«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2009-12-01 | #220, 2009-12-02 | #221, 2009-12-03


«ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԴՐԱԿԱՆ ԷՐ»

Այդպես են արձագանքում թուրքական լրատվամիջոցները

Երեկ «Ազգը» անդրադարձել էր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի թուրք պաշտոնակցիՙ Ահմեդ Դավութօղլուի հետ աթենքյան հանդիպմանը: Թեեւ այս հանդիպումն իրականացավ ԵԱՀԿ նախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանի շրջանակներում, սակայն թուրքական լրատվամիջոցների անդրադարձն այն տպավորությունն է գործում, թե նստաշրջանն է իրականացել Նալբանդյան-Դավութօղլու հանդիպման շրջանակում: Համենայն դեպս, թուրքական հանրային հեռուստատեսությունը նշեց, որ նստաշրջանի վրա կնիք են թողել ղարաբաղյան հիմնահարցն ու Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը:

Նալբանդյան-Դավութօղլու դռնփակ հանդիպման մանրամասներին, ինչ խոսք, տեղյակ չեն նաեւ թուրքական լրատվամիջոցները: Դրանք պարզապես դրական են գնահատում հանդիպումը եւ անդրադառնում են հանդիպման օրակարգին: Ըստ թուրքական լրատվամիջոցների, մասնավորապես «Զաման» եւ «Հյուրիեթ» թերթերի, հանդիպմանը, որը շուրջ կես ժամ է տեւել, կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, հայ-թուրքական արձանագրությունների հաստատման գործընթացին, ղարաբաղյան հակամարտությանը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մյունխենյան վերջին հանդիպմանն առնչվող խնդիրներ:

Այնուհետեւ Դավութօղլուն հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին, որի ընթացքում քննարկվել են թուրք-ադրբեջանական հարաբերությունները: Հանդիպմանը Մամեդյարովը թուրք պաշտոնակցին պարզաբանումներ է արել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մյունխենյան բանակցությունների մասին:

Թուրքական լրատվամիջոցների այս տեղեկությունները հազիվ թե Նալբանդյան-Դավութօղլու հանդիպման մասին պատկերացում կազմելու հնարավորություն տան: Սակայն հանդիպման օրակարգում արծարծված խնդիրները, այնուամենայնիվ, ենթադրությունների հնարավորություն տալիս են: Թերեւս այդ առումով հատկանշականը «Զամանի» դեկտեմբերի 2-ի հրապարակումն է: Թուրքական այս թերթը ենթադրություններում հենվում է թեկուզ անանուն, սակայն դիվանագիտական աղբյուրների վրա, որոնք, ամենայն հավանականությամբ, թուրքական պետք է լինեն:

Ահա թե ինչ է գրում «Զաման» թերթը. «Դիվանագիտական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն, Դավութօղլու-Նալբանդյան հանդիպման օրակարգի առաջնահերթ խնդիրը եղել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ Ադրբեջանի առաջնորդ Ալիեւի գագաթաժողովը: Երկու նախարարները քննարկեցին Ղարաբաղի հիմնահարցի վերջին հանգրվանի զարգացումները: Դավութօղլուն, դիմելով պաշտոնակցին, ընդգծեց, որ Կովկասում առկա բոլոր խնդիրները կազմում են մեկ ամբողջականություն: Դիվանագիտական աղբյուրների գնահատմամբ սա ոչ այլ ինչ է, քան հիշեցում, որ առանց Ղարաբաղում առաջընթացի ձեռքբերման Մեջլիսը չի հաստատի հայ-թուրքական արձանագրությունները: Հանդիպմանը թուրք նախարարը միաժամանակ նշեց, որ Ղարաբաղում արձանագրված դրական զարգացումները դրականորեն են անդրադառնալու Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վրա: Սա երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու երկկողմ հարաբերությունների նորմալացումը նախատեսող արձանագրությունների հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրումից հետո երկու արտգործնախարարների առաջին հանդիպումն էր: Անկարան նշում է, որ Հայաստանի սահմանը չի բացվի, քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել: Ինչ վերաբերում է Թուրքիայի ազգային մեծ ժողով ներկայացված արձանագրություններին, ապա դրանք, ինչպես ենթադրվում է, առանց Ղարաբաղում առաջընթացի արձանագրման հազիվ թե հաստատվեն»:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4