե նպատակահարմար չի գտնում սահմանում նման շուկայի գոյությունը:

Մի քանի օր անց Վրաստանի կառավարությունը պաշտոնապես հայտարարեց, որ իր տարածքում Սադախլոյի շուկան փակվում է: Ապրիլի 12-ին Հայաստանի մաքսային կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը Երեւանում հայտարարեց, որ համատեղ շուկան այլեւս չի գործելու վրացական կողմի նախաձեռնությամբ:

Շուկայի գործունեության ընթացքում Սադախլո գյուղի բարգավաճումն այսօր միայն երկհարկանի ընդարձակ տներով է արտահայտվում: Եվ եթե ժամանակին գյուղը հարստացել էր առեւտրի շնորհիվ, որ, շատ դեպքերում, մեծ չափերի հասնող խաբեություններով էր ուղեկցվում, այսօր աշխատանքի բացակայությունը Սադախլոյի բնակիչներին տանում է գյուղից հեռու:

Ֆիզուլի Մամեդովը վարորդ է, շաբաթը մի քանի անգամ Սադախլոյից մեկնում է Բաքու` տանելով ադրբեջանաբնակ սահմանամերձ այդ գյուղի տարբեր բնակչներին իրենց ժամանակավոր աշխատանքով Բաքվում գումար վաստակելու համար: Նրա ներկայացմամբ, հաճախ է մեկնում լիքը ավտոբուսով ու վերադառնում կիսադատարկ:

Զիարդին Այօղլուն պատմում է, որ Սադախլո գյուղից Բաքու են գնում հիմնականում սեւ գործ անելու համար, այդպես գնալով ու չվերադառնալով գյուղի 15 հազարից ավելի բնակիչներից մնացել է միայն 3 հազարը: Գյուղի բնակիչները, Զիարդինի խոսքերով, հարսանիք ու թաղում անելու համար են գյուղ գալիս ու էլի հեռանում:

«Շուկայի փակումը Կովկասի համար մեծ խնդիր դարձավ», իր աշխարհն այսպես է ներկայացնում 57 տարեկան Խալիլով Ջալալ Մոհամեդօղլուն: Նրա խոսքերով, գյուղում 90 տոկոսը գործ չունի, ոչ մեկը չի ուզում սոված մնալ, դրա համար էլ գնում են, երիտասարդությունը գնում է Ադրբեջան: «Կինս ուսուցչուհի է, նրա աշխատավարձով ենք ապրում, երեխաները Բաքվում են աշխատում, ոռոգման ջուր չունեն, խորհրդային տարիներին մոտորով էին ջուր բարձրացնում Դեբեդից, հիմա դա չի արվում», ասում է Սադախլոյի բնակիչը:

Կարաջաեւ Վիլայեթը 67 տարեկան է, ընտանիքը շատ վատ է ապրում: «Մեկ հեկտար արեւածաղիկ ցանելով այս տարի 10 կգ-ից քիչ բերք եմ հավաքել, ոռոգման ջուր չկա: Թոշակ եմ ստանում, 90 լարի, որով վեց հոգի է ապրում: Հող բավականին ունեմ, բայց ոռոգման ջրի բացակայությունը հնարավոր չի անում ապահովելու կյանքը»: Քսան օր է, ինչ Վիլայեթի տղան գնացել է Բաքու աշխատելու: (Բաքվում խոշոր շինարարական ընկերություններից որոշները գտնվում են Վրաստանից մեկնած ադրբեջանցիների ձեռքում, որոնք աշխատանք են տրամադրում իրենց համերկրացիներին): «Օգնության կարիք ունենք, բայց այստեղ, այլ երկրների համեմատ, օգնում են հատուկներին: Գալիս են, տեսնում, թե երկու հարկանի տուն ունենք, ուրեմն օգնության կարիք չունենք»:

