«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2009-12-01 | #220, 2009-12-02 | #221, 2009-12-03


ԼԱՎՐՈՎԻ ԱՍԱԾՆ ԱԹԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ

Ըստ ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանի

ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը երեկ ՄԱԱ-ում, անդրադարձ անելով Աթենքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն մտքին, թե ԵԱՀԿ տարածքում բոլոր հակամարտությունների լուծումը պետք է լինի նույն սկզբունքների հիման վրա, դա համարել է հետաքրքրական հայտարարություն, ասելով, թե պետք է հետեւել` արդյո՞ք հետեւողական է լինելու այս առումով ՌԴ-ն. Ռուսաստանի համար պիտի որ նախընտրելի լիներ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի խնդիրների լուծումը Կոսովոյի կարգավիճակի հետ զուգորդված սկզբունքներով: Ըստ Մինասյանի` աջակցություն ստանալու դեպքում ռուսական կողմի այս նախաձեռնությունը լրացուցիչ հնարավորություն է` ղարաբաղյան հակամարտության լուծման համար:

Իսկ հայ թուրքական գործընթացն, ըստ Գ. Մինասյանի, ընթանում է կարծես հայկական սցենարով, որը կրկին մեկ անգամ էլ Աթենքում, ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի ժամանակ արձանագրվեց, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները համատեղ հայտարարություն արեցին, թե հակամարտության լուծումը տեսնում են հելսինկյան եզրափակիչ ակտի 3 հիմնարար սկզբունքներով, թեեւ այդ սկզբունքները միշտ քննադատվել են Ադրբեջանում: Փաստորեն, ըստ Մինասյանի, ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն այն ժամանակ, երբ ադրբեջանական կողմը համակերպվի ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքի իրականացման հետ: Եվ իրատեսության այս պաշարի դեպքում միայն տեսանելի ապագայում կարելի կլինի բանակցային գործընթացի ավարտ ակնկալել: Հայկական կողմը հաճախ է խոսում, որ ողջամիտ ժամկետներում արձանագրությունները Թուրքիայի չվավերացման դեպքում վարվելու է միջազգային նորմերին համապատասխան, վերջապես ո՞րն է այդ խելամիտ ժամկետը. Գ. Մինասյանը կարծում է` եկող տարվա առաջին ամիսները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4