Երեկ «Տեսակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպեցին «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» տնօրեն Խաչանուշ Հակոբյանը եւ բժիշկ ռադիոլոգ Նունե Մաշուրյանը: Մեր երկրում արդեն 12 տարի է, որ գործում է մամոգրաֆիայի կենտրոնը, որը հիմնադրվել է ամերիկահայ Ռիտա Պալյանի եւ Հրանուշ Հակոբյանի ջանքերով: Սակայն բնակչությունը մի տեսակ խուսափում է այդ կենտրոնում հետազոտման գնալու, որն էլ շատ ժամանակ տխուր հետեւանքներ է ունենում: Ուստի պետք է կարողանալ հաղթահարել ներքին խոչընդոտները եւ տարին մեկ անգամ գոնե հետազոտվել: Ահա այսպիսի խորհուրդ էր տալիս Խաչանուշ Հակոբյանը: Վերջինս նշեց, որ անցած 12 տարիների ընթացքում կենտրոնը ունեցել է 177.000 այցելու, որոնցից 90.000 անցել է մամոգրաֆիա հետազոտությունը: Այսօր արդեն կենտրոնը հագեցած է նոր սարքավորումներով, որոնք միակն են տարածաշրջանում, ու հենց դրանց շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել: Կենտրոն այցելած 6000 կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղը եղել է զարգացման 3-4 փուլում, իսկ 2000-ի մոտ դեռ այդ հիվանդությունը գտնվել է բջջային փուլում (1-2), եւ փոքր վիրահատության շնորհիվ նրանց կյանքը երկարաձգվում է 5 եւ ավելի տարով:
Կենտրոնում հետազոտվել են 121 տղամարդկանց, որոնց մոտ նույնպես հայտնաբերվել է կրծքագեղձի բարորակ գոյացություններ (գինիկոմաստիա), որոնք առաջացել են հորմոնալ փոփոխությունների հետեւանքով: Իսկ 7 տղամարդ հիվանդացել է կրծքի քաղցկեղով, որոնցից 4-ը մահացել են, իսկ 3-ըՙ դեռ շարունակում են բուժման կուրսը: Կենտրոնի տնօրենը տեղեկացրեց, որ բացի մամոգրաֆիկ-ռադիոլոգիայի բաժանմունքից բացվել է նաեւ գինեկոլոգիայի բաժանմունք, որտեղ կատարվում են բոլոր տեսակի հիվանդությունների բուժում, կանխարգելում:
Բժիշկ-ռադիոլոգ Նոնա Մաշուրյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ չարորակ ուռուցքները սկզբնական շրջանում հիվանդին ցավ չեն պատճառում, չնայած ուռուցքը շոշափվում է: Մասնագետը նշեց նաեւ, որ մամոգրաֆիան թույլ է տալիս երկու տարի շուտ հայտնաբերել նորագոյացությունը: Կենտրոնի մասնագետների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ամենաշատ հիվանդացությունը քաղցկեղով տարածված է Գեղարքունիքի մարզում, որտեղ էլ բացվել է կենտրոնի մասնաճյուղը:
«Ազգի» այն հարցին, թե որ մարզերում են ավելի շատ հայտնաբերվել կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը, տկն Մաշուրյանն ասաց. «Դա աղետի գոտին է, որտեղ շատ բարձր է սթրեսային վիճակը եւ դա մտնում է ռիսկի գործոնի մեջ, հատկապես միջին տարիքի կանանց շրջանում: Երկրաշարժից հետո սթրեսները իրենց ճակատագրական դերն արեցին եւ հիվանդությունը տարածվեց: Իսկ վերջին տարիներին քաղցկեղը երիտասարդացել է, նույնիսկ 23-35 տարեկանների մոտ ենք հայտնաբերել դարի չարիք հիվանդությունը, եւ մենք չենք կարող աչքերս փակել ու միայն 50 տարեկաններին հետազոտել»: Նա խորհուրդ տվեց, որ յուրաքանչյուր կին 35-40 տարեկան հասակում անպայման պետք է ունենա մեկ բատիսային մամոգրաֆիա, որպեսզի հետագայում ռադիոլոգը համեմատելու նյութ ունենա ու հստակ ախտորոշի: Իսկ կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի ֆակտորների մեջ շատ մեծ դեր ունի չծննդաբերած կինը, կրծքով չկերակրող մայրը, վաղ դաշտանային ցիկլի սկիզբը, ճառագայթահարումները, վերջերս մոդայիկ դարձած սոլյարիները, ալկոհոլը, ուշ ծննդաբերելը, տրավմաները, ծխելը, սթրեսը, ժառանգական գործոնը եւ այլն:
Նշենք, որ այս տարի կրծքագեղձի քաղցկեղը աշխարհում համարվել է թիվ 1 չարիքն իր մահացությունների ցուցանիշով: Իսկ աշխարհի հինգ առաջատար երկրների թվում ընդգրկվել է Հայաստանը:
Հանդիպման ավարտին մամոգրաֆիայի կենտրոնի տնօրինուհի Խաչանուշ Հակոբյանը շեշտեց. «Մամոգրաֆիայի կենտրոնը ստեղծվել է միայն առողջ կնոջ համար: Այսինքն, կինը ոչ մի պրոբլեմ չունենալով հանդերձ անպայման պետք է մամոգրաֆիկ հետազոտության ենթարկվի»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