Հայ քաղաքական կուսակցությունների պատմության լուսաբանումն այսօր հրատապ է երկու հիմնական դրդապատճառով. նախ` դրանց գործունեությունը նախորդել է հայոց նոր պետականության արարմանըՙ սկսած 19-րդ դարի 80-ական թթ.-ի կեսերից, եւ դրա բացահայտումը նպաստելու է այն հարցի ճշմարիտ պատասխանի որոնմանը, թե որքանով դրանք նպաստեցին այդ խնդրի լուծմանը եւ արդյոք հնարավոր չէ՞ր ավելի քիչ զոհողություններով հասնելու ավելի լայն սահմաններով պետության կերտմանը, երկրորդ` հայ ազատագրական պայքարի խնդրով պայմանավորված այդ կուսակցությունների ծրագրերը տեսականորեն ավելի ճիշտ մատնանշելով ազատամարտի արդյունավետ ուղին, գործնականում ինչու էին շեղվում այդ տեսություններից:
Հիրավի, պատմական արդարությունը պահանջում է խոստովանել, որ հայ քաղաքական կուսակցությունների մարտավարությունը հաճախ չէր բխում նրանց ծրագրային դրույթներից: Եվ սրա ընկալումն ունի արդիական հնչեղություն, քանզի այսօր էլ հայ քաղաքական շատ ուժերի տեսական դրույթները չեն արտացոլում ռեալ իրավիճակը:
Պատմության դասերի ճիշտ ընկալումն է նոր սխալներից խուսափելու գրավականը, իսկ դրան շատ է նպաստում պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Սուրեն Սարգսյանի աշխատությունը:
Այս կուսակցության պատմության ելեւէջների բացահայտումն ավելի շատ մեզ անհրաժեշտ է 1908-ից հետո հայ քաղաքական տարբեր ուժերի դիրքորոշումների արդյունավետությունը գնահատելու տեսանկյունից: Նրա տեսական դրույթներն էլ հաճախ ավելի արդյունավետ են, քանի որ դրանց հիմքերում ընկած են Արմենական կուսակցության խելահաս եւ իրապաշտական հիմնավորումները` հետեւանք Արեւմտյան Հայաստանի կացության ճշմարիտ ընկալման,որից բխում էր ճիշտ մարտավարություն:
Հայ սահմանադրական ռամկավար կուսակցության գործունեությունն այսօր անհայտ է մեր ժողովրդի լայն զանգվածներին, եւ սա այն դեպքում, երբ իրեն հաճախ դրսեւորել է ավելի խոհեմ եւ ոչ զգացմունքային: Այս ամենում համոզվում ես` ընթերցելով Ս. Սարգսյանի աշխատությունը:
Ներածության մեջ ներկայացնելով հարցի կարեւորությունըՙ Ս. Սարգսյանն այն ճիշտ տեսակետն է արտահայտում, որ «Սահմանադրական Ռամկավար կուսակցությունը, լինելով ինքնուրույն քաղաքական կազմակերպություն եւ ունենալով իր յուրահատուկ խնդիրները, միեւնույն ժամանակ, հայ առաջին` Արմենական կուսակցության ժառանգորդն է եւ վերջինիս գաղափարների ու լավագույն ավանդույթների շարունակողը...»:
Որ իսկապես այդպես է` հեղինակն ապացուցում է իր աշխատության առաջին ենթագլխում, որը նվիրված է Արմենական կուսակցությանը: Կարեւոր է, որ նա տալով այդ կուսակցության ձեւավորման ողջ պատմությունը, բացահայտելով նրա ծրագրային դրույթները, մատնանշելով գործունեության հիմնական ուղղությունները, հանգում է միանգամայն ընդունելի եզրակացությունների: Անհնար է չհամաձայնել նրա հետեւյալ ընդհանրացմանը. «Հայ անդրանիկ ու միակ երկրածին Արմենական կուսակցության կազմավորումն ու գործունեությունը, գաղափարախոսությունն ու քաղաքական ուղեգիծը նշանավորեցին հայ հասարակական-քաղաքական մտքի զարգացման նոր, վերընթաց աստիճանը...»:
