«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2009-12-01 | #220, 2009-12-02 | #221, 2009-12-03


ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԵԱՅՈՒՄ

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը երեկ մեկնել է Կորեայի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը, Արմեն Աբրահամյանը, Արա Նռանյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը: Սեուլում Հ. Աբրահամյանը, հանդիպելով Կորեայի վարչապետ Չունգ Ուն Չանի հետ, նշել է, թե Հայաստանում կարեւորում են ասիական առաջատար երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը, այդ համատեքստում նաեւ` Կորեայի հետ գործակցության ընդլայնումը: ԱԺ նախագահը կարեւորել է նաեւ երկու երկրների խորհրդարանների կապերի ընդլայնումը: Հ. Աբրահամյանը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական բնագավառում վերջին տարիներին արձանագրվել է որոշակի առաջխաղացում, սակայն ապրանքաշրջանառության գերակշռող մասը իրականացվում է երրորդ երկրների միջոցով: Այդ իմաստով` ԱԺ նախագահը կարեւոր է համարել երկու երկրների գործարարների անմիջական շփումը, ապա եւ` մշակութային համատեղ ծրագրերի կազմակերպումն ի նպատ երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման: Իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Կորեայի ձեռքբերումները նկատի ունենալով` ԱԺ նախագահն առաջարկել է համագործակցություն ծավալել այս ուղղությամբ: Կորեայի վարչապետ Չունգ Ուն Չանը նշելով, որ Հայաստանի եւ Կորեայի միջեւ 1992-ից են դեռ հաստատվել դիվանագիտական հարաբերություններ, միաժամանակ նկատել է, թե այդ ժամանակից ի վեր Հ. Աբրահամյանն առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որ այցելում է Կորեա պաշտոնական այցով. «Հայաստանը եւ Կորեան, չունենալով հարուստ բնական պաշարներ, տնտեսության եւ այլ ոլորտներում ունեցել են ձեռքբերումներ` շնորհիվ մտավոր ներուժի», նշել է Կորեայի վարչապետը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4