Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը երեկ կառավարության հավանությանը ներկայացրեց 2010-ի պետական բյուջեի նախագծի նորՙ փոփոխված տարբերակը: Նախ, անդրադառնալով բյուջեի եկամտային մասին, նախարարը հայտնեց, որ այն կկազմի մոտ 742 մլրդ դրամՙ նախկին տարբերակում ամրագրված 676 մլրդ դրամի փոխարեն: Ըստ Տիգրան Դավթյանի, բյուջեի եկամտային մասն ավելացվել է մոտ 65 մլրդ դրամով: Այդ գումարից 570 մլրդ դրամը կկազմեն հարկային մուտքերը: Նախատեսվում է հարկային վարչարարության հաշվին ստացվող եկամուտներն ավելացնել 19 մլրդ դրամով: Հարկեր-համախառն ներքին արդյունք (ՀՆԱ) հարաբերակցությունը պետք է լինի 17,7 տոկոս, նախկինում ընդունված 16 տոկոսի փոխարեն: Բացի այդ, 25 մլրդ դրամ ավելացումն արտացոլվելու է «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրի շրջանակներում:
Ծախսերը կկազմեն 935 մլրդ դրամ, որը 75 մլրդ դրամով ավելի է նախկինում սահմանված ծախսերից: Բյուջեի դեֆիցիտն այս դեպքում կկազմի 193 մլրդ դրամ կամ 6 տոկոս: Սա, Տիգրան Դավթյանի հավաստմամբ, մոտ 1,5 տոկոսով ցածր է այս տարի սպասվող ցուցանիշից: Ընդ որում, պետական բյուջեում դեռեւս արտացոլված չեն Եվրոմիության խոստացած էժան վարկային միջոցներն ու դրամաշնորհը: Դրանք ներգրավելու դեպքում բյուջեի ծախսային մասը կհասնի 1 տրիլիոն դրամի:
Ավելացված ծախսերից 1,7 մլրդ դրամը կուղղվի ավանդների վերադարձմանը, լրացուցիչ 5 մլրդ դրամըՙ դպրոցաշինությանը, 18 մլրդ դրամըՙ ավելացված արժեքի հարկի հետ վերադարձմանը, որը դրական ազդեցություն կունենա արտահանողների վրա: 19,4 մլրդ դրամով կավելանան պաշտպանությանը հատկացվող ծախսերը:
Ինչ վերաբերում է մակրոտնտեսական ցուցանիշներին, ապա եկող տարվա համար կանխատեսվող տնտեսական աճի ցուցանիշը նույնն է մնացելՙ 1,2 տոկոս: Ֆինանսների նախարարի հավաստմամբ, մեծ հնարավորություններ կան հաջորդ տարի մեր տնտեսության կայունացման եւ հետագա աճի ապահովման համար:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