Հայ ու ադրբեջանցի ապրում են իրար կողքի, բայց չեն ամուսնանում

Վրաց-հայկական Բագրատաշենի անցակետի սահմանի մոտ է գտնվում ադրբեջանաբնակ Սադախլո գյուղը, որ շրջապատված է նույնպես ադրբեջանաբնակ գյուղերով` հայկական գյուղերի եզակի ընդհատումներով: Սակայն Սադախլոյից սկիզբ առնող մի ճանապարհ կա, որ թեեւ վաղուց հեռացել է «ճանապարհ» հասկացության բնութագրիչներով ներկայացվելուց, այնուամենայնիվ, տանում է դեպի սարերը, որտեղ ծվարած մի գյուղում հայ ու ադրբեջանցի ապրում են արդեն մի քանի հարյուրամյակ իրար կողքի, միմյանց թեւ ու թիկունք են լինում, օգնում իրար, հասնում նեղ օրերին, հյուր գնում միմյանց տոնախմբություններին, սակայն միմյանց հետ չեն ամուսնանում:

Գյուղը Խոժոռնին է, որ, տեղացիների հավաստմամբ, հազարամյա պատմություն ունի: Գյուղապետ Մանվել Ղարիբյանը , որ հիանալի տիրապետում է ոչ միայն հայերենին, այլեւ ադրբեջաներենին, ում հետ ինչ լեզվով հարմար է, այդպես էլ խոսում է: Նրա խոսքերով, 900 մարդ կա գյուղական համայնքում, որից 110 ադրբեջանցիներ են: Գյուղում մարդիկ զբաղվում են անասնաբուծությամբ ու հողագործությամբ:

Գյուղամեջում հավաքված մի քանի գյուղացիների հետ գյուղապետը անցնում է գյուղապետարան, որ ավերակ, կոտրված ապակիներով մի շենք է: «Մեծ հարցերից մեկը ճանապարհներն են, որ վատթար վիճակում են», ասում է Մանվել Ղարիբյանը, թեեւ յուրաքանչյուր մարդ, որ հասնի Խոժոռնի, այլեւս կարիք չունի «տեղեկանալու», թե այդ կողմերում ճանապարհն ինչպիսին է: Այնպիսի տպավորություն է, թե մի հազարամյա հնություն էլ ճանապարհներն ունեն: Գյուղի խմելու ջրի հարցը լուծվել է, բայց, Ղարիբյանի ներկայացմամբ, ոռոգման ջուր չունեն: Խոժոռնեցիներն էլ աշխատանք չունեն:

Գյուղի ղեկավարի խոսքերով. «Մարդիկ հեռանում ենՙ որն ուր կարող է. գնում են Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան, հատկապես երիտասարդությունը հեռանում ու, եթե կարողանում է հեռվում տեղավորվել, էլ չի վերադառնում»: Ղարիբյանը վստահեցնում է, որ Խոժոռնիում հայ ու ադրբեջանցի հարցեր չեն լինում, բայց մեկ է, միջէթնիկական ամուսնություններ չեն ունենում: Մզկիթ չկա Խոժոռնիում, բայց եկեղեցի կա, այն էլ, Ղարիբյանի ներկայացմամբ, 11-րդ դարի:

Լեւոն Ղարիբյանն էլ Խոժոռնու դպրոցի նախկին հույն տնօրենին փոխարինած նոր տնօրենն է: «143 աշակերտ կա դպրոցում, 16 դասարան: Աշակերտներից 128-ը հայկական սեկտորում են, 15-ը` ադրբեջանական ու մեկը մյուսի լեզուն դպրոցում չի անցնում, այլ սովորում է գյուղում շփվելիս», ներկայացնում է տնօրեն Ղարիբյանը: Դպրոցը կադրային հարցեր ունի երկու սեկտորներում էլ, բայց բարձրագույն հաստատություններ ընդունվողներ լինում են: Միայն թե հայերը գնում են Հայաստանում սովորելու, քանի որ Թբիլիսի գնալու հարցում մնում է լեզվի խնդիրը:

