«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2009-12-04 | #223, 2009-12-05 | #224, 2009-12-08


ՄՐՑԱՎԱԶՔ ՎԵՐՋՆԱԳԾՈՒՄ

Առաջին անգամ մեր միակայմ առագաստանավին գիտարշավի ժամանակացույցի գծով «կոշտ» պայման է առաջադրվածՙ 6 օրում հաղթահարել մոտ 900 մղոն (1700 կմ): Նման մի բան մեզ պատահել էր Լոս Անջելեսին մոտենալիս, բայց այնտեղ հեռավորությունը գրեթե քառապատիկ մեծ էր, եւ մենք կարող էինք ծայրահեղ դեպքում նախազգուշացնել ՀՀ գլխավոր հյուպատոսին, որ նա հետաձգի դիմավորման օրն ու ժամը: Իսկ այստեղ Բուենոս Այրեսում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը արդեն մի քանի անգամ հետաձգել է հանդիպումը, եւ մենք արդեն անհարմար էինք զգում: «Կիլիկիայի» համեմատությամբ «Արմենիայի» անձնակազմի պաշտոնական հանդիպումները քիչ են, բայց «Կիլիկիան» հայրենական ծովագնացության մեջ նախասկիզբ էր:

Իսկ հիմա խոսենք 900 մղոնի մասին, մանավանդ որ խոսքը վերաբերում է «Հայկական աշխարհաշուրջ»-ի առաջին փուլի վերջնագծին: Պետք է ավելացնել եւս 100 մղոն Մոնտեվիդեոյից մինչեւ Բուենոս Այրես, որտեղ «Արմենիա»-ն խարիսխ է գցելու: Այստեղ սկսվել է ամռան առաջին ամիսը:

«Արմենիան» արդեն հաղթահարել է երեք անգամ երեք հազար մղոն, եւ առաջիկա հազար (900+100) մղոնը մեզ «մանրուք» է թվում: «Արմենիայի» գրադարանում կա եռահատոր «Օվկիանոսների ատլաս», ըստ որի համաշխարհային օվկիանոսի ամեն մի կետում կարելի է որոշել պասսատային ծովային հոսանքների եւ քամիների ուղղությունները: Կան սեզոնային ուղղություններ: Սակայն մենք համոզվեցինք, որ լինում են կանոնը հաստատող բացառություններ: «Ատլասում» Սանտոս ծովախորշից մինչեւ Մոնտեվիդեո առկա է Հարավբրազիլական հոսանքը: Քամին եւս մեծ մասամբ հարավային է: Մենք այնտեղ հայտնվեցինք, երբ քամին հանդիպական էր: Նավարկում էինք մայրցամաքի եւ Հարավբրազիլական հոսանքի միջեւ, որտեղ հանդիպական քամին առաջացնում էր ալեկոծություն, այսպես կոչված շիլափլավ:

Այդ իրավիճակում էինք արդեն երկու օր: Ալեկոծությունը նվազեցնում էր մեր արագությունը, մինչդեռ մենք պարտավոր էինք դեկտեմբերի 7-ինՙ ժամը 17-ին հասնել Մոնտեվիդեո: Բուենոս Այրեսից հաճախ զանգահարում էր ՀՀ դեսպանը եւ խնդրում էր ուշանալու դեպքում նախազգուշացնել 3-4 օր առաջ:

Քամին հաճախակի փոխում էր ուղղությունը, եւ մենք ժամանակ առ ժամանակ միացնում էինք շարժիչը, քամահրանքով վերաբերվելով հարբած օվկիանոսին եւ տարուբերվող նավին:

... Պետք է խոստովանել, որ նավի խոհարարի բացակայությունը զգացվում է ոչ միայն ստամոքսով, այլեւ հոգով: Մենք այնքան հաճախ էինք նրա հետ վիճում, որ նույնիսկ այդ պատճառով եմ կարոտում նրան: Առանց Սամվել Սարգսյանի մեր նավախոհանոցը նույնն է, թե առասպելական «Հայաստան» երգը Շուշան Պետրոսյանի փոխարեն կատարի Տիգրան Կարապետյանը (ախր նա էլ է երգում): Բայց կյանքը շարունակվում է նաեւ խոհանոցում. այնտեղ հերթով փորձում են ինչ-որ բան պատրաստել Վահագնը եւ Հայկը, երբեմն էլՙ Արիկը:

Մենք «Արմենիայի» վրա փոխել ենք հասարակական սննդի տեխնոլոգիայի փիլիսոփայությունը: Սան Պաուլուում իմ առաջարկությամբ անձնակազմում մնացած 6 անդամներս գլխավոր հյուպատոսի եւ դեսպանատան առաջին քարտուղարի գլխավորությամբ մտանք մթերային խանութ: Յուրաքանչյուրն ընտրեց իր ուզածը: Պարզվեց, որ ամենքին դուր են գալիս ձմերուկը, սեխը, բուլղարական պղպեղը, կանաչ սոխը, մածունը, յոգուրտը, տանձը, խնձորը, արաբական լավաշը (երկար է պահպանվում): Այդ ամենից վերցրինք 7 օրվա հաշվարկով, ավելացրինք 2 կգ տավարի միս, 2 հավ, նրբերշիկ, պանիր, 5 կգ կարտոֆիլ, հյութեր, մանր-մունր բաներ: Մտովի գները համեմատեցի երեւանյան գների հետ: Տարբերությունը վիթխարի է: Իմ հաշվարկների համաձայն, մեզ մոտ միրգն ու բանջարեղենը, առհասարակ սննդամթերքները կրկնակի թանկ են: Հասկանում եմ, Բրազիլիան հարուստ գյուղատնտեսական երկիր է: Բայց ինձ ապշեցրեց այն, որ իմ թվարկածների ընդհանուր գումարը անհամեմատ փոքր էր արյան մեկ, ոչ լրիվ անալիզի գումարից:

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4