Բաց նամակ ԼՂՀ ԱԺ արտաքին հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանին
Հարգելի պարոն
Վերջերս Հայաստանի եւ Արցախի մի շարք կուսակցությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ես Ձեզ քննադատեցի ոչ կոմպետենտ լինելու համար: Ձեր թերահավատությանը, թե ի՞նչ կտա բանակցություններին Արցախի մասնակցությունը, ու որ Արցախի ժողովուրդը երբեք բանակցելու մանդատ չի տա մադրիդյան սկզբունքները քննարկելու համար, ես հակադարձեցի, նշելով, որ բանակցություններին մասնակացելը նշանակում է ոչ թե քննարկել մադրիդյան սկզբունքները, այլ սկզբունքներ մշակելու վրա ազդեցություն ունենալ: Բանակցելը նշանակում է ներկայացնել եւ պաշտպանել ժողովրդիդ ընտրանքը, բանակցություններին մասնակցելը նշանակում է լինել սուբյեկտ: Հենց Արցախի բանակցություններին մասնակցելուց է կախված սկզբունքների մադրիդյան կամ ստեփանակերտյան լինելը: Այնուհետեւ Դուք խնդրեցիք ասել, թե որո՞նք կարող են լինել ստեփանակերտյան սկզբունքները, ինչն էլ անում եմ մեծ սիրով, հրապարակային, հիմնավորված պատասխանի ակնկալիքով եւ բանավեճն ավելի լայն շրջանակ տեղափոխելու մտադրությամբ` համոզված լինելով, որ լավագույն սկզբունքները ծնվելու են բանավեճերի ու առողջ քննադատության արդյունքում:
Եվ այսպես, որոնք են «ստեփանակերտյան սկզբունքները», ինչպե՞ս դրանք հասցնել միջազգային հանրությանը, ինչպե՞ս դարձնել դրանք ընդունելի:
Բնականաբար այդ սկզբունքները բխում են մեր ժողովրդի մեծամասնության դիրքորոշումից` ապրել ինքնուրույն առնվազն այն տարածքներում, որոնց վրա այժմ տարածվում է իր իսկ ընտրած իշխանությունների իրավասությունը:
Մադրիդյան սկզբունքները ներշնչված են «Ճգնաժամերի կարգավորման միջազգային խմբի» (international crisis group) 2005թ. հոկտեմբերի 11-ի N167 զեկույցում («Լեռնային Ղարաբաղ. Խաղաղության հաստատման ծրագիր») Մինսկի խմբի համանախագահներին եւ հակամարտող կողմերին ներկայացված առաջարկներից (տե՛ս WWW.CRISISGROUP.ORG/HOME/INDEX.CFM?ID=3989&L=1): Մադրիդյան սկզբունքներից հայտնի հանրաքվեի գաղափարի, նախկինում մեծամասնություն կազմող ադրբեջանցի բնակչություն ունեցող տարածքների վերադարձի եւ փախստականների` իրենց նախկին բնակության վայրեր վերադարձի գաղափարները «եփվել են» խմբի զեկույցներում: Ինչպե՞ս հակադարձել այս առաջարկներին:
Մեր գիտական եւ հասարակական կարծիքում գերիշխում է տարբեր իրավական, պատմական փաստարկները վկայակոչելու միտումը: Ես մեկ տարի շարունակ սովորել, ապրել եմ միջազգային հանրության կարծիք ձեւավորող կենտրոններից մեկում` Ստրասբուրգում, ներկա եղել Եվրոխորհրդի եւ Եվրոպական խորհրդարանի տարբեր լիագումար նիստերի, հանձնաժողովների, ենթահանձնաժողովների ու բազմապիսի կոմիտեների նիստերի, տարատեսական քննարկումների ու հանդիպումների, եւ վստահեցնում եմ, որ ոչ ոքի չեն հետաքրքրում այդ փաստարկները, ավելին` հայերի ու ադրբեջանցիների իրավական ու պատմական փաստարկներով «դուելները» ձանձրացրել են հարցով հետաքրքրվողներին: Եվրոպայում (այն էլ Ստրասբուրգում` ֆրանս-գերմանական հակամարտությունների կենտրոն ու պատճառ եղած Էլզասի մայրաքաղաքում) ուղղակի չեն հասկանում «անհամատեղելի ազգ», «դարավոր մշտական թշնամի» տերմինները, ավելին, նրանց չի էլ հետաքրքրում, թե այս կամ այն տարածքը ո՞ւմ է պատկանել կամ ո՞ւմ կպատկանի հարցի լուծման արդյունքում: Ամենակարեւորը նրանց համար լարվածության օջախների վերացումն է եւ, որ շատ կարեւոր է, մարդու իրավունքների պաշտպանությունը: Դրա համար էլ տարբեր առաջարկներում միշտ կարեւորվում է փախստականների եւ ներքին տեղահանվածների վերադարձի հարցը: Հայկական կողմերի համար սկզբունքային պետք է լինի այն թեզը, համաձայն որի նախկինում ադրբեջանցի մեծամասնություն ունեցող տարածքները պետք է հատկացվեն ադրբեջանահայությանը` որպես նյութական եւ բարոյական կորուստների փոխհատուցում (թեզ, որ Արցախում որդեգրվել էր նախկին ԱԳ նախարար Ա. Մելիքյանի օրոք): Հակամարտության հետեւանքով տեղի է ունեցել հայ եւ ադրբեջանցի բնակչության ակամա փոխանակություն, ինչն էլ բարձրացրել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի բնակչության առումով միատարրության աստիճանը: Հենց այս միատարրությունն էլ ապագայում կոնֆլիկտներից խուսափելու լավագույն լուծումն է: Լուծում, որ միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվել է (մասնավորապես 1919-22թթ. հույն-թուրքական պատերազմից հետո, համաձայն Լոզանի պայմանագրի` 1,6 միլիոն հույն Թուրքիայից տեղափոխվեցին Հունաստան եւ 385000 մահմեդական Հունաստանից` Թուրքիա): Ուղղակի ազգային միատարրության հասնելու, ազգային պետություն ստեղծելու փուլը Եվրոպայի տարածքում տեղի է ունեցել տասնամյակներ առաջ, իսկ մեզ մոտ` ԽՍՀՄ փլուզումից հետո: Հենց սա պետք է բացատրել աշխարհին, եւ բացատրողներից մեկն էլ պետք է լինեք Դուք, պարոն Աթանեսյան, եւ Ձեր հանձնաժողովը: Եվ եթե չեք կարողանում նորմալ ու հասկանալի Ձեր տեսակետները բացատրել հայաստանյան եւ արցախյան կուսակցությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչներին (որոնց հետ խոսում եք նույն լեզվով, հակամարտության վերաբերյալ բարձր տեղեկացվածության եւ իրար մոտ մտածելակերպի պայմաններում), ապա ինչպե՞ս պետք է դա բացատրեք արտաքին աշխարհին (այն էլ օտար լեզվով), որ տարբերվում է մտածելակերպով եւ հակամարտության վերաբերյալ իր տեղեկացվածության աստիճանով: Հենց դրա համար էլ թերահավատությամբ եք վերաբերվում Արցախի բանակցությունների կողմ դառնալուն` վախենալով պատասխանատվություն ստանձնելուց: Հենց սա էլ կոչվում է ոչ կոմպետենտություն:
Վերը ես բացատրեցի «ստեփանակերտյան սկզբունքների» արտաքին բաղադրիչը: Այժմ անցնեմ դրանց ներքին բաղադրիչին, որը վերջնական հաղթանակի հասնելու միակ գրավականն է: Դա Արցախի վերաբնակեցման քաղաքականության հաջող իրականացումն է: Նույն «Ճգնաժամերի կարգավորման միջազգային խումբը» իր վերոհիշյալ զեկույցում, քննարկելով տարածքների հանձնումը, նշում է, որ Լաչինի հանձնումը բարդ է` այնտեղ բնակվող 10 հազար հայերի առկայության պատճառով: Վստահաբար այս եւ այլ միջազգային վերլուծական կենտրոնները եւ, ի վերջո, միջնորդները, կբացառեն որեւէ տարածքի հանձնումը, եթե դրանք լիարժեք բնակեցված լինեն հայերով: Սա է «ստեփանակերտյան սկզբունքների» հիմնակետը:
Եզրափակելով իմ հրապարակային պատասխանը` ակնկալում եմ ստանալ նաեւ Ձեր եւ հարցով մտահոգ քաղաքական, քաղաքացիական ու համալսարանական շրջանակների կարծիքները` լրացնելու ու հարստացնելու համար «ստեփանակերտյան սկզբունքները»:
Ընդունեցեք, պարոն, հարգանքներիս հավաստիքը:
ՀԱՅԿ ԽԱՆՈՒՄՅԱՆ, Միջազգայնագետ, ԱրՊՀ դասախոս