ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Հայաստանը քաղաքականապես երկընտրանքի մեջ է: Այդ դրությունը արտացոլվում է նաեւ սփյուռքահայության համայնքային կյանքում: Մենք պարտավոր ենք մոբիլիզացնել մեր ռեսուրսներըՙ դիմակայելու համար համաշխարհային մարտահրավերներին: Սակայն, դժբախտաբար, մենք ավելի քան երբեւէ բաժանված ենքՙ կարողանալ կենտրոնանալու համար մեզ հուզող ամենաակտուալ խնդիրների վրա:
Արմատական ընդդիմությունը Հայաստանում կարծես հանդարտվել է, ի վերջո գիտակցելով հայրենիքին ուղղված արտաքին սպառնալիքները մեր այս ծանր ժամանակներում: Սա կարելի է ողջունելի զարգացում համարել, թեեւ մի քիչ ուշացած:
Թուրքիայի հետ ստորագրված արձանագրությունները բոլորին են շփոթեցրել, թույլ տալով որոշ պատեհապաշտներին իրենց անձնական հաշվին գրանցել որոշակի քաղաքական դիվիդենտներ: Շատերին էր մտահոգում այն հարցը, թե թուրքական շրջափակման պայմաններում ինչքան երկար կարող էր դիմանալ Հայաստանը, եւ հիմա սահմանի բացման հեռանկարով կարծես այդ մարդիկ մի փոքր հանգստացած են: Ուրիշներն արձանագրություններում որոգայթներ են տեսնում, որոնք կարող են վնասել Հայաստանի հեռանկարային հարցերին: Քչերն են գիտակցում, որ աշխարհի գերհզոր պետությունները համաձայնել են կայունություն ապահովել տարածաշրջանում, որպեսզի կարողանան մասնատել, օգտվել դրա ռեսուրսներից եւ թուլացնել երկրները, որոնք, ինչպես Հայաստանը, պարզապես «զինվորներ» են իրենց շախմատային խաղում:
Հայկական քաղաքական կուսակցություններն այս պայմաններում էին գործում հայրենիքում եւ սփյուռքում: Սառը պատերազմի տարիներից սկսած սփյուռքում որոշ հավասարակշռություն էր պահպանվում, որպեսզի ոչ մի խմբակցություն գերիշխանության չձգտի կամ բացարձակ ներկայացուցչություն չպահանջի: Ռամկավար ազատական կուսակցությունը հավասարակշռող դեր էր խաղում Հնչակյան կուսակցության, ՀԲԸՄ-ի, եկեղեցիների եւ Հայաստանի ժողովրդի հետ հոգեւոր կապի մեջ գտնվող հայրենասեր զանգվածների համագործակցությամբ: ՌԱԿ-ը առավել մեծ հարգանք էր վայելում եւ ազդեցություն ունենում, որովհետեւ նրա ղեկավարները ընտրել էին Հայաստանին եւ Մայր եկեղեցուն անվերապահորեն սատար կանգնելու ճիշտ ուղին:
Սփյուռքի որոշ շրջանակներում ՌԱԿ-ի այդ հավասարակշռողական դերը սկսեցին գնահատել որպես խոչընդոտՙ գերիշխանության հասնելու իրենց նպատակների: Նրանց հաջողվեց համախոհներ հավաքագրել նույնիսկ կուսակցության շարքերից: Նրանցից ոմանք միացան այդ շարժմանը սնափառությունից, ագահությունից կամ էլ վրեժխնդրությունից դրդված: Ահա թե ինչպես սկսվեցին ներկուսակցական անհամաձայնությունները, որոնք որոշ ժամանակով կաթվածահար արեցին ՌԱԿ-ի գործունեությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում:
Սակայն կուսակցության շարքային կազմը ծանր վիճակից դուրս գալու անհրաժեշտությունն զգալով վերակազմավորման կոչ ուղղեց աշխարհասփյուռ շրջանակներին, եւ հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Երեւանում տեղի ունեցավ ՌԱԿ-ի համագումարը: (Տեսՙ «Ազգ» , 03.12.2009):