«Հայերի հետ լավ ենք, ոչ մի պրոբլեմ չունենք, հայ ընկերներ էլ շատ ունենք», հայերենով ասում է խոժոռնեցի ադրբեջանցի Ռազիմ Իրադովը: Իր եղբոր` Վուսալի ու ծնողների հետ Ռազիմն ապրում է գյուղում ու մտահոգ է, որ աշխատանք չկա: «Աղքատ ենք ապրում, գործ չկա, միակ անելիքն անասուն պահելն է: Գյուղից ով ուր կարողանում, գնում ու չի գալիս», դժգոհում է Ռազիմը:

Հայ-ադրբեջանական հարաբերությունների առումով էլ Ռազիմը հավաստիացնում է, որ ղարաբաղյան հարցին չեն անդրադառնում, ուստի այդ առնչությամբ չեն էլ վիճում: Ամեն դեպքում, Ռազիմի ներկայացմամբ. «Ղարաբաղի հարցը չի խանգարում շփվել իրար հետ»: Դրա փոխարեն, հայի ու ադրբեջանցու իրար հետ ամուսնանալուն խանգարող հանգամանք կա, որ, Ռազիմի խոսքերով, հավատն է. «Հայի հետ չենք ամուսնանում, մեր հավատները տարբեր են, բայց ուրիշ ոչ մի հարց խնդիր չէ մեզ համար»:

  Միկոյան Նորայրն էլ, Ռազիմի նման, խոժոռնեցի երիտասարդ է, որ աշխատանք փնտրելու հույսով պատրաստվում է հեռանալ հայրենի գյուղից: «Ադրբեջանցիների հետ շատ նորմալ ենք ապրում, ոչ մի խնդիր չի առաջանում», ասում է Նորայրը: Ադրբեջանցիների հետ հարցեր չեն ծագում, բայց գյուղի համար համաճարակ դարձած գործազրկությունը Նորայրին էլ է տանելու հեռու, որտեղից թերեւս չվերադառնա: «Հարցը ադրբեջանցին չէ, այլ գործ չունենալը: Մտածում եմ դուրս գնալ, ուր գործ ճարեմ, էնտեղ էլ կմնամ»:

«Չայ խմեք, համով է», դռնից դեռ ներս չմտած հյուրասիրության իր բաժինն է առաջարկում Գյոլչակ տատը: «Երկաթգծից հեռու ենք, կողքը սահման է, անգամ փայտ չենք կարողանում բերել: 85 լարի (մոտ 50 դոլար) թոշակ եմ ստանում, բայց դա քիչ է: Երեք երեխա կա տանը, դպրոց են գնում», հայերեն ասում է Գյոլչակ տատն ու ավելացնում, որ հայերենը շփման միջոցով է սովորել, քանի որ դպրոցում ադրբեջանցիները հայերեն չեն սովորում:

Նրա որդին` Աֆանդի Շարիֆովը , 6 հոգանոց ընտանիք է պահում: «Հայերի հետ հարսանիք էլ ենք գնում, տխրության էլ ենք իրար կանչում, օգնում: Մենք մեծ հարսանիք ենք անում համ էլ, իսկ հայերը էդքան էլ չէ», հայերեն ասում է Աֆանդին: Նա վստահեցնում է. «Մենք տարբերություն չենք դնում հայի ու ադրբեջանցու մեջ, պապերի ժամանակից իրար հետ ապրում ենք, չենք ուզում ոչ Հայաստանից, ոչ Ադրբեջանից գան ու խառնեն մեզ: Իրարից տարբեր բաներ սովորում ենք ու յոլա գնում»:

Աֆանդին ուրախությամբ է հիշում տարիները, երբ Հայաստան hաճախ էին այցելում. «Հիմա չենք գնում Հայաստան, բայց առաջ շատ էինք գնում Ալավերդի, մոշ էինք տանում, գնում էինք Կիրովականի շուկա: Հիմա ստիպված միայն Մառնեուլ ենք գնում: Մենք գյուղում համերաշխ ենք հայերի հետ, բայց Հայաստան էլ չենք գնում», փաստում է Աֆանդին:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Քվեմո Քարթլի-Երեւան


Նկար 1. Լեյլա Ալիեւա

Նկար 2. Ռազիմ եւ Վուսալի Իրադովներ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4