«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2009-12-04 | #223, 2009-12-05 | #224, 2009-12-08


ԿԵՍԴԱՐՅԱ «ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ»

50-ամյա Վարդան Պետրոսյանի «Օրերն ու գույները» հայրենիքի եւ սփյուռքի ընդմեջեն

2009-ը հոբելյանական է տաղանդաշատ ու բազմաշնորհ, խորաթափանց ու դինամիկ արվեստագետ Վարդան Պետրոսյանի համար: Հուրախություն նրա արվեստի իմաստությունը գնահատող եւ արժեւորող, Հայրենիքի եւ սփյուռքի ամենատարբեր դահլիճները լեփլեցուն անող, տարբեր տարիքի ու զբաղմունքի հանդիսատես-երկրպագուների, նա մեկ տարվա մեջ ժամանակաշրջանին համահունչ երեք-չորս արդիական եւ անմոռաց ներկայացումներով (hուլիս-Հայաստան` «Ցմահ բանտարկյալներ», հոկտեմբեր-Ֆրանսիա` «Վերելք», հոկտեմբեր-նոյեմբեր-Հայաստան` «Օրեր եւ գույներ», ապա` «Խոստովանություն թատրոնում») հարստացրեց եւ շարունակում է հարստացնել հայ հանրության հոգեգիտակցական աշխարհն ու մտահորիզոնը:

Վարդան Պետրոսյանն այն եզակի անհատականություններից է, որն իր կյանքն ու ժամանակն ապրում եւ իմաստավորում է հայրենիքի ու ժողովրդի հետ համաքայլ: Ահա թե ինչու, նրա ստեղծագործություններն ու ներկայացումները թաթախված են իր ժամանակի` մեր առօրյայի մտահոգություններով, ազգային արատներն ու թերիները վերլուծաբար ու հիմնավոր քննադատելով, ելքի ու վերելքի մտորումներով ու որոնումներով: Այդ ամենը նա ներկայացնում է պատմական անցյալի հենքի վրա, հոգեբանական քննության ենթարկելով եւ դրանից դասեր քաղելու առանձնահատուկ ու ինքնատիպ Վարդանյանական արվեստի ոճով ու մոտեցումներով` խոսքի ու բեմարվեստի նուրբ հնարքներով, իրեն յուրահատուկ բառախաղերով ու բառաստեղծումներով, միմիկաներով ու ժեստերով, կես-կատակ ու կես-լուրջ ասված ու չասված խոսքերով, ինչպես նաեւ` բազմաթիվ կտավների վրա իրենց արտացոլումը գտած նրա հոգու, մտքի եւ սրտի գույների ու նրբերանգների խոհափիլիսոփայական ապրված արտահայտչամիջոցներով:

Սույն թվականի հոկտեմբերի

20-ից Երեւանի Հենրիկ Իգիթյանի անվան Գեղարվեստի գողտրիկ ցուցասրահը, իսկ նոյեմբերի կեսերիցՙ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը հյուրընկալվել էին Վարդան Պետրոսյանի հոգեգիտակցական աշխարհը մեկնաբանող, նրա կեսդարյա կյանքի ուղին միաժամանակ վրձնի ու խոսքի ուժով լուսաբանող նկարների ցուցադրությունն ու ներկայացումը:

Վարդանյանական կտավները նրա նուրբ ու զգայուն ներաշխարհի, նրա անհատականության ձեւավորման ու կայացման հանգրվանների գունային պատկերներն են, ներհյուսված իր եւ իր ժամանակաշրջանի տրամադրությունների հետ, որոնք վերարտադրված են խորաթափանց արվեստագետի յուրատեսակ ընկալմամբ եւ հայ-քրիստոնյայի ոգուն ու պատմությանը համահունչ` տառապանք, գողգոթա, խաչելություն, հարություն...: Վ. Պետրոսյանի ստեղծագործական ներաշխարհը խտացված է Մինաս Ավետիսյանին ու նրա Նարեկ որդուն պատկերող խորիմաստ կտավում` նահատակության ու հարության խորհրդով:

Վ. Պետրոսյանն իր հոգու կտավներն առավել խոսուն ու պատկերավոր է դարձնում նաեւ իր յուրահատուկ Վարդանյանական ներկայացումներով ու դրանցում հնչող իր ինքնատիպ երաժշտական ստեղծագործություններով ու իմպրովիզացիոն կատարելագործումներով:

Հոբելյանական «Օրեր եւ գույներ», ապա նաեւ «Խոստովանություն թատրոնում» ներկայացումներն ինքնակենսագրական են` միահյուսված իր ժողովրդի ապրված օրերի ու տարիների բազմերանգ տրամադրություններին. 1950-ականների ապրուստի դժվարությունները տեսած մանկություն` կոփված անցյալի դառնությունները ճաշակած իր գաղթական ծնողների կյանքի պատմություններով ու նրանց անձնական օրինակով, 1960-ականների «ձնհալին» հաջորդած վարդագույն ու բյուրեղյա երազներով լի պատանեկություն, 1970-ականների աշխատանքային ավյունով ու հույսերով լի երիտասարդություն, 1980-90-ականների վերարժեւորումներով, կորուստներով եւ իրարհաջորդ դժվարությունները հաղթահարելու կամքի ուժով ու ստեղծագործ ոգով իմաստնացած հասունություն, ապա` 2000-ականների ինքնաճանաչում եւ ինքնահաստատում...

Ներկայացում-խոստովանության մեջ քաղաքացի-մտավորական Վ. Պետրոսյանն իր անձնական օրինակով ու փորձառությամբ արվեստի ուժով պատկերավոր մարմնավորում է առավելապես վերջին երկու տասնամյակների ընթացքում պատմաքաղաքական, հասարակական-տնտեսական ու անձնական հանգամանքների բերումով հայրենի իրականությունից ու նաեւ «ինքն իրենից» «փախուստը»` արտագաղթը, հայաստանցու հոգեկերտվածքին ու լեզվամտածողությանն անսովոր միջավայրերում իր տեղը փնտրող գաղթականի դեգերումներն ու լուռ տվայտանքները, օտարության մեջ նրա հարմարվելու տեւական ու դժվարին փորձերը, եւ այնուամենայնիվ` դեպի «մայրական գիրկ անվերջ վերադարձի»` տունդարձի հույսն իրենց հոգու խորքում փայփայող մեր հայրենակիցների հոգեմտավոր ապրումները:

Տաղանդաշատ Վարդան Պետրոսյան անհատականությունը, հավատարիմ իր ազգային ակունքներին ու իր ներհուն կամքի ուժին, ծաղկավաճառությունից մինչեւ մետրոներում ու փողոցներում երգելու փորձառություն ձեռքբերելով, արվեստագետ-ստեղծագործողի իր բացառիկ շնորքներով կարողացել է քայլ առ քայլ հարթել իր դժվարին ուղին բազմերանգ ու խառնիճաղանջ Ֆրանսիայի հասարակական կյանքում եւ բեմարվեստում` նվաճելով տեղի բարձրաճաշակ ու քմահաճ թատերագետների, արվեստի գործիչների եւ վերջապես արվեստասեր հասարակության ուշադրությունը, գնահատանքը, համակրանքն ու ճանաչումը` համաշխարհային մեծության արվեստագետներ Ռոբեր Օսեյնից մինչեւ Շառլ Ազնավուր:

Վարդան Պետրոսյանի այս յուրատեսակ ներկայացում-ցուցահանդեսները մտերմիկ, դեմ առ դեմ հանդիպում-զրույց, ինքնատիպ խոստովանություն-հաշվետվություն են իր եւ իր հանդիսատեսի հետ, իր անցած կեսդարյա տառապալից, բայց հաղթանակած ու բարձունքների հասած ուղու վերագնահատում, վերարժեւորում, որի տողերի միջեւ կա նաեւ ափսոսանք` «թեկուզ փոքրիկ աստղ մնալու», բայց հայրենի հողում ամբողջովին ու լիովին դրսեւորված լինելու առումով:

Վարդան Պետրոսյանն իր ստեղծագործ ու սուր մտքով, անմոռաց ու ինքնատիպ խաղով, ազգային ու համամարդկային հարցադրումներով, միշտ արդիական ու հրատապ ներկայացումներով իր մնայուն ու առանձնահատուկ տեղն ունի ինչպես օտար, բայց եւ առավել եւս Հայաստանի ու Սփյուռքի արվեստասեր հասարակության շրջանում: Նա գնաց արտասահման, բայց չհեռացավ ու չկտրվեց իր հայրենի հողից` իր սննդարար արմատներից, այլ իր հոգու, մտքի եւ էության բոլոր թելերով միշտ կապված է մնում հայրենիքի բազկերակին, հեռավորությունից ավելի գնահատում ու իմաստավորում իր երկիրն ու իր ժողովրդին, ազգային մշակույթը ներհյուսում համամարդկային արժեքներին եւ նոր որակով շարունակում է հիացնել իր հանդիսատեսին` պայծառ, անհաս ու անկրկնելի աստղի նման լուսավորելով Հայաստանի, սփյուռքի եւ արտերկրի բեմերը...

ՔՆԱՐԻԿ ԱՎԱԳՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4