ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Ավելի քան յոթանասուն տարի մենք այն թյուր տպավորության տակ ենք եղել, որ անպատասխանատվությունը մամուլում բարոյական մի հիվանդություն է, որով տառապում է միայն սփյուռքի լրագրությունը: Բայց հենց երկաթյա վարագույրը պատռվեց, սահմանադռները բացվեցին, այդ ամբողջ կեղտաջուրը սկսեց ողողել նաեւ հայաստանյան մամուլը:
Սուտը, ապատեղեկատվությունը, չարամիտ ակնարկներն ու մարդկանց ոչնչացնելն այնքան են շատացել, որ նույնիսկ տխրահռչակ թուրքական մամուլին կարող են ամաչեցնել:
Որեւէ արժանապատիվ անձնավորություն կարող է արատավորվել որոշակի գումարի դիմաց: Մաֆիայի պարագլուխներ, քաղաքագետներ եւ օլիգարխներ կարող են գնել մամուլի դրական վերաբերմունքը կամ էլ նույն գնով հեղինակազրկել իրենց մրցակիցներին: Երբեմն էլ նրանք պարզապես վճարում ենՙ լռեցնելու համար մամուլի արձագանքները:
Անվանարկության վերաբերյալ օրենքներն այնքան թույլ են, անորոշ եւ անարդյունավետ, որ օրինական պաշտպանական գործողությունների դիմած որեւէ անձ կարող է դառնալ ծիծաղի առարկա:
Նման հարկադրական ճնշումների ներքո մամուլը Հայաստանում չի կարող պատշաճորեն կատարել իրեն վստահված առաքելությունը եւ չի կարող խթանել ժողովրդավարությունը: Լավագույնը, որ կարող է անել, այդ ժողովրդավարական համակարգն ուրվագծելն է: Նման իրավիճակը, իհարկե, չափազանց ձեռնտու է բոլոր նրանց, ովքեր շահագրգռված են հանրությանը ապատեղեկացնելու եւ մոլորեցնելու միջոցով մեքենայությունների դիմելու:
Վերջերս նման առիթ ստեղծվեց, երբ ստորագրվեցին հայտնի արձանագրությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Բացի մի քանի լուրջ ու մեկնաբանական խորաթափանց հոդվածներից, հայաստանյան մամուլը հեղեղվեց իսկական անպետքություններով, որոնք կարող էին միայն շփոթմունք «սրսկել» մարդկանց մտքերում եւ արգելել, որ հասարակությունն ինքը հնարավորություն ունենա անկողմնակալ եւ ռացիոնալ գնահատական տալու ընթացիկ քաղաքական զարգացումներին: Ասվածին օրինակ կարող են ծառայել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի դեմ կատարված թունոտ հարձակումները: Մի քանի անանուն եւ վախկոտ անձնավորություններ համացանցում շրջանառության մեջ են դրել մի նամակ, որին այլ բնորոշում, քան արտգործնախարարի անձի ոչնչացում, չի կարելի տալ: Նա այնտեղ ներկայացված է որպես մի փարավոն, որը ճոխ կյանք է վարել Կահիրեում եւ Փարիզում: Այդ մարդիկ մոռանում են, որ Հայաստանի դեսպանը չի կարող անօթեւան շրջմոլիկի նման թափառել ֆրանսիական մայրաքաղաքում: Նշենք, որ այդ նամակում ոչ մի խոսք չկա արտգործնախարարի ստորագրած արձանագրությունների մասին, որոնց, պետք է ենթադրել, նամակագիրները դեմ են: Սեւացնելով մարդունՙ նրանք փորձում են նսեմացնել նրա արարքները, նրա գործողությունները: Այդ նամակը ստերով, չարամիտ ակնարկներով եւ անասելի չարախոսություններով լի է: Էդվարդ Նալբանդյանը կայացած դիվանագետ է, որը կարող է իր գործունեությամբ հպարտանքը լինել որեւէ ժողովրդի կամ պետության:
Գրախոսելով Սատոուի «Դիվանագիտական պրակտիկա» գրքի 6-րդ հրատարակությունը «Թայմսի» գրական հավելվածում («Թայմս լիթրըրի սափլիմենտ»), բրիտանացի դիվանագետ Ջերեմի Գրինստոկը գրում է. «Փոքր տերության ազդեցությունը կարող է շատ մեծ լինել, իսկ մեծ տերությանը շատ փոքրՙ կախված նրա դիվանագետների անձնական արդյունավետ կամ անարդյունավետ աշխատանքից»: Այս նախադասությունը ճշգրիտ կերպով բնորոշում է Նալբանդյանի դիվանագիտական սխրագործությունները, նախ որպես Հայաստանի դեսպան Կահիրեում, որտեղ նա կարողացավ Հայաստանի հեղինակությունը բարձր պահել թշնամական տրամադրվածությամբ անցկացվող իսլամական կոնֆերանսի ամբողջ ընթացքում, իսկ ապա որպես դեսպան Փարիզում, որտեղ նա բարձրագույն մակարդակի հասցրեց հայ-ֆրանսիական հարաբերությունները: Եվ զարմանալի չէ, որ Ֆրանսիայի խորհրդարանը հենց նրաՙ որպես դեսպանի, պաշտոնավարության ընթացքում ընդունեց ցեղասպանության վերաբերյալ հայտնի որոշումը:
Անձի ոչնչացման մեկ ուրիշ օրինակ ինտերնետում կարող են ծառայել Ամենայն հայոց կաթողիկոսիՙ Գարեգին Բ-ի դեմ նախաձեռնած հարձակումները: Այս մեկն, անշուշտ, ունի երկու նպատակ. նախ վարկաբեկել Նորին սուրբ օծությանը որպես անձնավորության, ով պաշտպանում է կառավարությանը, եւ երկրորդՙ թերագնահատել նրան որպես Հայաստանյայց եկեղեցու գերագույն հոգեւոր առաջնորդի:
Կաթողիկոսի հանդեպ այս անհարգալից վերաբերմունքն սկիզբ առավ հետընտրական ժամանակաշրջանի մարտիմեկյան խռովությունների ընթացքում, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց իր տանը ընդունելու Նորին սրբությանը եւ նույնիսկ դուռը փակեց նրա երեսին: Այդ ստոր արարքին հետեւեց վիրավորանքների մի ամբողջ շարք ընդդեմ կաթողիկոսի, «Հայկական ժամանակ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերում, որոնք երկուսն էլ հրատարակվում են տերպետրոսյանական ճամբարի կողմից: Այս ամենն, անշուշտ, ծափողջույններով ընդունեց Անթիլիասի կաթողիկոսությունը, որը երկար ժամանակ վիճարկում է Էջմիածնի գերակայությունը:
Պերճախոս հռետոր լինելով հանդերձՙ Տեր-Պետրոսյանն ինքն է սիրում օգտագործել վարձու մարդկանց, որպեսզի արատավորեն իր հակառակորդներին: Իր նախագահության ժամանակ նա օգտվում էր ծառայությունից Եղիա Նաճարյան անունով մի կասկածելի անձնավորության, որը կեղտ էր շպրտում Տեր-Պետրոսյանի հակառակորդների վրա: Հայաստանում արտադրված այս ամբողջ իրական կեղտը ողողում է մեր մամուլը սփյուռքում, որտեղ շատ քիչ են անկախ ու անաչառ մտածողները, իսկ մնացյալներըՙ միջակները, սնվում են հիմնականում հայաստանյան ընդդիմադիր մամուլի հրամցրած ցածրարժեք լրատվությամբ:
Հայաստանում ընդդիմությունն այլեւս Տեր-Պետրոսյանի մենաշնորհը չէ: Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը մարտահրավեր է նետել եւ պայքարում է ընդդեմ կառավարության եւ երկրի նախագահի:
Մամուլը, դժբախտաբար, միայն մակերեսային մոտեցում է ցուցաբերում արձանագրությունների քննարկմանը, մյուս կողմից, սակայն, ամբողջ թափով առաջ տանում ապատեղեկատվության եւ վիրավորանքների գործընթացը:
Երբ մենք ամենացածր մակարդակի ենք իջեցնում մեր լրագրությունըՙ սեւացնելով նախագահին եւ կաթողիկոսին, փոխանակ նրանց տեսակետներին հակառակվելու, որը ժողովրդավարական երկրներում բոլորին տրված իրավունք է, ապա մենք դրանով միայն ոչնչացնում ենք մեզ բնորոշ արժեքները, կորցնում մեր ինքնությունը: Որոշ ժամանակ անց մենք չենք կարողանալու վերականգնել հարգանքն ու սրբությունն ավելի բարձր ատյաններում եւ ավելի կարեւոր հարցերում:
Ժամանակն է վերագնահատելու մեր պատասխանատվությունը հայաստանյան մամուլից մեր ակնկալիքների հանդեպ: Մեր ժողովուրդն ավելի լավին է արժանի:
Armenian Mirror Spectator, Թարգմ. Հ. Ծ.