Արմենական-Ռամկավար ազատական կուսակցությունը ռեկորդային ժամկետներում կարողացավ վերականգնել Հայաստանում ավելի քան 20 մասնաճյուղեր, որոնք թմբիրի մեջ էին ապաշնորհ ու կոռումպացված ղեկավարի քայքայիչ ջանքերի պատճառով: Վերակազմությունը ուգեւորեց եւ իր շուրջը համախմբեց սփյուռքում գործող կազմակերպության բոլոր առողջ տարրերին: Ավելի քան 50 ներկայացուցիչներ աշխարհի տարբեր կողմերից մասնակցեցին երեւանյան համագումարի աշխատանքներին: Պատահական չէր, որ ՌԱԿ-ի երեւանյան գլխավոր գրասենյակը, որը վաճառվել էր անսկզբունքային մարդկանց կողմից, մասամբ վերադարձվել էր, եւ այսօր Կորյունի 19 հասցեում գտնվող տարածքը դարձյալ ՌԱԿ գլխավոր գրասենյակն է:
Վերակազմավորման այս ջանքերին, ինչ խոսք, բոլորը մասնակցեցին: Առանցքային դեր, սակայն, վիճակված էր Արեւելյան Միացյալ Նահանգների եւ Կանադայի ՌԱԿ շրջանային վարչությանը, որն իր կառուցվածքով չէր խաթարվել ներկուսակցական խառնաշփոթի ամբողջ ընթացքում: Շրջանային վարչությունը, հավատարիմ մնալով իր կազմակերպչական որոշումներին եւ ՌԱԿ-ի ավանդական սկզբունքներին, դիմակայել էր բոլոր քայքայիչ մարտահրավերներին եւ հաջողությամբ պահպանել իր իրավական գոյավիճակը:
Կուսակցության բոլոր վետերան առաջնորդները նպաստեցին երեւանյան համագումարի կայացմանը իրենց իմաստությամբ, փորձառությամբ, ինչպես նաեւ ոգեւորող եւ խրախուսող խոսքերով:
Հայաստանի նախագահը, վարչապետը, խորհրդարանի խոսնակը, ինչպես նաեւ գերագույն հոգեւոր առաջնորդ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ողջունեցին ուժերի վերականգնման այս գործընթացը եւ հաջողություն մաղթեցին ՌԱԿ-ի նոր ղեկավարությանը:
Անշուշտ խուճապի մատնվեցին որոշ մարդիկ, որոնք դեռեւս իրենց ՌԱԿ-կենտրոնական կոմիտեի ատենապետ կամ փոխատենապետ են հորջորջում: Նրանց հասցեներն ու, ընդհանրապես, գտնվելու վայրերն անհայտ են: Հավանական է, որ նրանք «տաք անկյուններ» են գտել ՌԱԿ-ի ավանդական հակառակորդների թիկունքում եւ փորձում են վաճառել իրենց ստահոդ «հավատարմագրերը» ամենաշատ գին առաջարկողին: Կազմակերպության ղեկավարությունը ստանձնելուց ի վեր նրանք ոչ մի դրական ներդրում չեն կատարել կուսակցությանը: Փոխարենը անողոք արշավ են ծավալել կուսակցությանը արժանապատվություն եւ հարգանք պարգեւած ավանդական ղեկավարների դեմ, մինչեւ օրս շարունակում են համացանցի միջոցով վիրավորական խոսքեր ուղղել նրանց հասցեին:
Բարեբախտություն էր նաեւ որոշ շրջանային ղեկավարների վերազարթնումը: Նրանք հավատացած էին, որ գործ ունեն «օրինական կենտրոնական վարչությունների» հետ: Նրանք հիմա մեկ առ մեկ միանում են վերակազմավորման այս գործընթացին ի հեճուկս պնդաճակատ հերձվածների: Ի դեպ, դրականն այն է, որ վերջիններս իրենք իրենց մեկուսացրել են եւ «անելիք չունենալով» փորձում են հարմարվել իրենց հույսերի խորտակմանը:
Ինչպես պաշտոնական հաղորդագրությունը հստակ նշում է, Արմենական-ՌԱԿ-ը մեծ թափով իր գործունեությունն է սկսել ծավալել ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքումՙ նպատակ ունենալով վերականգնել իր ավանդական դերը եւ իր քաղաքական փորձառությամբ ծառայել աշխարհասփյուռ հայ ժողովրդին:
Նորաստեղծ ՌԱԿ-ը նշանակում է դրական գործունեություն: Այդ գործունեությունը հարատեւ է լինելու:
Armenian Mirror-Spectator, Թարգմ. Հ. Ծ.