1896 թ. Վանի ինքնապաշտպանությունից հետո էլ այս կուսակցության գաղափարական ակունքները չցամաքեցին, եւ 1896-ին հիմնադրվեց նրա հոգեւորդի «Գաղափարակցական միությունը»` հնչակյան կենտրոնից դժգոհ որոշ գործիչների հետ միասին: Այս միության ծրագրին հեղինակի անդրադարձը նոր խոսք է հայ քաղաքական կուսակցությունների պատմագրության մեջ: Մանավանդ նրա հետազոտության արդյունքում գտնված այս միության ծրագրի մեկ օրինակը, որով ապացուցվում է, որ միությունը կրել է արմենականների գաղափարական ազդեցությունը: Հատկապես հետաքրքրական են ծրագրի հետեւյալ կետերը. «Բ. Չխառնենք ազգային ընդհանուր նպատակին որեւէ օտար վարդապետութիւն: Գ. Դնենք մեր բոլոր յոյսը մեր սեփական ուժի եւ միջոցներու վրայ»:
Ո՞վ կարող է ժխտել այս ամենի ճշտությունը. նա, ով կարող է օրինակներ գտնել մեր խռովահույզ պատմությունից եւ ապացուցել, թե ինչպես է օտար մի տերություն մեզ ազատագրել: Նման հեքիաթներ հյուսվում էին խորհրդային շրջանում, բայց Ս. Սարգսյանը նման հեքիաթներով հայեցակարգեր մշակող պատմաբան չէ:
Ըստ հեղինակի` իրապաշտ գաղափարախոսությունների ընդհանրությունն էր, որ ստեղծեց «Միացյալ հայ հեղափոխական կազմակերպությունը», որը, սակայն, երկար կյանք չունեցավ 1908 թ. հեղաշրջման պատճառով:
Այս կուսակցությունների ձեւավորման գործընթացը ծրագրային դրույթների զուգորդությամբ ներկայացնելովՙ Ս. Սարգսյանն հանգում է վերջնակետին, որն էր Հայ սահմանադրական ռամկավար կուսակցության ծնունդը:
Այնուհետեւ պատմաբանը մանրամասնորեն վերլուծում է այս կուսակցության ծրագրային դրույթները, ընդ որումՙ քննական-վերլուծական մեթոդաբանությամբ:
Աշխատության երկրորդ գլուխը նվիրված է ՀՍՌԿ 1908-1919 թթ. ընդգրկող գործունեությանը: Բոլորովին թարմ եւ ընդունելի տեսակետներ են արտահայտվում այս կուսակցության դիրքորոշումների վերաբերյալ, հատկապես կապված Մեծ եղեռնի, կամավորական շարժման, Հայաստանի 1-ին Հանրապետության եւ ազգային պատվիրակության նկատմամբ հարաբերությունների հետ: Ուշագրավ է այն հանգամանքը, որ ռամկավարները դեմ են եղել կամավորական շարժմանը` որպես ջարդերի հավելյալ առիթի:
Հետաքրքրական է, որ հեղինակը Վանի հերոսամարտը ներկայացնում է հատկապես դրանում Արմենակ Եկարյանի ունեցած դերի գնահատմամբ: Բայց գովելի է, որ չի ընկնում ծայրահեղությունների գիրկը եւ հերոսամարտի հաղթանակը պայմանավորում է ստեղծված կուսակցական համերաշխությամբ: Մի հանգամանք, որն ունի արդիական հնչեղություն: Հետաքրքրական է նաեւ այն, որ Ս. Սարգսյանը փաստերի ներկայացմամբ այն ճիշտ հետեւությանն է հանգում, որ այս եւ Ս. Դ. հնչակյան կուսակցությունները 1915 թ. Ալեքսանդրիայում կնքված համաձայնագրով ինքնավար Հայաստան եւ Կիլիկիա պատկերացնում էին դրանց Ռուսաստանին կցումով:
Կարեւոր է նաեւ այն տեսակետի մատուցումը, որ ՀՍՌԿ-ն փաստորեն պաշտպանում էր Փարիզի վեհաժողովում ազգային պատվիրակուրյան դիրքորոշումը, այն է` Միացյալ եւ Անկախ Հայաստան` ելքով դեպի ծով:
Աշխատությունն ունի բազում այլ արժանիքներ եւս, որոնց գնահատումը դուրս է մեկ գրախոսականի սահմաններից: Ավելացնենք միայն, որ փաստերի նկատմամբ հեղինակի վերաբերմունքի միանգամայն անաչառությունը, եզրակացությունների` համահայկական շահերից բխեցումը, շարադրանքի գիտական ոճն ու հայեցակարգերի առատությունը հիմք են տալիս պնդելու, որ Ս. Սարգսյանի աշխատությունը գնահատելի եւ լուրջ ավանդ է հայ պատմագրության մեջ եւ հայ քաղաքական կուսակցությունների գործունեության վերարժեքավորման ճանապարհին:
ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ, Պատմական գիտությունների դոկտոր