Ինչպես տեղեկացանք ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից, դեկտեմբերի
5-ին ԱԱԾ-ի կողմից «Բավրա» մաքսակետով 8,4 կգ ոսկյա զարդեր առանց հայտարարագրի ներկրելու պահին ձերբակալվել է Գյումրի քաղաքի բնակիչ Արմենակ Տիգրանյանը: Վերջինս, նախնական համաձայնության գալով Երեւանի բնակիչ Զատիկ Բոյաջյանի հետ, տարբեր երթուղիներով մեկնել են Ստամբուլ, ձեռք են բերել 8,4 կգ ոսկյա զարդեր: Արմենակ Տիգրանյանը այդ զարդերը թաքցրել է «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի տակ հարմարեցված գաղտնարանում եւ առանց հայտարարագրի փորձել է մաքսանենգ ճանապարհով անցկացնել ոսկեղենը: Սակայն վերջերս «Բավրա» մաքսակետում տեղադրված նոր սարքերի շնորհիվ գաղտնարանը եւ ոսկյա զարդերը հայտնաբերվել են: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:
Մ. Մ.