«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2009-12-04 | #223, 2009-12-05 | #224, 2009-12-08


The Daily Telegraph. «ԲԱՔՈՒ ԱՅՑԵԼԵԼՈՒ ԴԻՄԱՑ ԲԼԵՐԸ 200 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ Է ՍՏԱՑԵԼ»

ԼՈՆԴՈՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական The Daily Telegraph թերթը գրել է, որ Գարադաղի շրջանում AzMeCo գործարանի հիմնարկեքի արարողությանը մասնակցելու համար Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, Եվրոմիության Մերձավոր Արեւելքի հարցերով հատուկ դեսպան Թոնի Բլերի` օրերս Բաքու կատարած այցը ֆինանսավորել է Սիրիայի, Իրանի եւ Աֆղանստանի հետ գործնական կապեր ունեցող «կասկածելի օլիգարխ», ապագա AzMeCo մեթանոլի գործարանի սեփականատեր, ադրբեջանցի գործարար Նիզամի Փիրիեւը:

Նշելով, որ պաշտոնից ազատվելուց հետո, միջազգային կոնֆերանսներում կամ միջոցառումներում մասնակցության համար Բլերն արդեն 14 մլն ֆունտ ստեռլինգ գումար է վաստակել, անգլիական թերթը հայտնել է, որ Բաքու այց կատարելու համար Անգլիայի նախկին վարչապետը 100 հազար ֆունտ ստեռլինգ (մոտ 200 հազար դոլար) գումար է ստացել:

Փիրիեւի AzMeCo գործարանի հիմնարկեքին մասնակցելու համար Բաքու ժամանած Բլերիՙ Փիրիեւի անձնական հյուրի կարգավիճակով հանդես գալը զարմացրել է շատերին: Գործարանը մեծ վարկ է ստացել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից: Թեեւ բանկը հայտարարել է, որ Բլերն այդ վարկի հետ առընչություն չունի, սակայն, Նիզամի Փիրիեւի որդին` Նասիբ Փիրիեւը, ով AzMeCo-ի ղեկավարներից է, թերթին հաստատել է, որ Բաքու այցի համար Բլերի բոլոր ծախսերն իրենք են փոխհատուցել: «Մենք Լոնդոնում անձամբ հանդիպել ենք Բլերի հետ, պայմանավորվել ծախսերի փոխհատուցման մասին եւ դիմավորել նրան Բաքվում: Հույս ունենք, որ այլ երկրներում իր ելույթներում Բլերը կհիշատակի Ադրբեջանին եւ մեր մեթանոլի գործարանը», -ասել է Նասիբ Փիրիեւը:

Թերթը հայտնել է, որ Բլերի Բաքու այցը կազմակերպել են ԱՄՆ-ում նրա գործակալները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4